Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բանակցում ենք եւ ունենք Կազանի փաստաթուղթ, ասեք, որ սուտ է». Ստյոպա Սաֆարյանը՝ ՀՀԿ-ին

Հունիս 24,2016 14:53

«Հատկապես վերջին տարիներին Ալիեւը փորձել է մշտապես վաճառել իր մասնակցության փաստը բանակցություններին: Նրան շատ երկար խնդրել են: Թվում էր, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ն կփոխի իր քաղաքականությունը, բայց մեզ որտեղ կանչում են, շատ արագ ներկայանում ենք»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա, «Հանդիպել, խոսել ու շարունակել քննարկել այն, ինչ քննարկվել է տարիներ առաջ՝ մեզ լավ տեղ չի տանելու, պատահական չէր Ադրբեջանի լկտի պահվածքը հանդիպումից հետո: Մենք չկարողացանք աշխարհին ասել, որ իրավիճակ է փոխվել, Ադրբեջանը բանակցելու ունակ երկիր չէ, չի հրաժարվել ռազմական ճանապարհով հարցերը լուծելու իր մտադրությունից: Կամակոր եւ անդաստիարակ երեխայի Ադրբեջանի պահվածքը հանդուրժել, գնալ Ալիեւի հետ հանդիպման, ձեռքսեղմում եւ ֆոտոսեսիաներ անել՝ լավ տեղ չի տանելու: Եթե հատուկ բավականություն ենք ստանում հին գետը երկու անգամ մտնելուց, սա ուրիշ բան»:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ Կազանյան փաստաթղթի հենքի վրա որեւէ բանակցություն պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծելու: Սա սեփական աթոռի տակ մեծ ական դնել է:

Artak_Davtyan_SafaryanՍարգսյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպմանը ինչո՞ւ որեւէ տրամաբանություն չփոխվեց ապրիլյան պատերազմից հետո, Ղարաբաղը չվերադարձվեց բանակցությունների սեղան՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը պատասխանեց. «Որպեսզի մասնակցի, կոնֆլիկտի մյուս կողմը՝ Ադրբեջանը նույնպես պետք է համաձայն լինի: Բայց Ադրբեջանն ասաց, որ դա անհեթեթություն է: Անհրաժեշտ է, որ բանակցային մյուս կողմը հայտարարի, որ Ղարաբաղը պիտի մասնակից լինի: Հայկական կողմը ասել է, որ այս ձեւաչափը ժամանակավոր է, չի կարող հանգուցալուծում լինի՝ առանց ԼՂՀ մասնակցության»:

Մեր դիտարկմանը, որ Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս թողնելիս մեզ չէին հարցնում չէ՞, հետեւաբար ինչի՞ պետք է բանակցությունների սեղանին նորից մոտեցնելը Ադրբեջանի համաձայնությամբ լինի՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Դուրս մնալը Ադրբեջանի շանտաժի հետեւանքով է եղել: Այն ժամանակ էլ շանտաժ է արել, որ Ղարաբաղը ընդհանրապես բանակցություններին…: Դա 18 տարի առաջ է տեղի ունեցել, որ եթե Ղարաբաղը լինի բանակցային կողմ, իրենք դուրս կգան»:

Արտակ Դավթյանն ասաց, որ կարող ենք նաեւ բոյկոտել, ասել, որ չենք գնա այլեւս բանակցությունների, եթե ԼՂՀ-ն չմասնակցի, բայց պետք է հասկանանք, թե ինչ է լինելու դրանից հետո, մենք պետք է այնպես անենք, որ Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:

Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ «Մենք բանակցում ենք եւ ունենք Կազանի փաստաթուղթ, ասեք, որ սուտ է: Սուտ չէ: Եթե մենք հիմա նորից ասում ենք՝ հանգիստ եղեք, առանց ԼՂՀ-ի չենք մասնակցելու, հասարակությունը տեսնում է, որ այդպես է: Հայկական կողմը շարունակում դասեր չքաղել: Մամեդովի հայտարարությունն ուղղված էր իր ներքին հանրությանը նաեւ, բայց ի վերջո պայմանավորվածություններ էր խախտվել: Սերժ Սարգսյանն ի վերջո Լավրովին շրջվեց ու ասեց՝ դա պիտի տեղի չունենար, ինչ-որ պայմանավորվածություն էր խախտվել, Ադրբեջանն է հասկացնում, որ բան է խախտվել, պլանը պիտի իրականացվի եւ չի իրականացվում: Զախարովան էլ զայրացած է Ադրբեջանի վրա, որովհետեւ ասում է՝ դուք եք անում, որ գործը առաջ չի գնում: Եթե մենք հայտարարում ենք, որ այսուհետ Ադրբեջանը գործ կունենա ԼՂՀ-ի հետ, բայց եթե մեզ Մոսկվա են կանչում ու գնում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետը՝ սա խնդիր է: Եթե Ալիեւը հանդիպումից առաջ հայտարարում է, որ թույլ չի տա հայկական երկրորդ պետությունը ստեղծել, ի՞նչ բանակցելու բան կա նման մարդու հետ: Ակնհայտորեն Ադրբեջանը փակել է բանակցությունների բոլոր խողովակները: Ու գնալ հին խաղի կանոններով մասնակցել բանակցություններին՝ սա պրոբլեմ է լինելու»:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ԼՂՀ-ի գլխին ամպերը խտացել են, ու մենք ասում ենք՝ ոչինչ, որ բանակցությունները տապալվեցին, մենք շարունակում ենք բանակցել հին մոդելների շրջանակներում. «Հայկական կողմը ավելի շատ ռեակցիա է տալիս, քան ունի քայլերի հաջորդականություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Հարգելի Ս. Սաֆարյան, Դուք ճիշտ եք! Սակայն պիտի հաշվի առնեք, որ այստեղ ի սկզբանե հիմք է դրված անվերջ ջուր ծեծելու համար: Բանն այն է, որ իրականում բոլորը քաջ հասկանում են որ հարցը մեկն է՝ ճանաչել ղարաբաղի դե ֆակտո անջատումն ադրբեջանից թե ոչ? Սակայն այս պարզ հարցը հաջողությամբ խճողվեց ու ծանրաբեռնվեց երկրորդական բնույթի զանազան տեխնիկական մանրամասներով, այդ ձեւով այն քողարկելով ու ինչ – որ անորոշ հետին պլան մղելով: Այսպիսով, մեր խնդիրը դարձավ հրաշալի խաղալիք միջազգային խաղացողների ձեռքին՝ իրենց շահերի առաջադրման ու լուծման համար: Այս ամենը տեղի ունեցավ հայ մտքի ,,առաջին գիգանտ, մեծագույն վերլուծաբան,, ԼՏՊ – ի, միջազգային հարաբերությունների մասին կատարյալ անգիտության պատճառով, նաեւ վախկոտության ու ինքնահավանության շնորհիվ: Հաջորդները ուժ ու վճռականություն չգտան խնդիրը հստակեցնելու, եւ հաղթող ու թելադրող վիճակից մենք աստիճանաբար գլորվեցինք դեպի անհույս ճահիճը: Ներկայումս սակայն Սարգսյանը մի պստիկ, սակայն ճշմարիտ քայլ է կատարել՝ կարողացել է հարցը տրամաբանության ուղի փոխադրել՝ – ,,Եղբայր, բոլորս խաղաղ կարգավորման մասին ենք գոչում, դե ուրեմն նախ եկեք այն հաստատենք ու երաշխավորենք, որից հետո մնացածը կգա …,, Կարծում եմ սա է հիմա մեր գլխավոր ,,պեդալը,, որը պիտի չթողնել եւ անընդհատ սեղմել: Բաքվի հիստերիան ցույց է տալիս դրա էֆֆեկտիվությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930