«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ դարձավ «Մարտիկ» հիմնադրամի անդամ: Տիկին Բախշյանն այս հիմնադրամին, որի հիմնադիրներից են ՀՀ ներկայիս եւ նախկին նախագահները, ԼՂՀ փոխվարչապետը, 100 դոլար է փոխանցել: Սա է պահանջում հիմնադրամի կանոնադրությունը, որպեսզի անձը դառնա «Մարտիկի» անդամ:
Տիկին Բախշյանն այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ մեկ ամսից ավելի բարձրաձայնում էր հիմնադրամի մութ ու կասկածելի կողմերի մասին, իսկ Աղաբեկյանն ի պատասխան Բախշյանի հարցադրումների՝ ասել էր, թե ի՞նչ իրավունքով է Բախշյանը հետաքրքրվում հիմնադրամի՝ 12 հազարից ավելի անձանց կողմից «Մարտիկում» ներդրումների մասին, եթե ինքը ոչ մի լումա չի փոխանցել: Եվ փաստորեն Աղաբեկյանը Բախշյանին դրդեց «Մարտիկ» դառնալ:
Մինչ այս, մոտ մեկ ամիս առաջ, երբ ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած շարքային զինվոր Արման Լազգիյանի՝ Գերմանիայում բուժման համար հանրությունը գումար էր հավաքում, տիկին Բախշյանը գտավ այն աղբյուրը, որի միջոցներով հնարավոր կլինի արտերկրում բուժել ոչ միայն Լազգիյանին, այլ նաեւ վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանին եւ, եթե կարիք լինի, նաեւ մի քանի զինվորների էլ: Բախշյանը սկսեց պահանջել այս հիմնադրամից հոգալ տղաների բուժման ծախսերը, սակայն հիմնադրամից ոչ մի արձագանք չեղավ:
Հիմնադրամի հաշվին այս պահին առկա է 1 միլիոն 200 հազար դոլարից ավելի գումար:
Այս տարվա ապրիլի 19-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Աղաբեկյանն ասել էր. «Հիմնադրամի գործունեության սկզբունքը, ըստ կանոնադրության, հետեւյալն է` մայր գումարը ենթակա չէ ծախսի, քանի դեռ նման որոշում չեն կայացրել ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու պաշտպանության նախարարը միասին: Իսկ մայր գումարից ստացված տոկոսները ծախսվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Այդ տոկոսները մինչեւ վերջերս մենք օգտագործել ենք զոհված զինծառայողների անունով` մուտքագրում էինք որպես մասնակցության վճար: Վերջին մեկ-երկու ամիսներին այդ տոկոսները ծախսել ենք պաշտպանական նպատակներով»: Սրա եւ այլ կարեւոր, ու եթե եղել են նաեւ՝ նպատակային ծախսերի մասին, հիմնադրամը հաշվետվություն չի ներկայացրել:
«Առավոտի» հետ զրույցում տիկին Բախշյանն ասում է. «Հիմա, որպես մարտիկ, պահանջում եմ՝ հաշվետվություն տան, թե ո՞ւր է 1 միլիոն 200 հազարից ավելի դոլարը, ի՞նչ է արվել»:
Կարդացեք նաև
Ըստ այն հաշվետվությունների, որ տեղադրված են azdarar.am կայքում, շատ քիչ տեղեկատվություն կա հիմնադրամի ծախսերի մասին: Տիկին Բախշյանն ասում է. «Ըստ այդ հաշվետվության՝ միայն տոկոսներ են ցույց տալիս, ու հիմնադրամի ղեկավարությունն ասում է՝ մայր գումարը տեղում է: Շատ լավ, եթե տեղում է, ուրեմն այս տղաների՝ Ռուբենի համար գումար կա հավաքված, իսկ Արմանի, Ռոլանդ Սահակյանի, Ավետիս Զարգարյանի բուժման ծախսերը «Մարտիկը» թող վերցնի իր վրա, քանի որ իրենց կանոնակարգով զինվորների համար էլ նախատեսված ծախսեր պետք է ունենան: Արթուր Աղաբեկյանը 1 միլիոն դրամ իր գրպանից, ոչ հիմնադրամից, փոխանցել է Արմանի համար, 1 միլիոն էլ՝ Ռուբենի համար»:
Ի՞նչն է պատճառը, որ 1 ամիս է՝ զինվորների բուժման համար գումար են խնդրում հիմնադրամից, սակայն արձագանք չկա՝ մեր այս հարցին տիկին Բախշյանն ասում է՝ մի քանի պատճառներ կարող են լինել. «Առաջինը՝ այդ գումարը պարզապես չկա: 2-րդը՝ ՀՀ նախագահը, Վեհափառն ու Սեյրան Օհանյանը համաձայնության չեն գալիս, որովհետեւ առանց այս երեքի համաձայնության հնարավոր չէ, որ որոշում կայացվի ու գումար ծախսվի»:
2015 թվականին հիմնադրամը ծախսել է 81 միլիոն 473 հազար 116 դրամ: «Հիմա ես հարց եմ բարձրացնում՝ ինչի՞ վրա է ծախսված: 14 միլիոն դրամը 7 աշխատակցի աշխատավարձերի համար է ծախսվել, բայց իրենց կայքը խայտառակ վիճակում է, 2002 թվականից հետո կայքում ոչ մի նորություն չկա»:
Մոտ 82 միլիոն դրամից, ինչպես նշված է հիմնադրամի, կարելի է ասել, գրեթե ոչինչ չասող հաշվետվությունում, 58 միլիոն 500 հազար դրամը ծախսվել է կանոնադրական նպատակներով՝ «Կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական եւ այլ ծրագրերին աջակցություն»,- այսպես է գրված հաշվետվությունում: Բացի այս, ըստ նույն հաշվետվության, որպես ֆինանսավորման աղբյուր հանդիսացել են ազատ դրամական միջոցներից ավանդադրումից ստացված տոկոսները՝ մոտ 49 միլիոն դրամ: Գործադիր տնօրենի տարեկան աշխատավարձն էլ կազմել է 1.8 միլիոն դրամ:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, որը եւս ուսումնասիրել է «Մարտիկ» հիմնադրամի հետ կապված խնդիրները, «Առավոտի» հետ զրույցում ասում է, թե ինչպես են գումարներ հավաքվում ու ծախսվում՝ չի հրապարակվում. «Տեխնիկական տողերով նշվում է, բայց եղած հաշվետվությունն ու աուդիտի հաշվետվությունը ոչինչ չի ասում՝ որտեղից գոյացավ գումարն ու ինչպես ծախսվեց»: Այսինքն՝ ընդամենը մի խոշոր թիվ են հրապարակում, եւ մանրամասն չի նշվում, թե ասենք՝ այդ 58 միլիոնը, որը ծախսվել է ինչ-որ ծրագրերի վրա, կոնկրետ ի՞նչ ծրագրեր են, եւ ամեն մի ծրագրի համար որքա՞ն գումար է ծախսվել:
Այվազյանի դիտարկմամբ՝ հիմնադրամի հիմնադիրները պաշտոնատար անձինք են, սա կարող է ոչինչ չնշանակել, բայց ուշագրավ երեւույթ է. «Իրենց կանոնադրության մեջ մի մաս կա, որ հիմնադիրները, ներգրավվածներն այլ անձանց էլ փորձում են ներգրավել, յուրաքանչյուր ներգրավման համար հատուկ կարգավիճակ են ստանում: Եվ հիմա պարզ չէ՝ այլոց համոզում են, ստիպում են՝ իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելո՞վ, թե՞ ոչ: Ենթադրենք՝ ստիպում են պաշտպանության նախարարության աշխատակիցներին կամ զինվորականներին գումարներ ներդնել հիմնադրամում: Սա հավանական ռիսկ է»:
Եվ եթե ծախսերի ու հավաքված գումարների մանրամասն հաշվետվությունները թափանցիկ չեն, ապա, ինչպես Այվազյանն է ասում, այստեղ կոռուպցիոն ռիսկ կա:
Անահիտ Բախշյանն էլ նկատում է, որ հիմնադրամի հասցեն էլ վերջերս փոխվել է, այն հիմա Մելիք-Ադամյան 2/1 է. «Հաշվեհամարն էլ տեղափոխել են «Արդշինբանկ»»:
Ի դեպ, հիմնադրամի կայքում հիմնադրամի գտնվելու վայր է գրված՝ Երեւան, Գ. Չաուշի 60, կայքի մի հատվածում էլ հասցեն գրված է՝ Մելիք-Ադամյան 2/1, իսկ անցյալ տարվա հաշվետվության մեջ որպես հիմնադրամի հասցե գրված է՝ Երեւան, Բագրեւանդի 5:
«Չգիտեմ՝ էլ ի՞նչ պատճառ կարող է լինել, որ հիմնադրամի ղեկավարությունը չի արձագանքում զինվորների բուժմանն աջակցելու մեր հորդորին, բայց իմ համբերության բաժակն արդեն լցվել է: Ես ուղղակի դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Հաղորդում եմ հանցագործության մասին, դիմում եմ՝ գնացեք, տեսեք՝ ի՞նչ է կատարվում «Մարտիկ» հիմնադրամի քսակում, եթե կա այն: Թող բացահայտեն, հասկանանք՝ ո՞ւր է այդ գումարը, պարտավոր են, կրկնում եմ, «Մարտիկ» հիմնադրամը պարտավոր է զինվորների առողջության համար գումար ծախսել»,- ասում է Անահիտ Բախշյանը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
24.06.2016