ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ու ՄԽ համանախագահների հետ և քննարկել պետերբուրգյան հանդիպման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Շտայնմայերին են ներկայացրել 2016թ. հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները։ Շտայնմայերին է ներկայացվել նաև 3 նախագահի ձեռքբերած պայմանավորվածությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անդամների թիվը ավելացնելու մասին, որի միջոցով հակամարտության գոտում լրացուցիչ դիտորդներ կներգրավվեն։
Շտայնմայերը ողջունել է ընդունված այդ որոշումները և հրադադարի ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ առաջիկայում պատրաստվում է այցելել մեր տարածաշրջան։