Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկուհի Հարությունյան. Electric Yerevan-ի ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ որեւէ գնահատական չունենք

Հունիս 23,2016 17:40

«Հունիսի 23-ը հանրային մասնակցության փորձ էր»,- «Electric Yerevan» էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարից մեկ տարի անց՝ հունիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանը:

Նա նկատեց, որ ոստիկանությունն այդ փորձը բռնի ուժով չթույլատրեց, ինչի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ունեցան ֆիզիկական վնասվածքներ, տեղի ունեցավ քաղաքացիների ապօրինի ազատազրկում, նրանց հավաքների ազատության իրավունքը խախտվեց: Հայկուհի Հարությունյանը նշեց, որ փաստաբանների մուտքը ոստիկանության բաժիններ եւ տեսակցությունը այնտեղ գտնվող քաղաքացիներին եւս արգելվել է փաստաբանների նկատմամբ որոշակի արգելքներ եւ սահմանափակումներ են կիրառվել:

«Բայց մեզ հաջողվեց որոշակի գործերի խումբ ներկայացնել հաղորդման տեսքով Հատուկ քննչական ծառայություն: Եվ հետաքրքիր է, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցելուց հետո, ըստ էության, քննություն է տանում բացառապես հաղորդում ներկայացրած անձանց կողմից որոշակի բացատրություններ վերցնելու, առերեսումներ, նյութեր ուսումնասիրելու առնչությամբ, բայց համակարգային առումով, թե ինչ է տեղի ունեցել ոստիկանության կողմից հունիսի 23-ին, որեւէ գնահատական մինչ օրս մենք չունենք:

Այսինքն՝ այստեղ ոչ թե կոնկրետ անձանց պատասխանատվության մասին է, այլ առաջին հերթին իրավական գնահատականի՝ արդյոք հունիսի 23-ին քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունները՝ բռնություններ կիրառելու, հարկադիր ուժով այդ հավաքը ցրելու, ոստիկանության բաժանմունքներում պահելու, հարկադիր բժշկական ստուգումների ենթարկելու մասով առհասարակ իրավաչափ է: Իմ կարծիքով՝ առաջինը՝ Հատուկ քննչական ծառայությունը պետք է այդ հարցին պատասխան տար, այնուհետեւ ոչ իրավաչափ գործողությունների համար պատասխանատուների ցանկ կազմվեր, եւ առնվազն մենք պետք է ունենայինք մարդկանց խումբ, որոնք որ այսօր պետք է պատասխանատվության ենթարկվեին դրա համար»,- ասաց նա:

Հայկուհի Հարությունյանը համարում է, որ այն կադրերում, որտեղ ցայտուն կերպով երեւում է, որ անձի նկատմամբ բռնություն է գործադրվել, որ լրագրողի մասնագիտական գործունեությունն է խոչընդոտվել, որ լրագրողի մասնագիտական գործիքներն են վնասվել, այդ մասով առանձին մարդիկ որոշակի պատասխանատվության կենթարկվեն, սակայն երեւույթը գնահատականի չի արժանանա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930