2016 թվականի հունիսի 24-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դնում «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ, որոնք ձևավավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մեջ:
Գեղաթերթիկի և մանրաթերթի մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի և Վատիկանի բարձրաստիճան պատվիրակների ներկայությամբ:
Մեկ նամականիշով գեղաթերթիկը պատկերում է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի և Հռոմի Սբ Պետրոս տաճարի խորապատկերին, ինչպես նաև Պապի Հայաստանյան այցին նվիրված տարբերանշանը և Ֆրանցիսկոս Պապի զինանշանը:
Չորս նամականիշով մանրաթերթի խաչի տեսքով ձևաչափն ընտրված է արգենտինահայ գործարար պրն. Էդուարդո Էուրնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության կողմից և կրում է խորհրդանշական իմաստ՝ առաջին քրիստոնեական երկիր Ֆրանցիսկոս Պապի կատարվելիք այցի համար, իսկ մանրաթերթի չորս նամականիշերը պատկերում են Ֆրանցիսկոս Պապին՝ Հայաստանի կողմից Վատիկանին նվիրաբերած Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի, Երևանի «Հայաստանը առաջին քրիստոնեական պետություն» անվանումով հուշարձանի, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Մայր Տաճարի և Վատիկանի Սբ Պետրոս տաճարի գմբեթների ներսի խորապատկերներին:
Կարդացեք նաև
Գեղաթերթիկի վրա գրված է «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016», ինչպես նաև «Այց առաջին քրիստոնյա երկիր» գրությունը, որն այս այցի պաշտոնական կարգախոսն է:
Մեկ նամականիշով գեղաթերթիկի տեխնիկական տվյալներն են.
Թողարկման օրը` 24 հունիսի 2016թ.
Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 45,0 x 33,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ.
Չորս նամականիշով մանրաթերթի տեխնիկական տվյալներն են.
Թողարկման օրը` 24 հունիսի 2016թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշերի չափսերը` 30,0 x 30,0 մմ
Մանրաթերթի չափսերը` 115,0 x 115,0 մմ
Տպաքանակը՝ 50 000 x 4 հ.
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ