Հունիսի 24-ին «Կոնգրես» հյուրանոցում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» եւ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպությունների նախաձեռնած «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի քրեական արդարադատության համակարգում» խորագրով հանրային քննարկման ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանն այսպիսի հարց ուղղեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Անի Ներսիսյանին. «Վերջին տարիներին ՄԻՊ գործունեության արդյունքում քանի խոշտանգման դեպք է բացահայտվել, երբ խոշտանգողները ենթարկվել են քրեական պատասխանատվության»:
«Քանի դեպք` չեմ կարող նշել: Մեր ընդհանուր հետազոտությունների արդյունքում վեր հանված դեպքերից վերջին 4-5 տարում եղել են 3-ը, որոնք դատական կարգով քննվել են, եւ մի քանի անձինք ուղղակի ազատվել են աշխատանքից, մի քանի անձ էլ դատապարտվել է մինչեւ երեք տարվա ազատազրկման»,-պատասխանեց Անի Ներսիսյանը:
Հայկ Ալումյանը նրա ասածին այսպես արձագանքեց. «Փաստորեն` ստացա պատասխանը: Ինչո՞ւմն է բանը, որ ունենք հ/կ-ներ եւ փաստաբաններ, որոնք ավելի արդյունավետ են բացահայտում խոշտանգման դեպքերը եւ հասնում անձի պատասխանատվության ենթարկվելուն, քան մի ամբողջ օմբուդսմենի ինստիտուտ: Բանը նրանումն է, թե որ սուբյեկտն է ավելի շահագրգռված բացահայտել խոշտանգումների դեպքերը: Որպեսզի խոշտանգման դեպքը բացահայտվի, պետք է լինի գոնե մեկը` զոհը: Ինձ համար շատ դժվար է իմ պաշտպանյալին բացատրել, որ պետք է հասնել նրան, որ խոշտանգողները պատժվեն»:
Կարդացեք նաև
Ալումյանը շարունակեց հարցադրումը. «ՄԻՊ գրասենյակը շահագրգռվա՞ծ է, արդյոք, բացահայտելու խոշտանգման դեպքերը: ՄԻՊ գրասենյակը որոշ դեպքերում շատ արդյունավետ է, չեմ ուզում դրա գործունեությունը գնահատել որպես բացասական: Բայց բացահայտել եւ հետեւողական լինել, պահանջել, հավաքել նյութեր, որ խոշտանգման փաստը ապացուցվի, դա թողնված է անձնակազմի բարեխղճության վրա: Կլինեն բարեխիղճ աշխատողներ, ինչպես Անի Ներսիսյանը, կստացվի, չեն լինի` չի ստացվի»:
Փաստաբանի դիտարկմամբ` միայն հ/կ-ներն են, որոնք հետեւողականորեն զբաղվում են խոշտանգումների փաստերը բացահայտելու եւ խոշտանգողներին պատժելու հարցերով, որովհետեւ դրանից է կախված նրանց վարկանիշը. «Իսկ ո՞վ է ՄԻՊ-ի վարկանիշից ելնելով` ֆինանսավորում անում: Քանի դեռ ամեն գնով ստացված խոստովանական ցուցմունքների պահանջ կա, կլինի նաեւ առաջարկ: Քանի դեռ դատարանները ինքնախոստովանական ցուցմունքները դնում են դատավճիռների հիմքում, կլինեն նաեւ խոշտանգողներ, որոնք կկորզեն այդ ցուցմունքները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ