Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքարը պարզապես 7 դրամի համար չէր». Դանիել Իոաննիսյանը՝ Electric Yerevan-ի մասին

Հունիս 23,2016 16:50

«Հունիսի 23-ի բռնությունները ավելի շատ մարդկանց մոբիլիզացրեցին»,- «Electric Yerevan» էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարից մեկ տարի անց՝ հունիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Նա նշեց, որ պայքարը պարզապես 7 դրամի համար չէր, բայց հունիսի 23-ին ոստիկանության գործողությունը մոտիվացրեց մարդկանց դուրս գալ պայքարի: Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 237 ցուցարարի՝ պնդելով, որ բոլորը կասկածվում են խուլիգանություն կատարվելու մեջ, այն դեպքում, երբ քննչական կոմիտեն ավելի ուշ հայտարարեց, որ ոչ մի խուլիգանություն չի եղել:

«Ոստիկանությունն առ այսօր հարցը փորձում է ներկայացնել առանց կենտրոնացած հրամանի գործողություն: Ոստիկանությունը պնդում է, որ չի եղել առանձին հրաման ցույցը ցրել, որ չի եղել վերեւից եկած հրաման ջրանետները օգտագործել, եւ այլն … Սա ամեն կերպ ոստիկանության կողմից հերքվում է, թեեւ ակնհայտ է, որ ջրանետը ջրանետի հաշվարկի հրամանատարի որոշմամբ չի եկել ու սկսել գործածվել, սա անհնար է»,- ասաց նա:

Դանիել Իոաննիսյանը ընդգծեց, որ առ այսօր չկա որեւէ ոստիկան, որը գործում որպես մեղադրյալ ներգրավված լինի, նույնիսկ կասկածյալ չկա: Այնինչ, ըստ նրա, գործում պետք է լիներ մոտ 300-400 տուժող, ում խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակվել է, ում տարել են ոստիկանության բաժնին, եւ բոլոր ոստիկանները, որոնք մարդկանց տարել են բաժին, ջրանետ են կիրառել, հրաման են տվել, տեղում տեսել են, թե այլ ոստիկանները ինչպես են հանցագործություն կատարում եւ չեն միջամտել, պետք է որպես մեղադրյալ ներգրավվեին:

«Այդտեղ ներկա երեք գեներալների մասով կան ականատեսների հրապարակավ վկայություններ, որոնք կոնկրետ գեներալների մասով հանցագործությունների ապացույցներ են պարունակում: Երեւանի ոստիկանապետը, որը համաձայն ոստիկանությունից ստացված գրությունների՝ որոշել է գործողության սկսելու պահը, եւ ում լուռ համաձայնությամբ ծեծվել է «Գալա» հեռուստաընկերության լրագրողը, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը ընդհանրապես անհասկանալի է, թե այդտեղ ինչ է անում, որովհետեւ պաշտոնապես ոստիկանության զորքերը այդ գործողությանը չեն մասնակցել, անգամ կադրերում երեւում է, թե ինչպես է ինքը հրահանգում հարձակվել լրագրողի վրա, այդ մասին նաեւ վկայություններ կան եւ նաեւ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որը ըստ ականատեսի վկայության, հրահանգել է լրագրողի ձեռքից վերցնել տեսախցիկը: Սա ոչ թե մի քանի ոստիկանների կատարած հանցագործություն է, սա մի ամբողջ հանցավոր խմբի կատարած հանցագործություն ոնց որ լիներ: Հանցավոր խմբի, որը կրում է ոստիկանության համազգեստ, մի մասը չէր կրում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930