Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչին խոչընդոտելու եւ 1 միլիոն դոլարի վերաբերյալ զրպարտության գործով արդարացվեցին

Հունիս 24,2016 17:24

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2016թ. հունվարի 26-ից ընթանում էր Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի եւ նրա բարեկամների դատավարությունը:

Հ. Ներսիսյանը Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Վարուժան Ներսիսյանի եղբայրն է:

1964թ ծնված Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Մովսես Թամազյանի կողմից բնակարանում խուզարկություն կատարելու ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել է քննիչի գործունեությանը եւ կապված նրա վարույթում գտնվող քրեական գործով նախնական քննություն վարելու հետ, նրան զրպարտել է՝ մեղադրելով ծանր հանցագործության, առանձնապես խոշոր չափի՝ 476170000 ՀՀ դրամին համարժեք 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հափշտակության մեջ:

Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով («Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը») եւ 344 հոդվածի 3-րդ մասով («Դատախազին, քննիչին կամ հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը, կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ, որոնք զուգորդվել են անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»):

Իջեւանի բնակիչ, 1981թ. ծնված Էդգար Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 332 հոդվածի 2-րդ մասով եւ 344 հոդվածի 1-ին մասով: Հրաչյա Ներսիսյանի որդուն՝ 1994թ. ծնված Հայկ Ներսիսյանին, Հրաչյա Ներսիսյանի եղբայր Վրեժ Ներսիսյանի որդիներին՝ 1986թ. ծնված Մարտին Ներսիսյանին, 1987թ.ծնված Նարեկ Ներսիսյանին եւ 1994թ. ծնված Ռաֆայել Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել քննիչ Մովսես Թամազյանի կողմից բնակարանում խուզարկության կատարելու ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը խոչընդոտելու համար: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով:

Բոլոր ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հունիսի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է վերոհիշյալ բոլոր ամբաստանյալներին նրանց առաջադրված քրեական հոդվածներում արդարացնել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930