Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցի մտնելը վտանգավոր է դարձել». Գնդեվազի բնակչուհի

Հունիս 24,2016 19:43

«Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին (17-րդ դար) անմխիթար վիճակում է. պատերը փլուզվում են, որմնանկարները՝ ջնջվում, շրջակայքն աղբանոցի է վերածվում»,- ահազանգում է Գնդեվազ գյուղի (Վայոց ձորի մարզ) բնակչուհի Մարիաննա Արշակյանը:

gndevaz1

«Երբ 2013 թվականի ամռանը գնացի եկեղեցի, այնքան քանդված չէր, որմնանկարները շատ վնասված չէին, իսկ այսօր դրանց մի մասն արդեն չի երևում: Քանդվել են եկեղեցու երկու պատերը, այնտեղ մտնելը վտանգավոր է դարձել. կարող է փուլ գալ: Գյուղի բնակիչներն էլ աղբավայրեր չունենալու պատճառով տարածքը վերածել են աղբանոցի»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարիաննա Արշակյանը:

gndevaz

Մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը նշեց, որ իրենք տեղյակ են խնդրից. «Եկեղեցու մոտակայքում է բնակվում մարզային ծառայության հսկիչը և եկեղեցու վիճակի մասին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում նախարարություն»:

gndevaz2

Շաքարյանի խոսքով՝ եկեղեցին Վայոց ձորի մարզի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է որպես տեղական նշանակության հուշարձան: Այդ հանգամանքը որոշակի պարտավորություններ է դնում համայնքի ղեկավարի վրա:

«Օրենքով տեղական ինքնակառավարման մարմինն աջակցում է հուշարձանի պահպանությանը: Նման դեպքերում օրենքը թույլ է տալիս նաև հուշարձանի վերականգնում: Այնպես որ, մտահոգվելու դեպքում կարող են անմիջապես նախաձեռնել դրա վերականգնման աշխատանքները, պատվիրել նախագիծ: Մենք պատրաստակամ ենք մասնագետներին հանձնարարել զբաղվել դրանով»,- ասաց Շաքարյանը:

gndevaz3

Նա նկատեց, որ Սուրբ Աստվածածնից էլ ավելի վատ վիճակում գտնվող հուշարձաններ կան. «Մեր ցուցակում վթարային վիճակում գտնվող 200-­ից ավելի հուշարձաններ են ընդգրկված: Այդ պատճառով ընտրություն է կատարվում է, թե որը առաջին հերթին վերանորոգել»,-­ նշեց Սուրեն Շաքարյանը:

gndevaz4

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մարիաննա Արշակյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930