Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետո պիտի բացատրես, որ իմիջը կերպարն է, պապիկ ջան». Լավրենտի Միրզոյան

Հունիս 23,2016 17:56

«Մեր լրատվական դաշտում լեզվական առումով բավական բան է փոխվել է 90-ականների համեմատ: Դա շատ ուրախալի է, որովհետև հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը հանրային կարծիքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն»,- «Երկու երես» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

Այդուհանդերձ, կան լեզվական մի շարք սխալներ, որոնք առավել հաճախ են կրկնվում. «Ոչ թե «Եվրոմիություն» պետք է ասել (գրել), այլ «Եվրամիություն», ոչ թե «գագաթնաժողով», այլ «գագաթաժողով»: Հոգնակին կազմելիս՝ ոչ թե «գյուղապետեր», «խորհրդանիշեր», այլ «գյուղապետներ», «խորհրդանիշներ» և այլն: «Մի» արգելականը չեն տարբերում «մեկ» թվականից: Նախադասության մեջ «որ» շաղկապի փոխարեն հաճախ «որպեսզի»-ն են օգտագործում և այլն»,- թվարկեց լեզվաբանը։

Շատ են տարածված օտարաբանությունները. «Բիզնես», «բիզնեսմեն» ենք ասում այն դեպքում, երբ ունենք «գործարարություն», «գործարար» հայերեն համարժեքները: Շռայլում ենք «պրոֆեսիոնալ»-ը, երբ ունենք «արհեստավարժ»-ը: «Հանրախանութ»-ը վա՞տ բառ է, որ ասում ենք «սուպերմարկետ» կամ «մշտադիտարկում»-ը լավ համարժեք չէ՞ «մոնիտորինգ» բառին: «Մտածելակերպ»-ի փոխարեն «մենթալիտետ» բառն ենք օգտագործում, որ մարդիկ ասեն՝ տես՝ ինչ կարդացած մարդ է: Կամ ի՞նչ վատ բառ է «կերպար»-ը, որ «իմիջ» ենք ասում: Մի ծեր մարդ էլ կհարցնի՝ էդ ի՞նչ է: Հետո պիտի բացատրես, որ իմիջը կերպարն է, պապիկ ջան…

Չեմ ասում՝ ամեն բառ պետք է թարգմանել, բայց եթե հայերեն համարժեքը կա, ինչո՞ւ օտարը գործածել: Մեկ-երկու անգամ ականջի համար անսովոր կլինի, հետո կդառնա սովորական: Բառը պետք է դնենք գործածության մեջ ու ամրագրենք մեր բառապաշարում»,- համոզված է Լավրենտի Միրզոյանը:

Նա չի կարծում, որ լրագրողները պարտավոր են այս ամենն իմանալ. «Նրանք լեզվաբան չեն: Դրա համար խմբագրությունը պետք է համապատասխան մասնագետ ունենա, որը նման խնդիրները կկանխի: Ոչ մեկը թող գլուխ չգովի, թե առաջ սխալները քիչ էին. այն ժամանակ ոչ մի հաղորդում ուղիղ եթերով չէր հեռարձակվում: Տեսագրում էին, մի քանի անգամ նայում, մոնտաժում, նոր տալիս: Հիմա պետք է հաղորդումներն օպերատիվ կերպով եթեր հեռարձակեն: Պարզ է, որ այդ շտապողականության մեջ կարող են նաև վրիպումներ լինել»,- ասաց լեզվաբանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930