Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ոսկեդարն անիրական չէ

Հունիս 24,2016 14:05

«Երթամ ժողվեմ զիմ խեղճ գառներ»:

Հանրահայտ փաստ է, որ վերջին 20 տարում տեխնոլոգիաների զարգացումն ավելին է, քան նախընթաց 20 հազար տարում միասին վերցրած: Հայազգի առանձին անհատներ լուրջ ներդրում ունեն այդ զարգացման մեջ: Այսօր ևս աշխարհի ամենաառաջնակարգ կենտրոններում ցրված են իրենց ոչ երկրորդական նպաստը բերող հայի զավակներ: Արդարացիորեն հպարտանալ կարող ենք, որ նրանց մի ոչ փոքր մասը նախկին պոլիտեխնիկցիներ են, որոնք չեն հրաժարվում իրենց ակունքներից:

Ճիշտ այդպես, ուղիղ 1600 տարի առաջ, աշխարհի լավագույն կրթական հաստատություններում ուսում առած և իրենց ակունքներից չհրաժարված հայորդիները սկսեցին մի այնպիսի շարժում, որ դարձավ մեր հետագա պատմության մեջ այդպես էլ երբևէ չկրկնված Ոսկեդար և մեզ որպես ազգ ապրեցրեց մինչև այսօր: Հայկական նոր Ոսկեդարն ամենևին էլ անիրական չէ՝ չնայած լրջորեն խոչընդոտող արտաքին՝ երբեմն թշնամական հանգամանքներին: Պետք է պարզապես 1600-ամյա լավ մոռացված հնի տրամաբանությունը կրկին որդեգրել, ինչը 100 տարի առաջ հորդորում էր Ջիվանին՝ «Երկիրն ուսյալ զավակին է փայփայում մոր պես»:

Մեր պատանի Հանրապետությունը գուցե դեռ այն հնարավորությունները չունի, որ գլոբալացող աշխարհում կարողանա իր ծոցում պահել իր ուսյալ զավակներից շատերին, բայց և դա չի նշանակում, թե որպես Պարույր Հայկազն անդարձ կորած պետք է համարել նրանց: Նույն գլոբալացումը թույլ է տալիս արտատարածական միջավայրում ի մի բերել և դեպի Հայրենիքի պայծառացումն ուղղորդել նրանց այնքան թանկ ու փորձառու միտքը, մանավանդ որ նրանք դեռ չեն կորցրել հոգևոր կապն իրենց ակունքների հետ: Դա կարելի է անել առանց նրանց ֆիզիկական ներկայությունը պնդելու, առանց վրաները «Արի՛ տուն» բղավելու, առանց լրացուցիչ միջոցների ծախսի, առանց հայացքը պետության գրպանին հառելու:

Ինքս մի քանի երկրներում հանդիպել եմ ժամանակակից աշխարհի ամենաառաջնակարգ կենտրոններում աշխատող նախկին հայաստանցիների, որոնք պատրաստ են իրենց հնարավորություններով անշահախնդրորեն նպաստ բերել մեր երկրի՝ տարածաշրջանում ազդեցիկ ուժ դառնալուն, ժամանակակից խառնուրդային պատերազմների բոլոր ճակատներում հաղթող դուրս գալուն: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը դիմել նրանց, իսկ դիմելու համար պետք է նախ իմանալ նրանց տեղը, ճանաչել մեր երեկվա կոլեգային և ուսանողին: Չէ՞ որ ամենևին պատահական չէր ընտրվել մեր տառերով գրված առաջին միտքը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»: Այդ մասին է նաև այս հոդվածի բնաբան վերցված տողը մեր ամենասիրելի երգերից մեկից՝ «Զարթի՛ր, լաո՛»-ից: Այդպես ժամանակին հայ սերմը չկորցնելու համար Սեբաստացի Մուրադն էր քրդերի աշիրեթներից ոսկով գնում ցեղասպանությունից փրկված հայ որբուկներին: Մենք այսօր ոչ միայն նրանց սերունդներին կորցնելու իրավունք չունենք, այլև միանգամայն հնարավոր է ուժերի համատեղմամբ պատվով դիմակայել մարտահրավերները, ապահովել մի նոր Ոսկեդար: Այդ հույսով էր Վահան Տերյանն 100 տարի առաջ գրում՝ «Հայության հավաքում»: Տերյանը՝ հայերենի ամենաշքեղ գիտակը, չի օգտագործել «հայերի հավաքում» արտահայտությունը, այլ հե՛նց՝ Հայության հավաքում, այսինքն՝ հայի էության, հայի ներուժի, որ մի քանի տարի անց մեր մյուս մեծ պոետը՝ Չարենցը, համակարգեց այսպես՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Որպեսզի պատմությունը չկրկնվի և երգի նմանությամբ՝ նրանք դարձյալ չդառնան պարզապես «խեղճ գառներ»՝ օտար տաճարներին զոհաբերվող, այսօր պահն է, որ մասնագիտություն առ մասնագիտություն, ամբիոն առ ամբիոն, ֆակուլտետ առ ֆակուլտետ մեր Հայաստան տաճարի գանձանակը (արդի ընկալմամբ՝ տվյալների բանկը) սարքենք ու այնտեղ ժողովենք մեր մեծագույն գանձը՝ հայի միտքը կրողներին, և հեռու չի լինի այն օրը, երբ կդրվեն նոր Ոսկեդարի անկյունաքարերն, ու, վստահաբար, կպանծա Հայաստան:

 

Միքայել Հայրապետյան

ՀԱՊՀ «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթ, թիվ 3, 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930