Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով այսօր որպես վկա հարցաքննվեց նաեւ ոստիկան Վաղինակ Մինասյանը:
Նա պատմեց, որ դեկտեմբերի 31-ին՝ դեպքի օրը, ինքը ծառայություն է իրականացրել Կենտրոն վարչական շրջանում. առավոտից մինչեւ 12: 30 արտառոց բաներ չի նկատել: Հետո նա անդրադարձավ տոնածառի հանդերձանքով Ազատության հրապարակ եկող քաղաքացուն ու նրա կողմնակիցներին: Ըստ ոստիկանի` նրանք գալիս էին Սայաթ-Նովա փողոցից, ու երբ ոստիկանները փորձեցին կանխել նրանց մուտքը հրապարակ, քաղաքացիները սկսեցին իրենց քաշքշել, հայհոյել, վեճ սկսվեց:
Վկայի պատմելով՝ քաղաքացիները հարվածներ են հասցրել իրենց, մասնավորապես իրենց հրամանատարին՝ Գեղամ Խաչատրյանին. «Նկատեցի քաղաքացիներից մեկին, որը հարվածեց Գեղամ Խաչատրյանին, երկրորդ հարվածը կանխելու համար Գեղամ Խաչատրյանը նրան հարվածեց, հետո Գեւորգ Սաֆարյանը հարձակվեց Գեղամ Խաչատրյանի վրա ու հարվածելուց հետո փախավ Ազատության հրապարակի ծառերի կողմ, Գեղամ Խաչատրյանը նետվեց նրա հետեւից, բայց նրան խանգարում էին Գեւորգ Սաֆարյանի հետ եկած քաղաքացիները, նրանց թիվն ավելացավ քաշքշուկի ժամանակ, եւ մեր կողմից գործողությունները դժվարացան, որովհետեւ մենք սակավաթիվ էինք: Քաշքշուկից հետո լսեցի՝ Գեւորգ Սաֆարյանին բերման են ենթարկել, այդ մասին տեղեկացա ծառայակիցներիցս»:
Նա ասաց, որ չի լսել քաղաքացիների ու ոստիկանների երկխոսությունը, միայն տեսել է՝ քաղաքացիները փորձում էին շրջանցել ոստիկաններին եւ գալ Ազատության հրապարակ, ինչը թույլ չէին տալիս ոստիկանները:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ իրենց գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանն է կասեցրել տոնածառով քաղաքացուն հրապարակ մտնել՝ ոտնակ կիրառելու միջոցով: Նրա խոսքերով, ձեռնամարտի ոչ մի հնարք ինքը չի կիրառել, գործընկերների կողմից էլ չի նկատել: Տոնածառով հագուստով քաղաքացուն՝ Հովհաննեսին էին փորձում գետնից բարձրացնել, չկարողացան բարձրացնել, որովհետեւ շրջափակվեցին այն քաղաքացիներով, որոնք նրան ուղեկցում էին, ու իրենց քաշքշում, հայհոյում. «Քաշքշուկի ընթացքում թե ով ինչ գործողություն կատարեց, հստակ չեմ կարող հիշել, բայց հիշում եմ՝ քաղաքացիներից մեկը հարվածեց Գեղամ Խաչատրյանի աճուկային հատվածին, երբ նա կռացած էր ու փորձում էր բարձրացնել Հովհաննեսին, հետո նկատել եմ Գեւորգին, որը հարվածեց Գեղամ Խաչատրյանին»:
Հարվածելուց հետո, ըստ վկայի, Գեւորգը վազեց ծառերի մոտ, Գեղամ Խաչատրյանն էլ վազեց նրա հետեւից: Բոլոր քաղաքացիները խոչընդոտում էին, որ հետապնդեն Գեւորգին, քաշքշուկը տեղափոխվեց ծառերի տակ, որտեղ Գեւորգն էր. «Մարմնական վնասվածք չեմ ստացել, բայց հարվածներ եմ ստացել մեջքիս, ոտքերիս»:
Վկան պնդեց, որ չի հարվածել քաղաքացիներին, ձեռնամարտի հնարքներ չի կիրառել, որեւէ քաղաքացու բռունցքով հարված չի հասցրել, նույնիսկ ինքնապաշտպանվելու նպատակով. «Միայն վերջույթից բռնել եմ, գցել ձյան մեջ»:
Այսքանով դատական նիստն այսօր հետաձգվեց, հաջորդը նշանակվեց հուլիսի 28-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ