Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերից  կախված  էին  հայրենի  եզերքի  «նկարամասնիկները»

Հունիս 23,2016 22:23

Հովհաննես  Շարամբեյանի  անվան  ժողովրդական  ստեղծագործության  կենտրոնի  հասցեն  արվեստասերները  շատ  լավ  գիտեն: Ցուցահանդեսները  հաճախ  են  այստեղ  համախմբում  նկարչությամբ  հետաքրքրվողներին: Կենտրոնի  ցուցասրահը  երեկ  ևս  բազմամարդ էր: Նկարիչ  Արմեն  Վահրամյանի` Հայաստանի  Անկախության  25-ամյակին  նվիրված  ցուցահանդեսն, ըստ  հեղինակի, իր  սրտի  ձայնն  է:

2016-06-23 21.50.38 2016-06-23 21.49.42Նրա  բնանկարները  ցուցահանդեսի  այցելուներին  տեղափոխեցին  նկարչի  «Հայրենի  եզերք»` Լոռի: Հենց  այս  խորագիրը  կրող  ցուցահանդեսը  պարոն  Վահրամյանի  ստեղծագործական  կյանքում  առանձնահատուկ  է. սա  բնանկարների  նրա  անհատական  առաջին  ցուցահանդեսն  է: Նկարիչը  նշեց, որ  նկարելիս  ինքը  մի  ծառից  անգամ  կարող  է  ոգեշնչվել  և  իր  համար  հյուսել  փոքրիկ  հեքիաթ:

Ցուցահանդեսի  կազմակերպիչ, բանասիրական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր  Սերգո  Երիցյանը  մատնանշեց  նկարչի  հատկապես մանրակրկիտ  աշխատանքը. «Նա  բնությունը ներկայացնում  է  մանրանկարչության  լավագույն  հնարավորություններով: Նրա համար  հայրենի  եզերքը սոսկ  բնություն չէ: Հայրենի  եզերքի  մեջ  նա  փորձել է տեղավորել  իր  զգացածը»:

2016-06-23 21.48.49Գրող, թարգմանիչ Հովիկ Հովեյանն  ընդգծեց, որ Արմեն Վահրամյանի  վրձնի  ծայրը ոչ թե մազ  է, այլ  մագնիս, որը  հավաքում  է  ամբողջն  ու  կենտրոնացնում  նկարում:

«Նա  ապշելու  ձևով  կարողացել է թռչնային  հայացքով  նայել  իր  բնօրրանին: Այս  նկարներում  կա  աննկարագրելի  զորեղ  բան` սեր  բնության  հանդեպ»,- ասաց  ՀՀ  Ժողովրդական  նկարիչ  Հրանտ  Թադևոսյանը:

Ցուցահանդեսին ներկա էին նաև  այլազգի  հյուրեր, որոնք մի նոր Հայաստան  էին  տեսել նկարչի  կտավներում: Բանասիրական  գիտությունների  թեկնածու  հնդկուհի Արորա  Սանտոշ Կումարին Արմեն Վահրամյանի  նկարներից  ժպիտ  է  քաղել. «Նա իր  նկարների  միջոցով  ժպիտ  է  բաժանում: Փորձեցի  նկարներից  մեկի  առջև մի  փոքր երկար  կանգնել և ինձ  թվաց, թե  այդ նկարում  եմ  գտնվում  ու  դրա  մի  մասնիկն  եմ»: Ըստ  տիկին  Կումարիի` նկարներում  ապրող  այդ սերը  նկարչի  ներսից  է հորդում  ու  վարակում  մյուսներին:

Նկարչի  կտավներից  ջերմություն  ու  սեր  է  ստացել  նաև  ամերիկուհի  տիկին  Աբինան, որն  արդեն 2 տարի  է` ապրում  է  Հայաստանում: Պարոն  Վահրամյանի նկարներում  նա  տեսել  է  իրեն  ծանոթ  Հայաստանն` իր  բոլոր  գծերով  ու  գույներով` ծաղիկների  քնքշությամբ  եւ ուրախ ու  վառ  կերպարով:

Պատից  կախված  նկարները  նկարչի  ոչ  միայն  վերջին  տարիների  աշխատանքն  են, այլև  ստեղծագործական  ամբողջ  կյանքի  ընթացքում  արված  կտավները: Ցուցահանդեսում  ընդգրկվել  են  նկարներ  նաև  ուսանողական  տարիներից: Նկարչին, սակայն, դա  չի  մտահոգում, վստահեցնում  է. «Բոլոր  նկարները  արել  եմ  իմ  սրտի  համար: Ես  գյուղի  մարդ  եմ, ու  քանի  որ  հիմա Երևանում  եմ  ապրում ու հաճախ չեմ  կարողանում  այցելել  գյուղ, երբ  այս  նկարներն  ինձ  շրջապատում  են, կարոտս  առնում  եմ»:

Հեղինակը  նշեց, որ  ցուցահանդեսը  կարևոր  է  այն  առումով, որ «տեսնում  ես  սկիզբը, տեսնում  ես, թե  ուր  ես  գնում, ինչը  հուշում  է` ուր ես  գնալու»:

Մերի ԱՂԱՋԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930