Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. Կրթության ու մշակույթի ոլորտներում ներդրումներին պետք է տրվի առաջնահերթություն

Հունիս 23,2016 20:37

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը

Հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել երկու զեկուցողներին էլ այսօր մեզ ներկայացված գերազանց տեքստերի համար, որոնք փայլուն են ինչպես քաղաքական, այնպես էլ ակադեմիական տեսանկյունից:

Կրթությունն ու մշակույթը ազդեցիկ գործիքներ են՝ կանխարգելելու հասարակության ծայրահեղականացումը եւ աջակցելու քաղաքացիական հասարակությանը՝ կառուցելու ժողովրդավարական քաղաքացիականության վրա խարսխված համակեցություն: Միեւնույն ժամանակ, կրթությունն ու մշակույթը ազդեցիկ աղբյուրներ են ինտելեկտուալ առաջխաղացման եւ զարգացման համար, ինչը հնարավորություն է տալիս մեզ ձեռք բերել գիտելիքներ եւ քննադատական մտածողություն, եւ մեզ շրջապատող աշխարհը առավել լայն՝ տարբեր դիտանկյուններից նայելու կարողություն:

Ես մտահոգություն ունեմ, եւ երկու զեկույցները գալիս են կրկնապատկելու իմ մտահոգությունը, որ մենք բավարար գիտակցություն չունենք կրթության եւ մշակույթի՝  հասարակական զարգացումների վրա ունեցած երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ:

Կրթական ոլորտում քաղաքականությունը, սովորաբար, ուղղված է անձին տալու մասնագիտական գիտելիքներ եւ կարողություններ՝ ելնելով նախեւառաջ տնտեսական առաջնահերթություններից, մինչդեռ մարդու անձնական ինտելեկտուալ զարգացումը մնում է շատ կարեւոր •գործիք հասարակական համալիր զարգացումների եւ ընդհանրական կենսակերպի համար, մի բան, որ, խոշոր հաշվով, Եվրոպայում արհամարհվել է վերջին տասնամյակների ընթացքում: Բացառապես դեպի տնտեսություն միտված քաղաքական բանավեճն ու կրթական եւ մշակութային քաղաքականությունները պետք է վերանայվեն՝ պատասխաններ գտնելու եվրոպական հասարակություններում գնալով աճող համալիր մարտահրավերներին:

Ցավով եմ արձանագրում, որ կրթությունն ու մշակույթը առաջնային ոլորտներից էին, որտեղ տնտեսական ու ֆինանսական խնդիրներով պայմանավորված, եվրոպական մի շարք երկրներում կառավարությունները կրճատեցին պետական ֆինանսավորումը:

Կրթության ու մշակույթի ոլորտներում ներդրումներին, ինչպես ճշմարտացիորեն նշեց մեր բրիտանացի գործընկերը, պետք է տրվի առաջնահերթություն ճիշտ այնպես, ինչպես մենք Եվրոպայում առաջնահերթ ենք դիտում ենթակառուցվածքների, անվտանգության եւ հանրային կյանքի այլ կարեւոր ոլորտներում կատարվող ներդրումները: Բայցեւայնպես, իրավիճակն այդ առումով եվրոպական տարբեր երկրներում տարբեր են, եւ զեկուցների՝ ընդհանրացումներ կատարելու փորձերը, խոշոր հաշվով, հարաբերական են:

Զեկուցողները նշում են նաեւ այն վտանգների մասին, որ առանձին իրավիճակներում կարող է բխել կրթության եւ մշակույթի •գաղափարախոսակայնացումից, ինչպես մենք պատմականորեն տեսել ենք Խորհրդային Միության եւ նացիստական Գերմանիայի պատմափուլերում, երբ այդ ոլորտների գաղափարախոսակայնացումը ծառայում էր կոնկրետ վարչակարգերի քաղաքական օրակարգերին ու քաղաքական նպատակներին:

Մոտավորապես ճիշտ նման իրավիճակ մենք ունենք այսօր Ադրբեջանում: Եթե ուշադրություն դարձնեք այն ամենին, ինչ քիչ առաջ ասաց Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը՝ կապված հայերի կողմից, այսպես ասած, «Ադրբեջանի պատմական ժառանգության հայկականացման կամ յուրացման» մեղադրանքների վերաբերյալ, կհասկանանք, որ դա չափազանց դիպուկ ապացույցն է այն ամենի, որ այսօր էլ կան կառավարություններ, որոնք անգամ մշակույթն ու կրթությունն են ենթարկում տիրապետող գաղափարախոսությանը, հետեւաբար նաեւ՝ տվյալ վարչակարգի քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանը, ինչը չափազանց վտանգավոր է:

Զեկույցները, մյուս կողմից, անդրադառնում են սփյուռքյան համայնքներին եւ այստեղ ակնհայտ է, որ փոքրամասնություն կազմող համայնքների եւ փախստականների ինտեգրումը այսօրվա Եվրոպայի համար իրենից ներկայացնում է մեծ մարտահրավեր:

Կրթությունն ու մշակույթն այս առումով երկու կարեւոր համակարգային հարթություններ են՝ ապահովելու բոլոր այն խմբերի ինտեգրացիան, որոնք տարբերվող ինքնությունների կրող են: Իսկապես, համայնքային, սփյուռքյան այդ կազմակերպությունները պետք է ֆինանսավորում ստանան պետական միջոցներից, եւ Շվեդիան այս հարցում պարզապես օրինակելի երկիր է, որտեղ բոլոր համայնքային կազմակերպությունները ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից՝ իրենց ազգային-համայնքային կյանքը կազմակերպելու համար: Բայց մյուս կողմից պարտավոր ենք նաեւ արձանագրել, որ տվյալ համայնքային կազմակերպություններն ու փոքրամասնություն հանդիսացող խմբերն էլ իրենց հերթին պետք է հարգեն տվյալ երկրի սոցիալական համակեցության, ներդաշնակության եւ միասին ապրելու ավանդույթներն ու մշակույթը:

Ցավոք սրտի, այն ինչ տեղի ունեցավ այս տարի՝ ապրիլի 9-ին, Ստոկհոլմի քաղաքային հրապարակներից մեկում, մեծ մտահոգության տեղ է տալիս, երբ Շվեդիայում գ•ործող թուրքական համայնքային կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Բարբարոս Լեյլանին ցուցարարներին դիմելով հանդես եկավ «մահ հայերին» կարգ•ախոսով, ինչը մեծ մարտահրավեր էր ոչ միայն փախստականների ու այլ փոքրամասնությունների ինտեգրման ու սոցիալական համակեցության մեծ ավանդույթներ ունեցող այդ երկրի մշակույթին, այլեւ հասարակության ներսում ծայրահեղականության դուռ բացող անչափ վտանգավոր փորձ եւ Թուրքիայի կողմից պատմական հայրենիքից դուրս ապրող հայրենակիցներին՝ սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու անընդունելի օրինակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930