Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը ջրից կզրկի Ծղուկի բնակիչներին

Հունիս 23,2016 17:35

Այսօր կառավարության նիստին հարկային արտոնություն տրվեց «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ-ին ՝ ներմուծվող սարքավորումների համար 3 տարի ժամկետով ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգել:

Այս որոշումն ուշագրավ չէր լինի, եթե արտոնություն ստացող ընկերության սեփականատերերը համեստ եւ շարքային գործարարներ լինեին: «Խաչատրյան եղբայրների» սեփականատերերը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու նրա եղբայրը՝ Սասուն Խաչատրյանն են:

Կառավարությունը Խաչատրյան եղբայրների ընկերությանն արտոնություն է տրամադրում ներդրումային ծրագրի շրջանակներում: Այս ընկերությունն, ըստ ծրագրի, Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում, ինչպես նշված է կառավարության որոշման մեջ, պետք է կառուցի 4 մգվտ փոքր հիդրոէներգակասկադ ՝ օգտագործելով նշված տարածքի գետերի ներուժը` արտադրելով էլեկտրաէներգիա:

Որոշման նախագծի համաձայն, ընկերությունը պետք է 1,9 միլիարդ դրամի ներդրում կատարի, որից մոտ 489 միլիոնը նախատեսված է Չինաստանից հիդրոգեներատորներ, հիդրոտուրբիններ եւ սրանց համար նախատեսված սարքավորումներ ձեռք բերելու համար:

Ընդ որում, ընկերությունը նաեւ պետք է աշխատատեղեր բացի:

Աշխատատեղ բացելը լավ է, բայց եթե հաշվի առնենք այն, որ մեր երկրում փոքր ՀԷԿ-երի մեծագույն մասը, ինչպես փաստում են մասնագետների ուսումնասիրությունները հիմնականում մեծ վնասներ են հասցնում բնությանը, գետերին եւ էկոհամակարգին, ապա նոր հիդրոկայանի ու աշխատատեղերի ստեղծումը չի կարող փոխհատուցել էկոհամակարգին հասցվող վնասները:

Ուշագրավ է նաեւ այն, որ ընկերությունը հիդրոէներգակասկադը կառուցվելու է Ծղուկ գյուղում, որտեղի բնակիչները տարիներ շարունակ ջրի խնդիր ունեն:

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությանը Ծղուկի բնակիչները դեռ անցյալ տարի պատմել էին, որ գյուղը սնվում է Սպանդարյան ջրանցքից, եւ ջրային տնտեսությունը նրանց տեղեկացրել էր, որ շաբաթվա ընթացքում 2 օր են տալու: Բացի այս, ըստ բնակիչների, ջուր ստանալու համար հերթ են կանգնում:

Ծղուկ համայնքը գտնվում է 2 փոքր ՀԷԿ-երի ազդեցության տակ, բնակիչների ներկայացմամբ՝ ՀԷԿ-երն են զրկում իրենց ոռոգման ջրից, ինչը նաեւ Սյունիքի մարզպետին էին փոխանցել: «Հազարավոր աղբյուրներ են ցամաքել, չկան, ընենց աղբյուրներ էին, հրաշք աղբյուրներ, գետերն էլ սնուցվում էին հենց այդ աղբյուրներից:, ՀԷԿ-երն ավելացան, ինչը նպաստեց աղբյուրների ավելի շուտ ցամաքելուն: Առաջ գետերում էնքան կարմրախայտ կար, որ վեդրոն վերցնում էիր, ջրի հետ լցվում էին, վեդրոյի մեջ ձուկ էին բռնում, բայց հիմա մի հատ չես կարող գտնել արդեն»,- դժգոհել են Ծղուկի բնակիչները:

Ու հիմա, առանց այն էլ ջուր չունեցող համայնքում մի հատ էլ մարզպետն է հիդրոկասկադ ստեղծում, ինչի հետեւանքով, բնականաբար, կարելի է ենթադրել, որ գյուղացիները կզրկվեն ջրից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի says:

    Լիսկայի տանը մի ամբողջ զինանոց գտան, բայց «դզեցին-փչեցին». իբր բոլորը «օրինական» էր, երբ ձայնագրությունները հստակ ապացուցեցի՛ն հակառակը:

  2. Վարազ Սյունի says:

    Հայաստանում միայն հանք, հէկ ու եկեղեցի է բացվում: Դրա համար է երկիրը հայտնվել այդ վիճակում:

    Սյունիքն այսօր դե ֆակտո ֆեոդալական բդեշխություն է: Նշանակալի բիզնես անում են հիմնականում (կամ բացառապես) նախկին ու ներկա պաշտոնյաներն ու իրենց հարազատները. կամ դրսում շատ փող աշխատած եզակի մարդիկ: Միջին դասակարգ չկա ու չի ձևավորվում. արդար մրցակցություն ու հավասար պայմաններ չկան: Մե՛կ կուսակցական համակարգում տնտեսություն չի՛ զարգանում: Սյունիքը 2 մասի է բաժանված՝ հարուստների փոքր խումբ… ու օրվա հաց հայթայթողներ: Բայց «քաջ» սյունեցիները շարունակում են մեդալներ ստանալ նախկինում պաշտոնապե՛ս 3 դատված Լիսկայից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930