Արմեն-Լեւոն Մանասերյանի նպատակն է կամրջել
հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական երաժշտարվեստը
«Առավոտը» զրույցի էր հրավիրել բելգիաբնակ երիտասարդ դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանին: Վերջին շրջանում այս արվեստագետի անունը հոլովվում է երկու առումով՝ նա Բրյուսելում հիմնել է «Վիտրաժ» միջազգային փառատոնը, որի շրջանակներում ընդգրկելով բացի երաժշտարվեստից, մշակույթի այլ ոլորտներ, այդ թվում՝ կերպարվեստ, թատրոն, երկրորդ՝ ասում են, գարնանը Բրյուսելում կայացած հեղինակավոր EPTA միջազգային մրցույթում դարձել է դափնեկիր՝ մրցակցության արդյունքում դուրս թողնելով ադրբեջանցի դաշնակահարին: Հավաստիացնում են, թե մրցույթի բուկլետում ադրբեջանցու անվան դիմաց սխալմամբ գրված է եղել Հայաստան, ինչը ուղղվել է Արմեն-Լեւոնի հորդորով: Մեզ հետ զրույցում դաշնակահարը հաստատեց դա:
Իսկ թե ինչու արվեստագետը հայտնվեց Բելգիայում, եւ մի բան էլ հաջողվեց օտար երկրում հիմնել միջազգային մրցույթ, Արմեն-Լեւոնը նախ նշեց, թե իբրեւ դաշնակահար 5 տարեկանում առաջին ուսուցիչն է եղել մայրը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Մարի Մինասյանը, դասախոսների հարցում բախտը բերել է. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում ուսանել է դոցենտ Շուշանիկ Բաբայանի դասարանում, իսկ կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի: «Դասախոսներս ռուսական դաշնամուրային դպրոցի հետնորդներ են: Ինչպես ասում են՝ նրանցից վերցրել եմ ամեն բան, բայց նպատակ եմ ունեցել ուսումնասիրել նաեւ այլ դպրոցների կատարողական արվեստը:
Դա միակ պատճառն էր, որ մեկնեցի Բելգիա եւ հիմա սովորում եմ Բելգիայի Լիեժի թագավորական կոնսերվատորիայում, անվանի մանկավարժ Էթիեն Ղափի ղեկավարությամբ»,- հայտնեց դաշնակահարը: Ինչ վերաբերում է օտար երկրում միջազգային փառատոն հիմնելուն, Արմեն-Լեւոնը նշեց, որ ընդհանրապես Եվրոպայում գնահատվում են այն երաժիշտները, որոնք անցել են ռուսական դպրոց: «Արվեստագետի համար ընդհանրապես էական չէ, թե որ երկրում է ապրում ու ստեղծագործում: Նրան անհրաժեշտ են նոր բեմեր, ծանոթություններ նոր նվագախմբերի ու դիրիժորների հետ… Փառք Աստծո, Երեւանի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին մասնակցել եմ հանրապետական եւ միջազգային մի շարք փառատոների: Իսկ Բելգիայում հիմնածս փառատոնի առիթով իսկապես հպարտ եմ, որովհետեւ նպատակս է կամրջել հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական երաժշտարվեստը:
Փառատոնի բացումը ընթացիկ տարվա հունվարին կայացավ իմ մենահամերգով: Երկրորդ փառատոնը որոշել եմ անցկացնել սեպտեմբերին: Պայմանավորվածություններ եմ ձեռք բերել այնպիսի անվանի երաժիշտների հետ, ինչպիսիք են դաշնակահարներ Լիլի Մայսկին (ՌԴ), Յոկո Նանոն (Ճապոնիա), Ժոզեֆ Պարատորեն (Իտալիա), Եվրոպայում բնակվող ջութակահար ամուսիններ Հասմիկ Մանուկյանն ու Հրայր Կարապետյանը, դաշնակահարներ Լիլիթ Գրիգորյանը, Աշոտ Խաչատրյանը, թավջութակահարներ Սեւակ Ավանեսյանը, Գարի Հոֆմանը, ջութակահար Հրաչյա Ավանեսյանը… Նույնիսկ ձեռք եմ բերել անվանի երաժիշտների հետ պայմանավորվածություններ՝ երրորդ եւ չորրորդ փառատոներին մասնակցելու համար: Այս տարի Մոսկվայից կժամանի դեռեւս 20-րդ դարի 20-ական թվականներից կենսագրություն գրած ռուս- հայկական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է Սլավա Ստեփանյանը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հարցին, թե փառատոնի հետ կապված կազմակերպչական հարցերը չե՞ն խոչընդոտում սոլո կարիերային, դաշնակահարը պատասխանեց. «Միայն այս տարի մասնակցել են երկու, գոնե Եվրոպայում ամենահեղինակավոր մրցույթներին՝ Անրի Շարլիերի անվան եւ EPTA-ին: Բրյուսելում գարնանը կայացած «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում էլ հանդես եմ եկել այսօր աշխարհում մեծ պահանջարկ վայելող ամերիկացի կոմպոզիտորներից մեկի՝ Ֆրեդերիկ Ռժեւսկիի հայտնի «Cotton Mills Blues» 4 բալլադի մեկնաբանմամբ»:
Արվեստագետը հայտնեց նաեւ, որ իր եւ թավջութակահար Սեւակ Ավանեսյանի կազմակերպած բարեգործական համերգի արդյունքում հավաքված շուրջ 18.000 եվրոն տրամադրվել է ապրիլին զոհված եւ այսօր դիրքերում գտնվող որոշ զինծառայողների ընտանիքներին:
Արմեն-Լեւոն Մանասերյանը հայրենիքի հետ էլ ունի ստեղծագործական նախագծեր, որոնց մասին առայժմ նախընտրեց լռել: Նա հաստատեց նաեւ մեր այն տեղեկությունը, որ Բրյուսելում աշնանից կգործի Կոմիտասի անվան դպրոցը եւ դարձյալ մանրամասներ չհաղորդեց:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
23.06.2016