Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը փորձ է ադրբեջանական կողմից՝ յուրովի մեկնաբանել այն պայմանավորվածությունները, որին հասել են կողմերը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 23-ին կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ: Այդ մասին տեղեկանում ենք «Ռեգնում» տեղեկատվական գործակալությունից:
«Ռեգնումն» իր ընթերցողներին հիշեցնում է, որ Նովրուզ Մամեդովը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, թե Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առիթով կայացած ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը հասել են հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ պայմանավորվածության:
«Այդ հանդիպմանը առավելությունը տրվել է հակամարտության լուծման փուլային եղանակին: Այսինքն, այսուհետ, հակամարտության կարգավորման համար պետք է փուլ առ փուլ շարժվել՝ Ադրբեջանի հինգ շրջանների ազատում, հետո՝ եւս երկու շրջանի, ապա՝ միջանցքի որոշում: Հետո՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշում: Այդ ուղղությամբ կողմերը սկզբունքորեն պայմանավորվածություն են ձեռք բերել»,- ասել է Մամեդովը:
Մարիա Զախարովան հնչեցրել է «կոլեկտիվ խնդրանք»՝ առաջնորդվել հայտարարության բնօրինակով, որն ընդունվել է Սանկտ- Պետերբուրգի հանդիպման արդյուքներով, եւ որը նա հատուկ մեջբերեց: Իսկ մյուս բոլոր հայտարարությունները ՌԴ ԱԳՆ խոսնակը գնահատեց որպես «չափազանց անբարեխիճ, հանդիպման արդյունքների խեղաթյուրման փորձեր»: «Կա կոնկրետ հայտարարություն, դա է հնչեցվել, դա է պաշտոնական փաստաթուղթը, եւ դրանից է պետք ելնել եւ ոչ թե ազատ ընթերցումներից կամ ինչ-որ մեկի կողմից արված աղավաղված մեկնաբանություններից», ասել է Զախարովան: