«Այն լուծումները, որոնք փորձում են կյանքի կոչվել ճնշումների ներքո, այդքան էլ չեն աշխատում: Դրա համար ասել, որ մեծ ակնկալիքներ կան հանդիպումից, նման պատրանք չունեմ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում հունիսի 23-ին անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում վերջերս տեղի ունեցած ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նրա գնահատմամբ` հայկական կողմի համար հանդիպման իրական արդյունքը ձեռք բերված ժամանակն է. «Եթե խելոք լինենք եւ ճիշտ օգտագործենք այն, պատրաստ կլինենք ցանկացած զարգացումների: Եթե չօգտագործենք, Ալիեւը հասկանալու է, որ ճնշումների տակից դուրս գալու համար պետք է ինչ-որ բան ապացուցի` ապրիլյան գործողության պես մի գործողությամբ»:
Պողոսյանի դիտարկմամբ` սանկտբետերբուրգյան հանդիպմանը դիտորդների թվի ավելացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը եւս մեկ անգամ հաստատում է` «ստատուս քվոն» պետք է պահպանվի. «Ալիեւին սա ձեռնտու չէ, նա փորձելու է ապակայունացնել իրավիճակը: Մենք էլ պետք է պատրաստ լինենք: Կայունության երաշխավորը մնում է մեր բանակը, եւ ռազմական միջոցներով պետք է շատ արագ այն հասցնենք համապատասխան մակարդակի: Դիվանագիտությունն էլ պետք է ապահովի այն քայլերը, որոնք հայկական կողմը ցանկանում է ներկայացնել աշխարհին»:
Aravot.am-ի հարցին, թե Ռուսաստանն ինչպե՞ս կօգտագործի Արցախյան հակամարտության գործոնը, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Ռուսաստանն այն օգտագործում է իր շահերն առաջ տանելու համար եւ օգտագործում է դեռեւս 1921թ.-ից: Մտածելու է` ինչպե՞ս անի, որ տարածաշրջանում ունենա ազդեցություն: Ռուսական զորքերն Արցախ բերելը երազանք կլինի ՌԴ-ի համար, իսկ հայկական կողմը գիտակցում է` դա ինչ է նշանակում, այլ երկրներն էլ չեն ողջունում: Պարտադիր չէ, որ մենք սպասարկենք Ռուսաստանի երազանքները: Մեր լավագույն խաղաղապահ ուժը պաշտպանության բանակն է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ