2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիան հանրաքվեի միջոցով որոշեց այլևս դադարեցնել անդամակցությունը Եվրամիությանը։ Արդյունքների հրապարակումից մի քանի ժամ անց հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որի կառավարությունը կողմ էր, որպեսզի Բրիտանիան շարունակի անդամակցել ԵՄ-ին։ Այս մասին տեղեկացնում է The Independent-ը։
Մեծ Բրիտանիայում և Ջիբրալթարում անցկացված հանրաքվեի արդյունքներով հայտնի է դարձել, որ քվեարկությանը մասնակցողների 52%-ը կողմ է եղել, որպեսզի Բրիտանիան դադարեցնի անդամակցությունը ԵՄ-ին, այս նախաձեռնությանը հակառակ դիրքորոշում է ունեցել քվեարկողների 48%-ը։
Կարդացեք նաև
Տեղի ունեցածից հետո իր կառավարության հրաժարականն է ներկայացրել, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որն ակտիվորեն քարոզում էր, որ Մեծ Բրիտանիան շարունակի իր անդամակցությունը եվրոպական ընտանիքին։
Անդրադառնալով հանրաքվեի արդյունքներին՝ Քեմերոնն ասել է. «Բրիտանացիները քվեարկել են Եվրամիությունից դուրս գալու օգտին և նրանց որոշումը պետք է հարգվի։ Ես սիրում եմ այս երկիրը և ես պատիվ եմ ունեցել ծառայել նրան։ Հետագայում էլ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ այս հզոր երկրին հասնել հաջողության»։
Քեմերոնն ասել է նաև, որ երկրի հաջորդ վարչապետը կընտրվի «Պահպանողական» կուսակցությունից՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին։