Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքի ազատագրման գործողության ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից օրեր առաջ ազատվել է մոտ 350 եզդի կին եւ երեխա: Այս մասին այսօր` հունիսի 22-ին, «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց «Շամս մարդասիրական» հ/կ նախագահ Ռուստամ Բաքոյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայումս մի քանի հազար եզդի կանայք դեռեւս գերի են պահվում Մոսուլում, Ռաքքայում. «Շուկաներում նրանց հանում են վաճառքի` 15-ից մինչեւ 1000 դոլարով: Սա այն դեպքում, երբ ահաբեկիչներն են իրար մեջ գնում: Գինը կախված է մաշկի եւ աչքերի գույնից, տարիքից, տեսքից: Եթե եզդիական համայնքի ներկայացուցիչները կամ հարազատներն են փորձում գնել իրենց կանանց եւ աղջիկներին, գինը հասնում է 20-30.000 դոլարի: Ընդ որում, ոչ միշտ է հաջողվում գնել: Հաճախ եզդիները վճարում են գումարը, սակայն նրանց աղջիկները հետ չեն վերադարձվում»:
Բաքոյանը տեղեկացրեց, որ վերջերս ԻՊ մայրաքաղաք հռչակված Ռաքքան ազատագրելու փորձի ժամանակ 20-ից ավելի եզդի կին է ազատագրվել: Նաեւ նշեց, որ Իրաքի փախստականների ճամբարում կան հազարավոր` միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ եզդի երեխաներ. «Իրականում Իրաքի եզդիական ճամբարներում ծայրահեղ ծանր է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ