Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին ձայների 19 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունվեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հեղինակած «Եվրոպայի տարածքում ճանապարհային անվտանգությունը` որպես հանրային առողջության առաջնահերթություն» խորագրով զեկույցը:
Մինչ այս զեկույցի ներկայացումը, որի ժամանակ դահլիճը սակավամարդ էր, Վեհաժողովը քննարկում էր Անդրեա Ռիգոնիի հեղինակած «Բռնությունը միգրանտների նկատմամբ» զեկույցը, որի ժամանակ Վեհաժողովի նիստերի դահլիճը նկատելիորեն ավելի բազմամարդ էր:
Նաիրա Կարապետյանը հայտարարեց զեկույցի կարևորության մասին և կոչ արեց քայլեր ձեռնարկել, որպեսզի ճանապարհային պատահարների արդյունքում զոհերի թիվը հասցվի նվազագույնի: Փաստելով, որ ոչ ոք ապահովագրված չէ ճանապարհային պատահարներից` տիկին Կարապետյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովում զեկույցը միաձայն ընդունվել է և կարևորվել է:
Ըստ փաստաթղթում ամրագրված տվյալների` ամեն տարի շուրջ 1,25 միլիոն մարդ ճանապարհային պատահարների զոհ է դառնում, 20 կամ 50 միլիոնը ճանապարհային պատահարների պատճառով ձեռք են բերում հաշմանդամություն:
Կարդացեք նաև
Զեկույցում կոչ է արվում մեծացնել ջանքերը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանը հասնելու համար և մինչև 2020-ը կիսով չափ նվազեցնել ճանապարհային պատահարների պատճառով գրանցված մահացությունների ու վնասվածքներ ստանալու դեպքերի թիվը:
Այդ նպատակներին հասնելու համար փաստաթղթում ամրագրված է, որ ԵԽ անդամ պետությունների կառավարությունները պետք է համարժեք ֆինանսական միջոցներ հատկացնեն ճանապարհային անվտանգության ապահովման ծրագրերի համար, որպեսզի բոլորի համար հասանելի լինեն անվտանգ, մատչելի և կայուն տրանսպորտային միջոցները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ