Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը կուսակցական ընկերներին ներկայացրել է Սանկտ -Պետերբուրգում կայացած հանդիպման մանրամասները, Պուտինի հետ հանդիպումը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա վստահեցրեց, որ հայկական կողմն իր դիրքորոշումը չի փոխել ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում. « Մենք բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք հայտնի 3 սկզբունքների հիման վրա, որի առանցքը պետք է լինի ԼՂՀ ժողովրդի կամարտահայտությունը, այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրացումը: Սա հանդիպում էր Վիեննայի պայմանավորվածությունները շարունակելու առումով, վերահաստատվել է խաղաղության ամրապնդումը, ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի գրասենյակի դիտորդների թվի ավելացումը»:
Նա անդրադարձավ հայ -ռուսական հարաբերություններին, ասելով, որ Պուտինի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը շատ արդյունավետ է եղել, եւ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները ստրատեգիական առումով պետք է զարգանան. «Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բխում են թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի շահերից»:
Հարցին, թե ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը, արդյո՞ք զենքի մասին է, որի մասին շատ է խոսվում՝ Էդուարդ Շարմազանովը հաստատեց. «Ես այն քաղաքական գործիչների թվին եմ պատկանում, որ ասում եմ՝ պետք է խորացնել մեր հարաբերությունները Մոսկվայի հետ: Եվ այո, սպառազինությունների առումով, նաեւ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների զարգացման առումով ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ