Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժիշկների գործը» վճռաբեկը բեկանեց

Հունիս 24,2016 13:44

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատում քիչ առաջ ավարտվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքի քննությունը՝ կապված «Արաբկիր» բժշկական կենտրոնում բժիշկներ Լիլիթ Վարդանյանի, Զարինե Այվազյանի պատժի հետ: Բողոքաբերը պահանջել էր բեկանել դատավճիռը, որով Լիլիթ Վարդանյանի նկատմամբ դատարանը 2 տարվա, իսկ Զարինե Այվազյանի նկատմամբ 2,5 տարվա ազատազրկում պատժաչափ էր կիրառել, սակայն մանկաբույժները շարունակում են աշխատել ԲԿ-ում: Տնօրենի կողմից տրված դրական բնութագրերը, ըստ տուժողի ներկայացուցիչների՝ արժանահավատ չէին: Բողոքաբերը պահանջում էր լրացուցիչ պատիժ կիրառել ազատազրկման ձեւով՝ ավելացնելով 1-ական տարի եւ 2 տարով զրկել նրանց մասնագիտական գործունեություն իրականացնելուց:

Մանկաբույժների անփութության հետեւանքով մահացած Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանն ասաց, որ իրեն պատժի չափն է հետաքրքրում եւ որ պատիժը պետք է լինի արդարացված եւ պետք է լրացուցիչ պատիժ կիրառել:

Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ասաց, որ դեպքից անցել է 3 տարի, Զարինեն աշխատանքային գործունեության ընթացքում ամսական 4-5 անգամ հերթապահության է գնում, նրա կողմից չեն եղել բժշկական խախտումներ եւ դժգոհություններ: Նա փորձեց դատարանին ներկայացնել վերապատրաստման դասընթացներին մասնակցելու մասին բժշկուհու սերտիֆիկատները, սակայն վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն առարկեց, ասելով, որ վճռաբեկ դատարանին ապացույցներ չեն ներկայացվում:

Դատարանը իրավապաշտպանների բողոքը բավարարեց եւ մանկաբույժների գործը՝ լրացուցիչ պատժի մասով ուղարկեց նոր քննության:

Վճռաբեկ դատարանը այսօր մինչ ընդմիջում հայտարարելն արդեն 8-րդ անգամ է մտել խորհրդակցական սենյակ՝ տարբեր գործերով: Դրանց մասին կկարդաք «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներում:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930