Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խցակիցները կտրամադրվեն նրա դեմ». Սեֆիլյանը պահանջում է իրեն առանձին բանտախուց տեղափոխել

Հունիս 24,2016 15:41

Ժիրայր Սեֆիլյանը պահանջում է, որ իրեն տրամադրեն առանձին բանտախուց, հակառակ դեպքում բարդություններ եւ դժվարություններ կառաջանան: Այս մասին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» եւ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպությունների նախաձեռնած «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի քրեական արդարադատության համակարգում» խորագրով հանրային քննարկման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

tigran-hayrapetyan«Մեր խորին համոզմամբ` նրա պահանջը պետք է կատարվի: Նա քաղաքական գործիչ է, իսկ քաղաքական գործչին այլ անձանց հետ նույն խցում տեղավորելը շատ բարդություններ է առաջացնում: Քանի որ Սեֆիլյանի հանդեպ կա հատուկ վերաբերմունք եւ հատուկ խստություն, հետեւաբար, եթե նույն խստությունը լինի խցակիցների նկատմամբ, նրանք կտրամադրվեն Սեֆիլյանի դեմ: Գիտենք, որ չի թույլատրվում հեռախոսներ ունենալ, բայց նաեւ գաղտնիք չէ, որ ՔԿՀ-ներում կան դրանք: Հիմա որտեղ որ լինի Ժիրայր Սեֆիլյանը, նշանակում է` այդտեղ չեն լինի հեռախոսներ, իսկ դա նշանակում է, որ խցի անդամները տրամադրվելու են նրա դեմ, քանի որ Սեֆիլյանի գալով` հեռախոսները պետք է վերացվեն: Սա ավելորդ քաշքշուկ է եւ հոգեբանական ճնշում:

Կարծում եմ` հաշվի առնելով Սեֆիլյանի անցած ճանապարհը` առանձին խուց տրամադրելը տրամաբանական է: Դեռ տեղեկություն չունեմ` պահանջին ինչպես են արձագանքել»,-հայտնեց փաստաբանը:

Հարցին` Ժիրայր Սեֆիլյանն արդյոք առնչություն ունի՞ նախորդ տարի վնասազերծված զինված հանցախմբի հետ, Հայրապետյանը պատասխանեց. «Պարոն Սեֆիլյանն, առհասարակ, ամեն ինչ զավեշտալի եւ անհեթեթ է համարում, ուր մնաց` նման խոսակցությունները կապեն…»:

Տիգրան Հայրապետյանի խոսքով` Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքում որեւէ հստակ բան չի նշվում: «Որեւէ ճշգրիտ դեպքի մասին չի նշվել: Ճիշտ է, մեղադրանքում նշվել են քաղաքացիների անուններ, բայց թե երբ, ով, ինչպես, որտեղ` չկա:

Սեֆիլյանի հետ մեկ առերեսում է եղել: Ըստ էության, առերեսվողը ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ, բայց այդ ցուցմունքը եւս պատրանքային, լղոզված, անորոշ է: Քննիչը պարտավոր էր հարց ուղղել օրվա հետ կապված, հարցրեց, առերեսվողն ասաց, թե օրը չի հիշում: Քննիչը հուշեց` «2016թ. ո՞ր ամսին», բայց տպավորություն էր, որ ցուցմունք տվողը 2015թ.-ի մասին է ասում: Մեր կարծիքով` մեղադրանքը հիմնված է ինքնախոստովանական ցուցմունքի վրա: Անձին կասկածել եւ մեղադրանք են առաջադրել միայն մեկ այլ անձի ինքնախոստովանական ցուցմունքով, իսկ այդ անձն անգամ չի հիշում օրը, ամիսը, չի հիշում շատ բաներ, մանրամասներ ու հանգամանքներ, ուղղակի ընդհանուր բնույթի բաներ է նշում»,- ասաց Հայրապետյանը` նկատելով, որ նշյալ հանգամանքը մեծ հարցականի տեղիք է տալիս:

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ իր կարծիքով` Սեֆիլյանի հետ առերեսված անձը բավականին ուշ է պաշտպան ունեցել` այն ժամանակ, երբ արդեն ինչ-որ ցուցմունքներ է տվել:

Հիշեցնենք՝ դատարանի որոշմամբ` Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել է երկու ամսով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930