Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅԾԱՌ ՈՒ ԼՈՒՍԱՎՈՐ

Հունիս 24,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ երեսունութերորդ

ՊԱՅԾԱՌ ՈՒ ԼՈՒՍԱՎՈՐ

Եվ ես դիմանկարիս ավելի ուշադիր նայելով ասացի՝ «արդեն հանելուկիդ հարցն էլ մոռացա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հանելուկիս հարցը հետեւյալն էր. ինչո՞ւ է Շեկոյան Արմենը հավանում իր էս դիմանկարը», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որովհետեւ շատ ուժեղ դիմանկար ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «էդ հանելուկի պատասխան չի» եւ մի քիչ էլ մտածեց ու հիացմունքով  դիմանկարիս նայելով ավելացրեց՝ «մանկապարտեզի էրեխեն էլ կասի, որ քո էս պորտրետը շատ ուժեղ գործ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով  ասաց՝ «մանկապարտեզի էրեխեն Հրանտի պորտրետն էլ կհավաներ, բայց Հրանտը չհավանեց», եւ ես դիմանկարիս նայելով ասացի՝ «վերադառնանք մեր հանելուկին», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «վերադառնանք», եւ ես ասացի՝ «դե հիմա հանելուկիդ ճիշտ պատասխանն ասա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «չես ուզում մի քիչ գլխիդ զոռ տաս», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «զոռ եմ տալիս, բայց բան չի ստացվում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ստիպված պիտի հանելուկիդ պատասխանն ասես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճարս ինչ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «հո չեմ թողնի՝ էսպես անպատասխան տանջվես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ասե՞մ՝ ինչի ես էս պորտրետդ հավանում», եւ ես ասացի՝ «ասա», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «որովհետեւ ֆոնի տակից էն նախկին նկարի սիլուետներն էրեւում են», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ նախկին նկար», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «էն՝ որ ջնջեցի», եւ ես մոտեցա դիմանկարիս  ու սկսեցի ֆոնն ուշադիր զննել, եւ ֆոնի տակից անմիջապես երեւակվեցին Վարուժի դավադրաբար ջնջած նկարի ուրվագծերը, եւ դրանք էնքան նկատելի ու տեսանելի էին, որ անհնարին էր չտեսնել ու չնկատել, եւ տեսնելուց ու նկատելուց հետո հավատս չէր գալիս, որ էդքան ուշադիր նայելով՝ չէի տեսել ու չէի նկատել», եւ Վարուժը  ժպտալով ինձ հարցրեց՝ «էլի չնկատեցի՞ր», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «հո քոռ չեմ՝ չնկատեմ», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «բա ո՞նց մինչեւ հիմա չէիր նկատում», եւ ես մեղավոր ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ես էլ եմ զարմանում, որ չէի նկատում», եւ իսկապես ապշահար էի, որովհետեւ հիմա արդեն դիմանկարիս ոնց նայում էի, Վարուժի ջնջած նկարի նրբագեղ կանանց կոնտուրներն ու պատկերներն աչքիս էին խփում, եւ դրանք հիմա արդեն նույնիսկ ավելի տեսանելի էին, քան դիմանկարիցս ինձ նայող նամռոտ անձնավորությունը, եւ ես չգիտեի ինչ ասեի ու Վարուժին հարցրի՝ «պորտրետս մի քիչ նամռոտ չի ստացվե՞լ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Հրանտինն ավելի նամռոտ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով  ավելացրեց՝ «ոնց որ կաք՝ էդպես էլ նկարել եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էրկուսն էլ շատ ուժեղ պորտրետներ են», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Վերժուկինն էլ պակասը չէր», եւ  ես ժպտալով հարցրի՝ «Վերժինեին էլ ե՞ս նամռոտ նկարել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքն իրականում ձեզնից նամռոտ ա, բայց իրան շատ պայծառ ու շատ լուսավոր եմ նկարել», եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ինքը սովորաբար նամռոտ ա, բայց՝ նայած ում հանդեպ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իմ հանդեպ ինքը հեչ էլ նամռոտ չի», եւ ես ինքնագոհ ժպտալով ասացի՝ «իմ հանդեպ էլ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգացել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը հազարից մեկին ա հանդուրժում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չի սիրում, որ գնում՝ Հրանտին գործից կտրում են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց մեզ լավ էլ սիրալիր ա ընդունում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ մենք ամեն օր չենք գնում՝ զահլեքը տանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ ինքը մեզ հարգում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ Հրանտն էլ ա մեզ հարգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Վերժուկն ինձ համ էլ որպես նկարիչ ա  շատ հարգում ու բարձր գնահատում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դրա համար էլ իրան լուսավոր ու պայծառ ես նկարել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նկարելուս ընթացքում ինքն իրոք շատ պայծառ ու շատ լուսավոր էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երեւի իրան երջանիկ էր զգում, որ իրա սիրած նկարիչն իրան նկարում ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930