«Շատ լավ է` թող գնա, կիսվի, պատմի` ինչ է տեղի ունեցել, ինչ-որ կերպ հայկական կողմը պե՞տք է տեղեկություններ տրամադրի Արցախին սանկտպետերբուրգյան հանդիպման մասին: Պետք է հանդիպումներ լինեն»,-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ Արցախ կատարած այցն այսպես է մեկնաբանում ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
«Ի վերջո` Սերժ Սարգսյանն իր տուն է այցելել: Չմոռանանք, որ այնտեղ է նրա ծնողի գերեզմանը: Ամեն հայ եթե ամեն օր Արցախ այցելի, միայն ուրախ կլինենք»,-«Տեսակետ» մամուլի ակումբում հունիսի 23-ին ասաց նա:
Անդրադառնալով Հռոմի պապի` Հայաստան կատարելիք այցին, պատգամավորը փաստեց, որ ողջ քրիստոնյա աշխարհն է այն լուսաբանելու, սակայն Հռոմի պապի ուղերձները պետք է տեղ հասցնել աշխարհին. «Բոլոր ուղղություններով պետք է աշխատել, եթե չօգտվենք այս հնարավորությունից, մի քանի օր անց այցը կմոռացվի»:
Կարդացեք նաև
Թեւան Պողոսյանը մեկնաբանեց նաեւ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդի` Էրդողանին ուղղված նամակը. «Ցանկացած հայ իրավունք ունի գալ Հայաստան, նաեւ իր վերաբերմունքն արտահայտել: Եթե ցանկանում է գալ եւ բացատրել իրավիճակը, թող գա եւ բացատրի` արդյոք ճնշումներո՞վ է գրել այդ նամակը: Պետք է գիտակցի, որ ավելի շատ ոչ թե մեզ է վնասել, այլ Թուրքիայի հայ համայնքին, որը երես թեքեց նրանից»:
Հիշեցնենք` Մայր Աթոռը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ Արամ սրբազանն այս օրերին չի այցելելու Երեւան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ