Թեյախոսություն Ստեփան Զատիկյանի ծննդյան 70-ամյակի առթիվ
ՄԻ քանի տարի հետո Ազգային միացյալ կուսակցության երդվյալ անդամներն ու համակիրներն այլեւս մեր կողքին չեն լինի: Կուսակցություն, որն անլեգալ գործել է խորհրդային տարիներին, որի նվիրյալները տարաժամկետ պատիժներ են կրել խորհրդային գուլագներում, եւ որի 50-ամյակն այս տարի անցնում է անսովոր լռությամբ: Մինչդեռ, Մերձբալթյան երկրներում, Ուկրաինայում պատկերն այլ է. սեփական երկրի անկախության համար խորհրդային քաղճամբարներում իրենց կյանքն ու երիտասարդությունը տված անձինք ոչ միայն մեծարվում են, քայլող լեգենդներ են, այլ՝ անկախ պետությունների Ազգային հերոսներ:
ԱՄԿ անդամ, քաղբանտարկյալ Անդրանիկ Մարգարյանը վարչապետության տարիներին երազում էր, որպեսզի Անկախության համար զոհված ընկերներն իրենց հուշակոթողն ունենան: Անգամ Գառնիում նախատեսվել էր տեղը, կար ճարտարապետը: Իսկ Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի օրոք մեծ շուքով նշվեց Ստեփան Զատիկյանի ծննդյան օրը:
Վազգեն Սարգսյանին, երբ Հայաստանի հանրապետական կուսակցության պատվավոր նախագահ էին ընտրում, այդ օրը հունվարի 19-ն էր՝ Ստեփանի գնդակահարության օրը: Եվ 1000-ից ավելի հանրապետականներ Վ. Սարգսյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են Ստեփանի հիշատակը:
ԱՄԿ հիմնադիրներից Ստեփան Զատիկյանի ծննդյան 70-ամյակի օրը՝ հունիսի 20-ին, նրա մտերիմ ընկերներից՝ Ռազմիկ Մարկոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Մանուկ Թոփուզյանը յուրահատուկ թեյախոսության ծես կազմակերպեցին: Ամերիկայի Միացյալ Նահանգներից երբեմն-երբեմն հեռախոսով Ստեփանածեսի մասնակիցներին էր միանում ԱՄԿ-ական Կարո Ջղալյանը:
Մեր թեյախմությունը սկսվեց չեֆիրի պատրաստման մասին Ռազմիկի պատմությամբ: «Էստոնացի այլախոհ Մարտ Նիկլուսն ասում էր՝ չեֆիրի առաջին եփը կլասիկա է, 2-րդ եփը ռենեսանս, 3-րդը՝ ռոմանտիկա, իսկ 4-րդը՝ սոցռեալիզմն է»,-հիշեց Ռ Մարկոսյանը, որը նկարագրեց, թե ինչպես էր ռեժիմը սկզբում սուրճից կախվածության մեջ պահում, ապա՝ թեյից: «Ռեժիմը որպեսզի ցավ պատճառի, սուրճն արգելում էր: Դու մինչ ընտելանում էիր արդեն թեյին, հետո զրկում էին թեյից…ճամբարներում թեյը զավառկա էին անում, ամենադաժան տեղերում այդ կումը դառնում էր մեկ ու բաժակը պտտվում էր ձեռքից ձեռք»,- շարունակում է նա:
Անահիտ Կիրակոսյանը հիշեց, որ երբ Ստեփանն առաջին անգամ վերադարձել է իր պատժի կրումից, 1972 թվականն էր: Աշոտ Նավասարդյանենց տանը հավաքվածները կում-կում խմել են թեյը՝ «կլասիկան»:
Կարդացեք նաև
Անահիտը հիշում է անգամ, թե ինչպես է իր մոր հետ 1968թ.-ին մասնակցել Ստեփանի դատավարությանը: Երբ նրան «Վառոնկայով» բերեցին, պատմում է նա, Ստեփանը դուրս գալով մեքենայից, ասաց. «Ազատություն սիրողին այս աշխարհը խիստ նեղ է»:
Մանուկ Թոփուզյանը 1968 թվականին է առաջին անգամ հանդիպել Ստեփանին: Նա ասում է. «Մարդը հանիրավի մոռացության է մատնվել: Ցավալի բան է: Նա եզակի է մեր այդ շրջանի պատմության մեջ, նա այդ շրջանի ոգին էր: Կամքի ու ինտելեկտի միահյուսում էր: Մարդ կա, որ ինտելեկտ ունի, կամք չունի, իսկ Ստեփանն այս երկուսի միահյուսումն էր: Ստեփանին պետք չէ այս ամենը: Անկախության գաղափարին է պետք: Խնդիրն անձերի հետ կապ չունի: Սա ավելի շատ գաղափարի անարգում է: Մարդիկ, ովքեր իրենց կյանքն են տվել, գնդակահարվել են: Հայաստանի անկախության գաղափարի համար է գնդակահարվել Ստեփանը: Հակոբը՝ Ստեփանյան: Հայաստանում քանի՞ մարդ է գնդակահարվել գաղափարի համար: Հարյուրը չեն, տասն էլ չեն»:
Ռազմիկ Մարկոսյանը հիշում է Ստեփանի ճամբարային նամակներից, ասում, որ դրանք բանտային գրականության առաջին արտագրված օրինակներն էին:
«1974 թվականի հունիսի 17-ն էր: Ես մանկավարժական ինստիտուտում քննության էի: ՊԱԿ-ի աշխատակիցները եկան ինստիտուտ, ինձ գտան ու ասացին, որ պետք է գնանք ՊԱԿ: Բացատրեցի, որ քննություն եմ հանձնում: «Ոչինչ, ասացին, փոքր գործ է, գնանք, հետո կգաս, քննությունդ կհանձնես»: Երբ նստեցի նրանց մեքենան, ծանոթ իրեր տեսա: Հասկացա՝ մեր տուն են գնացել ու խուզարկություն անցկացրել: ՊԱԿ-ում մի քանի ժամ ինձ հետ զրուցեցին, համոզում էին, որ գրավոր մեղայականով ներկայանամ: Դրա դիմաց խոստացան չդատել: Հրաժարվեցի: Ինձ մի օր մտածելու հնարավորություն տվեցին: Հաջորդ օրը ներկայացա «դատարկաձեռն»: Դարձյալ շատ երկար զրուցեցին, ասացին, որ մեղայականն ինձ համար շատ լավ հնարավորություն է ձերբակալությունից ու բանտարկությունից զերծ մնալու համար: Դա հունիսի 18-ն էր: Ինձ տուն թողեցին՝ հաջորդ օրը մեղայականով ներկայանալու համար: Այդ երեկոն չեմ մոռանա: Գիտեի վերջին ազատ երեկոս էր, գնացի Անահիտենց տուն: Կարինե Նավասարդյանն էր ու Արշակյան Անժիկը: Ասացի՝ վաղը չեմ վերադառնալու, եկել եմ հրաժեշտ տալու:
Լարված վիճակը մեղմելու համար, առաջարկեցի երգել: «Երբ ալեկոխ ծովի վրա իմ մակույկը», «Մենք անկեղծ զինվոր ենք»: Նրանց հայացքներն աչքիս առաջ են: Երգերը թեեւ ոգեղեն ու տրամադրող էին, բայց իմ չվերադառնալու միտքը տխուր նոտա էր հաղորդել դրանց»,- հիշում է Ռազմիկը:
Ստեփանի ընկերները մինչ օրս համոզված են, որ 1977 թվականի «Մոսկվայի մետրոյի պայթյունի գործով» Ստեփանն ու նրա ընկերները՝ Զավեն Բաղդասարյանն ու Հակոբ Ստեփանյանը կապ չունեն:
Մանուկ Թոփուզյանի գնահատմամբ, Ստեփանի անունը նույնացվում է հակառուսական տրամադրությունների հետ: Մինչդեռ, Ստեփանը բարձրաձայնում էր ազգային խնդիրների մասին: Անահիտն ասում է. «Նա մի մրջյուն անգամ չէր կարող տրորել, ուր մնաց՝ թե ահաբեկեր»:
Հիշվեց, թե ինչպես են ձերբակալել Ստեփանին. ձեռքերը ոլորելով, Երեւանում, իսկ ձեռքերին երեխայի համար գնած կաթն էր:
Նա երազել էր, որ իր որդու անունը լինի վրեժ, «Վրեժ եմ դնելու անունը, մաքրազերծող վրեժ»:
Ռազմիկն ասում է, որ մինչ օրս մեր ազգային ողբերգությունների, կյանքի որակի պատճառը ռուս-թուրքական հայակործան պայմանագիրն է, մասնավորապես՝ 8-րդ հոդվածը, որը պարտավորեցրել է կողմերին արգելել որոշակի բաներ. «Հայաստանը գլուխը կախ պիտի տոնի այս պայմանագրի 100-ամյակը: Եթե հիշում եք, երբ Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց, նա հանդիպել էր Գորբաչովի հետ, որի ժամանակ ժողովրդավարության ալիքի վրա բարձրացածն ասել էր՝ դաշնակցությունը երբեք իշխանության չի գա: Դա նույնպես բխում է պայմանագրի 8-րդ հոդվածից: Նժդեհի արձան կդրվի, Անկախության մարտիկների, որոշողն իրենք են»:
1988թ.-ից մինչ օրս, ըստ Ռազմիկի, հարթակների վրա այդպես էլ չի տեսել Ստեփանի ազնվական կերպարին մոտ մեկին: Նա մնաց բարձրում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.1997 թվականին «Լրագիր» թերթում տպագրվեց իմ հետաքննական հրապարակումները «Ուղիղ 20 տարի առաջ» խորագրով: Այն Մոսկվայի մետրոյի պայթյունների գործով 1979թ. հունվարի 16-20 -ի փակ դատավարությունից հետո գնդակահարված երեք հայորդիների մասին էր, Մոսկվայի հելսինկյաններից Մալվա Լանդայի ահազանգերի՝ թե տղաները մահապատժի են ենթարկվել կեղծված մեղադրանքներով:
«Առավոտ»
23.06.2016