ՊՆ արդեն նախկին փոխնախարար, Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի պաշտոնից ազատվելուց հետո այս պաշտոնին նշանակվեց Մովսես Հակոբյանը, որը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը՝ 2015թ. հունիսից, իսկ մինչ այդ տարիներ շարունակ ԼՂՀ պաշտպանության նախարարն էր:
Հունիսի 14-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա: Մովսես Հակոբյանը նախարարի հարմարավետ թռիչքի համար, կարելի է ասել, ոչինչ չի խնայել եւ մոտ 1 միլիոնանոց ավիատոմս է գնել: Նա Երեւան-Մոսկվա-Երեւան բիզնես կարգի ավիատոմսը գնել է 965 հազար դրամով: Այս մասին տեղեկանում ենք, ուսումնասիրելով ՊՆ-ի կատարած գնումները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է կառավարության մեկ անձից գնումներ բաժնում: Նախարարի հետ եւս երեք պաշտոնյաներ են մեկնել Մոսկվա եւ հետ վերադարձել: Նրանցից յուրաքանչյուրի ավիատոմսի համար էլ դեպարտամենտի պետը վճարել է 297 հազար դրամ: Բոլոր ավիատոմսերն էլ Մովսես Հակոբյանը ձեռք է բերել «Ավիատուր Գրուպ» ընկերությունից:
Ինչո՞ւ են նախարարի եւ նախարարության պաշտոնյաների ավիատոմսերն այդքան թանկ ստացվել, եթե ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների աշխատակիցների շրջանում կատարած մեր հարցումների արդյունքում տեղեկանում ենք, որ տոմսերի շուկայական արժեքը, սովորաբար, ավելի մատչելի է լինում: Եթե, ասենք` արարողակարգը պահանջում է, որ պաշտպանության նախարարն անպայման պետք է թռչի բիզնես կարգով, ապա նկատենք, որ նույն բիզնես սրահում 3-4 կարգ գոյություն ունի: Օրինակ` նախարարը կարող էր օգտվել Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի «Ի» կարգից, որի տոմսը, ըստ ավիատոմսերի բիզնեսով զբաղվող ընկերությունների աշխատակիցների, արժե 460 հազար դրամ: Բիզնես սրահի «Դ» կարգը, ներառյալ ուղեբեռը, արժե 570 հազար դրամ: «Ց» կարգի ավիատոմսի արժեքն է 870 հազար դրամ: Բիզնես սրահի 1-ին կարգով երթեւեկելու համար ավիատոմսն արժե 1 միլիոն 120 հազար դրամ:
Անհասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ է ՊՆ-ն Երեւան-Մոսկվա-Երեւան էկոնոմ կարգի ավիատոմսը գնում 297 հազար դրամով, այն դեպքում, երբ էկոնոմ տոմսերի շուկայական արժեքը 115 հազարից մինչեւ 200-220 հազար դրամ է: Ինքնաթիռի էկոնոմ կարգը նույնպես թանկ եւ էժան տոմսերի է բաժանված եւ սովորական տոմսն արժե 115-120 հազար դրամ, էկոնոմ սրահի «էլիտար» տեղերի արժեքը 200-220 հազար դրամի սահմաններում է տատանվում:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե տոմսի արժեքի տարբերությունը միջնորդ ընկերությա՞նն է մնում, «Ավիատուր Գրուպ»-ից պարզաբանեցին, որ նման բան չի կարող լինել, եւ, որ իրենց շահույթը, տոմսի մաքուր արժեքից է, որը տրամադրում են տվյալ ավիաընկերությունները, ումից որ ավիատոմսը գնում են: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է շուկայական արժեքից այդքան տարբերվում պետգնումով գնած ավիատոմսի արժեքը, «Ավիատուր Գրուպ» ընկերության պատասխանատուներն այսպես բացատրեցին. «Քանի որ, պատահում է, որ մրցույթը հայտարում են թռիչքից 3-4 օր առաջ, երբեմն էլ երկու օր առաջ, քանի որ նախարարությունների համար, երբեմն այցերն անկախատեսելի են լինում, այդ պատճառով ինքնաթիռի մատչելի կարգերն արդեն սպառված են լինում: Նույնիսկ մեկ ժամվա ընթացքում ավիատոմսի արժեքը հսկայական տարբերություն կարող է տալ»: Այս ընկերությունից նաեւ ասացին, որ հատկապես այս ամռան սեզոնին, որը թեժ է համարվում տուրիզմի եւ տոմսերի առումով, ինքնաթիռում մատչելի տեղերը շատ արագ են սպառվում. «Երբեմն լինում է, որ ավիատոմսը թանկ է ստացվում, քանի որ նույն չվերթով տարբեր նախարարություններից գնում են նույն միջոցառմանը»:
Մեր այն հարցին, թե նախարարություններն իրե՞նք են նշում բիզնեսի կամ էկոնոմի ո՞ր կարգի տոմս ձեռք բերեք, «Ավիատուր Գրուպի»-ից հայտնեցին, որ պատվերը լինում է տվյալ օրվա, տվյալ ուղղությունից ավիատոմս ձեռք բերելը եւ բիզնեսի կամ էկոնոմի կարգերի վերաբերյալ նախարարությունները ցուցում չեն տալիս. «Մենք փնտրում ենք եւ գտնում ասենք բիզնես կարգի ամենացածր տարբերակը, որ այդ օրվա դրությամբ ավիաընկերությունն առաջարկում է, կապ չունի դա «Դ» կարգ է, «Ց», թե բիզնեսի մեկ այլ կարգ: Նույնը ինքանթիռի էկոնոմ սրահի պարագայում»: Ըստ «Ավիատուր Գրուպի» պատասխանատուների, օրինակ ՊՆ-ն առցանց հետեւում է ավիատոմսերի գներին եւ, եթե տեսնի, որ մեկ այլ տարբերակով ավելի մատչելի ավիատոմս կա, քան առաջարկում է մրցույթը շահած ընկերությունը, ապա պարտադրում է գինն իջեցնել, եթե ոչ, գնումը չեղյալ կհայտարարեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսինե ջան, էկոնոմ դասի էլիտար ու չէլիտար տեղեր չկան: Կախված պահանջարկից ավիաընկերությունները մի քանի տոմս վաճառում են այսպես ասած բազային գնով: Դրանք սպառվելուն պես անցնում են հաջորդ՝ ավելի թանկ գնին ու այդպես շարունակ: Այդ տոմսերի հետ վերադարձման, ուղեբեռի քանակի պայմանները կարող են տարբեր լինել, բայց դա պարտադիր չէ: Ինքնաթիռի սրահում բոլորն էլ հավասար են: Բիզնես դասի հոդվածում նշված 1 200 000 դրամանոց տոմսի ուղեւորին էլ մերսում չեն անում, ոչ էլ խմացնում են ավելի, քան մյուսներին: Այս ամենը, ցավոք, ոչ մի կապ չունի ինքնաթիռի տոմսի գնի հետ: Ու նախարարություններն, ըստ իս, լրիվ այլ նպատակ են հետապնդում թանկ տոմս գնելիս: Իսկ թե ինչ նպատակ, այ դա լրիվ ուրիշ խոսակցության թեմա է: