Լրահոս
Օրվա լրահոսը

«Շամիրամի բարդույթից» մինչեւ այսօրվա Եվրոպա

Հունիս 24,2016 13:30

Միջսեռային փոխհարաբերությունների առանձնահատկությունները եւ ընդհանրապես «Շամիրամի բարդույթը»՝ որպես հոգեբանական երեւույթ, բավականին հետաքրքիր, ուրույն զարգացում են ապրել հյուսիս-արեւմտյան Եվրոպայի ժողովուրդների մոտ: Այդ առանձնահատկություններն իրենց արտացոլումն են գտել գերմանասկանդինավյան այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են օրինակ` «Ավագ Էդդա» երգերի ժողովածուն եւ «Նիբելունգների երգը» էպիկական պոեմը: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում կանացի այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Գուդրունը, Քրիմհիլդը եւ Բրունհիլդը:

Նինվեի թագուհի Շամիրամն ու հետագայում որպես հոնական թագուհի հանդես եկող Քրիմհիլդն իրար նման են այնքանով, որքանով որ երկուսն էլ իրենց նպատակին հասնելու համար ազգամիջյան բախում են հրահրում: Սակայն ի տարբերություն Շամիրամի, Քրիմհիլդը հոնա-բուրգունդական բախումը հրահրում է ոչ թե իր բնազդային կարիքների բավարարման, այլ հասարակական ոտնակոխված բարոյականությունը վերականգնելու նպատակով: Ի տարբերություն վավաշոտ Շամիրամի, Քրիմհիլդը կարիք ունի լուծելու իր արդարացի վրեժը, որպես կին նա փորձում է պաշտպանել իր ընտանիքը: Եվ դեռ ավելին, Քրիմհիլդն է Բրունհիլդին բացահայտում, որ նա որպես կին՝ խաբվել ու նվաստացվել է տղամարդկանց կողմից: Քրիմհիլդը բնավ էլ չի ձգտում մեկ այլ կնոջ ընտանիք քանդել ու հագուրդ տալ իր տռփոտ ցանկություններին: Նա ընտրում է վրիժառության ուղին անձնական կորուստների հաշվին: Գերմանասկանդինավյան ստեղծագործություններում առանձնակի հիացմունք ու համակրանք է առաջացնում կանացի մի այնպիսի կերպար, ինչպիսին Բրունհիլդն է: Նա, ըստ Էդդայական գրականության, ընթերցողների առջեւ հանդես է գալիս որպես կին-աստվածամարտիկ:

Պատմաբանասերները Բրունհիլդին նույնացնում են Սիգրդրիվայի հետ:
Սիգրդրիվան իր նկարագրով հիշեցնում է հայկական էպոսի կորեկի արտի բերքով ապրող, դրա բերքատվության մասին հոգ տանող Արտատեր Պառավին, որը հավանաբար Արտանույշն է, Արտամեդը: Հայոց աշխարհի Արդվինի մոտ գտնվում է Արտանուշ, իսկ Վանի մոտ` Արտամետ քաղաքները: Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին այդ կանացի կերպարը նմանեցնում է «գերմանական Էրդային» (Արդա): Ըստ նրա՝ այդ աստվածուհու երկրորդ անունը հնչում է իբրեւ «Նոննա»: Այդ անունը համահունչ է սկանդինավյան մեռնող եւ հարություն առնող բնության աստված Բալդրի կնոջ անվանը՝ Նաննային (մայր): Նաննան իրեն նետելով հանգուցյալ ամուսնու դիակիզման խարույկի մեջ՝ նրան է հետեւում դեպի անդրաշխարհ: Այստեղ ենթադրելի է այս կերպարների հնդեվրոպական նախահիմքի առկայությունը:
Բրունհիլդն այն եզակի կերպարն է էպոսում, ում բոլորովին չեն հետաքրքրում անցողիկ գանձերն ու դրանց ընձեռած իշխանության հնարավորությունը: Նա մնում է իր նախաստեղծ հոգեւոր պարզության մեջ, ով միայն հանուն սիրո հավերժության դեպի հաղթանակ ու անմահության է մղում իր ընտրյալ տղամարդուն: Եվ իր ազատ ընտրության համար նա պատրաստ է կռվել անգամ աստծու եւ նրա կողմից սահմանված ճակատագրի դեմ:

Շամիրամին Բրունհիլդն նման է այնքանով, որքանով որ ցանկանում է իրեն խաբած տղամարդկանց մահը: Բայց եւ ի տարբերություն Նինվեի թագուհու, նրան բնավ էլ պետք չէ ուրիշի ամուսինը: Բրունհիլդի ինքնազոհությունը պայմանավորված է կնոջը պաշտպանելու կոչված տղամարդկանց բացակայությամբ, սա, թերեւս, ֆեմինիզմի առաջին ցավագին ճիչն է եվրոպական իրականությունում: Էդդայական Բրունհիլդը մարդեղանում է հանուն մարդկային սիրո աստվածային վայելքին արժանանալու համար: Բրունհիլդի հզորությունը ոչ թե նրանում է, որ նա դյուցազնական ուժով օժտված կին ռազմիկ էր, այլ` որ որպես դիցուհի, իսկ այնուհետեւ որպես մահկանացու կին, նա հաստատում է ազատ ընտրության իր իրավունքը: Բրունհիլդը նախընտրում է ոչ միայն մարդկային սիրո անսահմանությունը, այլեւ նույնիսկ իր մահն է իր ձեռքով ու սրով տնօրինում:

Դժվար չէ նկատել, որ Գուդրունը, Բրունհիլդն ու Քրիմհիլդը կնոջ եւ ընտանիքի ոտնահարված իրավունքների պաշտպաններն են Եվրոպայի հյուսիս-արեւմտյան ժողովուրդների գրական ստեղծագործություններում: Այս կանայք իրենց ձեռքը զենք են վերցնում սոցիալական արդարության, մարդկային հասարակությունում կենսափիլիսոփայության նոր որակների հաստատման համար: Ոչ թե Գուդրունն է մահաբեր իր ամուսինների համար, այլ նրանք են թերանում մնալու ասպետական բարձրության վրա: Բրունհիլդն ամուսնանում է ոչ թե պարզապես երեխա ունենալու, այլ նաեւ սիրված լինելու համար, Քրիմհիլդի բնորոշմամբ՝ ոչ թե «հարճի» վերածվելու, այլ լիարժեք մարդկային արժանապատվությամբ հանդես գալու ընտանիքում եւ հասարակության մեջ. ինչը պետք է ապահովեր պետությունը, հանձին թագավոր-ամուսնու:

Քրիմհիլդի դիմազրահի ետեւում թաքնված է միջնադարյան Եվրոպայի կնոջ սոցիալական դերի որոնումները, ցավը, պայքարը իր տեղը գտնելու տվյալ ժամանակաշրջանում նահանջող հեթանոսության եւ հաստատվող քրիստոնեության պայքարով պայմանավորված սոցիալական փոխհարաբերությունների շրջապտույտում: Քրիմհիլդները դժբախտանում են, որովհետեւ նրանց շրջապատում ոսկու համար ապրող տղամարդիկ վերածվում են վիշապների ու մանկասպանների, գանձերն ավելի կարեւոր համարելով, քան հարազատ քրոջ, ազգականուհու կամ կնոջ երջանկությունն է: Անկախ գրականագիտական, պատմագիտական դրական կամ բացասական որակումներից, որ տրվել են «Երգ Նիբելունգների մասին» էպիկական պոեմի դժբախտ, բայց եւ անձնազոհությամբ հերոսացող Քրիմհիլդին, պետք է ասել, որ նա մարդու ամենագեղեցիկ հայտնագործության՝ ընտանիքի նոր պահապանն է ու ջատագովը` միջնադարյան Եվրոպայում: Քրիմհիլդի կերպարը այժմեական է նաեւ մեր օրերի եվրոպացիների ու ողջ մարդկության համար:
ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լուսանկարում` Ջոտտոյի «Արա եւ Շամիրամ» աշխատանքը:

«Առավոտ»

23.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930