Լրահոս
Օրվա լրահոսը

Չեղած բաները չքննարկենք

Հունիս 24,2016 10:00

Ադրբեջանցի «քարոզչական պաշտոնյա» Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են 5 շրջան Ադրբեջանին հանձնելու մասին: Մեր ֆեյսբուքյան ընդդիմադիրները հավատացին Նովրուզին եւ շատ ուրախացան՝ լիքը գրառումների դաշտ է բացվում: (Հատուկ եմ շեշտում «ֆեյսբուքյան» բառը, որովհետեւ քաղաքական ուժերից ոչ մեկը, որքան գիտեմ, Նովրուզի տեղեկության հիման վրա հայտարարություն չի արել): Հայաստանի արտգործնախարարը հերքեց այդ տեղեկատվությունը՝ ասելով, որ նման ոչ մի ծրագիր չի համաձայնեցվել: Ֆեյսբուքահայերը մի քիչ տխրեցին, բայց ելքը գտան՝ Նալբանդյանը չի հերքում՝ նման ծրագիր կա:Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը բավականին խիստ հայտարարություն արեց Նովրուզի մեկնաբանությունների առթիվ՝ նշելով, որ դրանք անբարեխիղճ են եւ խեղաթյուրված ձեւով են ներկայացնում իրական վիճակը: Ֆեյսբուքցիները էլի տխրեցին, բայց չհանձնվեցին ու ասացին՝ «մենք հո գիտենք, որ Նովրուզը ճիշտ է»:
Իսկ հիմա պատկերացրեք, որ այսօր Հայաստանի իշխանության որեւէ պատասխանատու, որոշում ընդունող ներկայացուցիչ (ոչ պատգամավոր) խելահեղ հայտարարություն է անում՝ «այո, մենք համաձայնել ենք Ադրբեջանին հանձնել ԼՂՀ հինգ շրջանները»:Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, թե ինչ է դրան հետեւելու: Այո, դրան հետեւելու է իշխանափոխություն: Բոլորս դուրս կգանք փողոց, որովհետեւ պետք չէ քաղաքականության եւ ռազմական գործի մեծ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ այդ «հանձնելը» կնշանակի ադրբեջանական «Սմերչները», «Սոլնցեպյոկները», «Տ-90»-ներն ու մնացած ամբողջ սպառազինությունը մոտեցնել մեր բնակավայրերին: Եվ երբ նրանք սկսեն կրակել, եւ մենք ասենք՝ «գիտե՞ք ինչ, նեոմադրիդյան կամ նեոկազանյան սկզբունքների համաձայն՝ դուք իրավունք չունեք կրակելու», մեզ դժվար թե լսեն: Ավելին՝ թեեւ այդ խելահեղ ծրագիրը կյանքի չի կոչվի, նման հայտարարություն հնչեցնելն անգամ շատ կոգեւորի Ադրբեջանին՝ Արցախի վրա նոր հարձակում սկսելու համար: Դա կլինի ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր: Հետեւաբար, այս պահին եւ պատմական մոտ ապագայում Հայաստանի ոչ մի իշխանություն նման քայլի չի գնա:

Առաջարկում եմ մեր հակառակորդի պաշտոնական ներկայացուցչի տեղեկատվության վրա հիմնվելով՝ չեղած բանի քննարկում չծավալել: (Առաջարկս, բնականաբար, ուղղված է բարեխիղճ մոլորության մեջ գտնվողներին, ոչ թե քարոզիչներին): Կան շատ ավելի կարեւոր թեմաներ, քան «կազան-մադրիդները» քննարկելը՝ դա արդեն անցած փուլ է: Իսկ ամենակարեւոր խնդիրը Ադրբեջանի հաջորդ հարձակմանը պատրաստվելն է՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմական առումով:

Ինձ թվում է՝ դա այսօր միակ կարեւոր խնդիրն է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Նորիկ says:

    Հակառակորդի պաշտոնական ներկայացուցչի տեղեկատվության վրա չհիմնվենք։Համաձայն եմ։Մյուս կողմից,այլևս չեմ հավատում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչների տրված տեղեկատվությանը,որի համար հիմքեր ստեղծեց ապրիլյան պատերազմի ընթացքում տրված տեղեկատվությունը։Չնայած, մինչև դա էլ մի բան չէր։, Իշխանության ուշքն ու միտքը, 2017թ-ի ընտրություններում իշխանություն չկորցնելն ա,ամեն գնով իշխանություն պահելն ա,այլ ոչ թե քաղաքական, տնտեսական եւ ռազմական առումով, պատերազմին պատրաստվելը։Նույն մտածելակերպով տառապում են նաև իրենց ընդիմադիր համարող կուսակցությունները։Լավ, ի՞նչ անի շարքային քաղաքացին։Հարց եմ տալիս ,բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ իշխանափոխություն անելու բավականին հիմնավոր պատճառներ կան և բոլորովին էլ պետք չի սպասել տարածքներ հանձնելուն։

    • Հրանտ Պապիկյան says:

      Իսկ ի՞նչն է թաքուն պահվել քառօրյա պատերազմի մասին, Նորիկ ջան, որը հիմք է ստեղծել այնպիսի գլոբալ անվստահության համար, որ տարբեր qaqin.az-ներում եք ՛՛ճշմարտությունը՛՛ փնտրում և արդյո՞ք միամտորեն կարծում եք, որ այդ հողերը տվողը կամ չտվողը իշխանությունն է, այլ ոչ թե հենց ձեր ասած շարքային քաղաքացին, ու զինվորը: Արդյո՞ք որևէ իշխանավոր կարող է երազում պատկերացնել, որ ինքը կարող է ասել՝ թշնամուն հող պիտի տանք, ու մենք էլ խելոք տալու ենք, ինքն էլ շարունակի պատրաստվել ընտրություններին, որ իշխանությունը չկորցնի… այսինքն՝ երկիրը կորցնի, բայց իշխանությունը ո՞չ…

      • Հ.Շ. says:

        Հրանտ ջան,

        իս աւելորդ-պակաս Պետութիւնը քննադատող մարդ չեմ

        սակայն յատկապէս Արցախի Հիմնախնդրով,
        իրոք մի քիչ շատ են անթաբանցութիւնը, խորհրդապահութիւնը, առեղծվածային յայտարարութիւնները…

        հետեւաբար՝ կը մնայ վստահիլ, կամ ոչ

        ես վստահում եմ

        իսկ անհնար է որ ամէն մարդ վստահի…

        իսկ վստահողն անգամ՝ ափսոսում է որ աւելի շատ տեղեկութիւն չունենք

        մի քիչ աւելի, ախր..

        • Հրանտ Պապիկյան says:

          Պատերազմի ժամանակ հնարավոր չէ ամենում թափանցիկություն պահել, ինչ է թե որոշ մարդիկ խիստ հետաքրքրասեր են և ուզում են իմանալ այն ամենը, ինչը թեկուզ և ռազմական գաղտնիք է… մեկ է իրենք ուզում են ու վերջ…
          Ուղղակի ամեն մարդ պետք է իր համար որոշի՝ հայրենիք է սա իր համար, թե ոչ, և ինչ է պատրաստ ինքը անել իր հայրենիքի համար, ով է ինքը իր հայրենիքի համար, փնթփնթան մի պահանջատե՞ր, թե՞ այս հողի զավակը, ծառան և նաև տերը՝ միաժամանակ: Երբ հստակ որոշել ես թե ով ես դու, վստահել չվստահելու թեման այլևս չի արծարծվում:
          Ես իմ համար շատ վաղուց որոշել եմ: Քանի դեռ կռիվ կա, վտանգ կա իմ հայրենիքին ես ԶԻՆՎՈՐՆ եմ…
          կարո՞ղ է հաղթել արդյոք իր հայրենիքին կամ հրամանատարին չվստահող զինվորը

          • Հ.Շ. says:

            քո խօսքերում կա անշուշտ իմաստութիւն, իմացականություն

            սակայն ես տակաւին երազում եմ որ քո այդ էական ընբռնողութիւնը չունեցողներից գոնէ ոմանք տակաւին կարող ենք փրկել

            փրկել, իրենք իրենցէ, առաջին հերթին

            (բացարձակ թափանցիկություն ի հարկէ անհնար է
            սակայն Հայությունը մի քիչ աւելի տեղեկության արժանի է հաւանաբար, իր ղեկավարների կողմէ)

      • Նորիկ says:

        Հարգելի Հրանտ, էտ ի՞նչից եզրակացրեցիք որ ես, տարբեր qaqin.az-ներում ՛՛ճշմարտություն՛՛ եմ փնտրում։Ոնց որ թե․․․ ես լրիվ հակառակ կարծիքն եմ հայտնել իմ մեկնաբանության մեջ։Հիմա արդեն, թաքուն բան չկա, ամեն ինչ պարզ ա։Իսկ առաջին օրերի, սկսած ՊՆ-ի, վերջացրած Նախախարի մամուլի քարտուղարի իրարամերժ հայտարարությունները անվստահության հիմք ստեղծեց ինձ և նաև շատ շատերի մոտ։Դրա վերբերյալ օրինակներ չբերեմ։ Դուք էլ կարող եք գտնել, եթե ցանկություն ունենաք։Ինչ վերաբերվում ա հող տալուն, չտալուն։Չեմ վիճի։Ժամանակը ցույց կտա, թե իշխանությունը ինչ քայլերի կգնա և ինչպես կմեկնաբանվի Ձեր և իմ կողմից այդ քայլերը։Եվ եթե , հասարակությանը դուր չգա իշխանության քայլերը,հասարակությունը ի՞նչքանով պատրաստ կլինի “խելոք” չլինելուն։Ինչ վերաբերվում ա Երկիր կորցնելուն։Կարծում եմ, Երկիրը դա միայն տարածք չի։Երկիրը, դա էդ տարածքում ապրող ժողովուրդն ա։Սա, իհարկե ,արդեն մի ուրիշ թեմ ա ա։

  2. Հրանտ Պապիկյան says:

    Բայց ՛՛տխրած ֆեյսբուքցիները՛՛ լավն էր, ԲՐԱՎՈ
    մի տասնհինգ տարի կլինի, նույն վշտացած մասսան ստույգ տվյալներ ուներ, որ Քոչարյանը Մեղրին ա ծախել: Նույնիսկ մարդիկ կային, որ գիտեին թե քանիսով: Մի քանի օր առաջ էլ մեկը քմծիծաղով ինձ ասում էր՝ արա ու՞մ համար ես գնում կռվես, էդ հողերի համար փողերը արդեն սրանք վեկալել են ապե… հարիֆ չըլնես)))))

  3. Մհեր says:

    Իբր թե Արցախի համար ավելի մտահոգ են քան Արցախում ապրողները:

    • Հ.Շ. says:

      եւ ինչո՞ւ չես կարող հաւատալ թէ այդպիսի հայեր կան, Մհեր ջան…

      Արցախ չեն ապրում,
      սակայն գոնէ այդտեղ ապրողների չափ մտահոգ են Արցախով

      ոչ աւելի, սակայն նոյնքան

      թերեւս նոյնիսկ մի քիչ աւելի,
      քանզի հեռվից յաճախ աւելի մտահոգիչ կ’երեւան որոշ բաներ,
      մինչ իրենք, տեղւոյն վրայ, աւելի հանդարտ են…

      սա պարզ իրականութիւն է

      • Հ.Շ. says:

        (անշուշտ խօսքս ֆեյսբուքյան այդ ուրուականների – եւ նաեւ անոնց նման՝ հարթակներից տեւապէս աշխարհի վերջը յայտնող մոլորեալների – մասին չէ, որոնք ուղղակի հրճվում են, հիւանդագին հաճոյք են զգում, ամէն անգամ որ հայութեան մասին որեւէ վատ բան լսեն, կարեւոր չէ որ լինի իրական կամ ոչ… )

      • Մհեր says:

        Մտահոգ մարդիկ շատ կան և նրանցից շատերը իրենց կյանքը զոհեցին հանուն Արցախի( ոչ վիրտուալ):

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930