Բայց նա կարող է նաեւ նրան դրդել նոր ագրեսիայի
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ: Նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատեցին Վիեննայում մայիսի 16-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը եւ կարգավորման գործընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: «Նախագահները համաձայնել են ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը գոհունակություն են հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Նախագահները կարեւորել են կանոնավոր շփումների նշանակությունը եւ պայմանավորվել են շարունակել այդ ձեւաչափով հանդիպումները՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»,- ասվում էր հայտարարության մեջ:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, այսպիսով, Ս. Սարգսյանն ու Ի. Ալիեւը երկրորդ անգամ հանդիպեցին: Բայց դա եռակողմ առաջին հանդիպումն էր ապրիլյան պատերազմից հետո: Ընդ որում, ուշագրավ էր, որ մինչ եռակողմ հանդիպումը հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը: Սա, կարծես, ընդգծվեց, որպեսզի արձանագրվի, որ սանկտպետերբուրգյան եռակողմն ընդամենը ռուսական կողմի ռաունդն է եւ ոչ ավելին, դրանից նշանակալի արդյունքներ չարժե սպասել:
Ո՞րն էր Պուտինի նպատակը` հարցի պատասխանը պարզ է. եռակողմ հանդիպում կազմակերպելով՝ կրկին ցույց տալ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգներին ու Ֆրանսիային, որ Ռուսաստանն է Երեւանի ու Բաքվի վրա ազդեցություն ունեցող պետությունը:
Կարդացեք նաև
Սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպման ի՞նչ արդյունքների մասին կարելի է խոսել: Դատելով երեք նախագահների տարածված համատեղ հայտարարությունից` նոր ու ուշագրավ ոչինչ չկա. հանդիպում` հանդիպման համար, հայտարարություն` հայտարարության համար: Այն, որ երեք նախագահները համաձայնել են ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը եւ մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, իհարկե, դրական արձանագրում է, թեեւ չի նշվում, թե կոնկրետ որ հարցերում են նրանք փոխըմբռնման հասել:
Մինչդեռ ապրիլյան քառօրյա պատերազմը կոնկրետ ու անհապաղ քայլերի իրականացման անհրաժեշտություն էր ենթադրում, դրանց մասին Վիեննայի հանդիպմանն արդեն իսկ արձանագրվել էր:
Այլ բան են սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպման պաշտոնական արձանագրումները, այլ հարց է, թե ինչ կա Պուտինի ու Ալիեւի մտքում: Ալիեւը Պուտինի հետ հանդիպմանը` նշելով, որ ստատուս քվոն անընդունելի է, հավելել է, թե այն փոխելու համար «հարկավոր է Ադրբեջանի տարածքների ապաօկուպացում, որը ձգվում է ավելի քան 20 տարի». «Հուսով ենք, որ կհաջողվի կառուցողական դինամիկա հաղորդել բանակցային գործընթացին, որը վերջին երկու տարում գործնականում չի իրականացվել»:
Իսկ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպմանն ասել է. «Մենք էլ ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ գնացած լինել այն պայմանավորվածությունների գործարկման հարցում, որոնց մենք հասել ենք, այսինքն՝ ստեղծեինք հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննման մեխանիզմ: Եվ դա կստեղծի աշխատանքային տրամադրություն՝ բանակցություններ վարելու համար»:
Հրադադարի պահպանումը, բանակցությունների շարունակականությունն ապահովելն, անշուշտ, որոշակի երաշխիք են, որ շփման գծում եւ սահմանին ժամանակ առ ժամանակ լարվածությունը դուրս չի գա վերահսկողությունից: Վստահաբար, Պուտինը ցանկանում է հսկողի իր դերը չզիջել Արեւմուտքին, թեեւ նա համաձայնում է Վիեննայի պայմանավորվածությունների շրջանակի հետ, որովհետեւ այլ ելք չունի:
Բայց, այնուամենայնիվ, Մոսկվան հետեւողականորեն խուսափում է սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ներդրման մասին հիշատակել, որը ամենակարեւոր ու առաջնային առաջարկներից է, եւ որը Բաքվին որոշակիորեն կզրկի արկածախնդիր պահվածք դրսեւորելուց` սահմանին խախտումների պատասխանատվությունը սահմանելու առումով: Այստեղ է ամենամեծ վտանգը: Մոսկվան չի ցանկացել այդ մասին հիշատակել, իսկ դա նշանակում է քարտ-բլանշ տալ Ադրբեջանին` ապագայում պատերազմական գործողությունների վերսկսման համար:
Ի՞նչը կարող է Ալիեւին հետ պահել նման արկածախնդրությունից, եթե նա «մարսեց» ապրիլյան քառօրյա ագրեսիան: Վիեննայում միջնորդներին հաջողվեց Ալիեւին նեղը գցել` նրանից կոնկրետ գործողություններ ակնկալելով, բայց հիմա Պուտինը` եռակողմ բանակցությունների ավանդույթով, թերեւս, կրկին կնպաստի անպտուղ հանդիպումների անցկացմանն ու ստանդարտ հայտարարությունների տարածմանը:
Ալիեւին կարող է «սանձել» Պուտինը, բայց նա կարող է նաեւ նրան դրդել նոր ագրեսիայի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ծրագրեր ունի Պուտինը մեր տարածաշրջանում: Այսօր Պուտինն արձանագրում է, որ Միացյալ Նահանգները «միակ գերտերությունն է», նա կոչ է անում վերականգնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, պաշտոնական Անկարան ու Մոսկվան անընդհատ հիշեցնում են, թե որքան ջերմ ու արժեքավոր էին իրենց հարաբերությունները, այսինքն՝ մենք գործ ունենք միջնորդ պետության մի առաջնորդի հետ, որը, չնայած տարբեր խնդիրներում դրսեւորած իր կոշտ կեցվածքին, այնուամենայնիվ, ստիպված է լինում հաշվի նստել նաեւ այլ գործոնների հետ, որպեսզի պահպանի միջազգային հարթակում իր` «հիմնական խաղացողի» դերը:
Ղարաբաղյան խնդիրը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իրականում ավելի թափանցիկ ու ակնհայտ է դարձնելու մեր տարածաշրջանում շահերի բախումը, եւ չի բացառվում, որ շահերի այդ բախումը դրսեւորվի նաեւ Միացյալ Նահանգներ-Ռուսաստան փոխհարաբերություններում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
23.06.2016
արդէն սանձեց, ջանս…
եւ այդ ել ոնց…
բոլոր պատկերներին վրայ,
միւսի դէմքից ուղղակի մաղձ է հոսում, թոյն է հոսում,
մինչ մեր Նախագահը իր խոր ժպիտը հազիւ կարողանում է թաքցնել…