Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում, սարերից ջուրը հոսել, լցվել է փողոցները, տների նկուղները, գոմերը, որոշ հատվածներում քշել է գառներին: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց այս պահին Արթիկում գտնվող Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը:
«Մեծ դժվարությամբ ենք շարժվում, քայլել չի լինում: Սարերում անձրեւ է եկել մինչեւ Հառիճ գյուղի հատվածը, ձորերը լրիվ ձյուն է լցված, ձյունը միանգամից պոկվել է, ջրատարների մեջ չի տեղավորվել, դուրս է եկել, լցվել է փողոցները: Լավ է, որ Արթիկում ընդհանրապես անձրեւ չի եկել, այլապես ահավոր մի բան կլիներ»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան:
Ըստ նրա, քաղաքի ոչ բոլոր հատվածներում է ջուրը լցվել, հիմանական վերեւի հատվածի տներն են վնասվել, տնամերձներն են մեծ վնասներ կրել: «Ուսումնասիրում ենք, տեսնենք մարդկանց ինչ վնասներ են պատճառել», ասաց Կարլեն Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Ըստ մարզպետարանի պաշտոնյայի` Արթիկի ջրամբարը չի պայթել, նման տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Հառիճի ճանապարհները լրիվ քանդվել են, մեծ վնաս է կրել այս գյուղը:
Իսկ Արթիկում, Կարլեն Աբրահամյանի տեղեկացմամբ, ջուրը հիմնականում լցվել է 2-րդ դպրոցի հատվածում, մշակույթի տան ու դատարանի մոտակայքում: Ըստ Կարլեն Աբրահամյանի` կանխարգելիչ միջոցառումները սկսված են, որ ջրամբարի մակարդակը հանկարծ չբարձրանա:
Այս պահին Արթիկում աշխատում են ոստիկաններ, փրկարարներ, այնտեղ է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Տեսանյութը՝ Զոհրապ Եգանյանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ