Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունը շատ ավելին էր պահանջում նրանցից, քան պետք էր. Ավետիք Իշխանյանը՝ Electric Yerevan-ի մասին

Հունիս 23,2016 16:07

«Իմ գնահատականով՝ Հայաստանի պատմության մեջ ամենապայծառ դեպքերից մեկն էր»,- «Electric Yerevan» էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարից մեկ տարի անց՝ հունիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա նկատեց, որ նույնիսկ ոստիկանության գործողություններից հետո երիտասարդները չհուսահատվեցին եւ կրկին հավաքվեցին Բաղրամյան պողոտայում. «Ես ինքս շատ ոգեւորված էի, եւ այդպիսի պոռթկում ես Հայաստանի պատմության մեջ ուզում էի հիշել, բայց չէի կարողանում գտնել, թե մեկ էլ երբ է եղել: Ինչ-որ մի պահ հասարակության մեջ սկսեցին տարբեր խոսակցություններ, հատկապես՝ երբ պայմանական նրանք բաժանվեցին, մի մասը գնաց Օպերայի բակ: Սկսեցին ասեկոսեներ, բամբասանք: Ես կասեմ, որ հասարակությունը շատ ավելին էր պահանջում նրանցից, քան պետք էր պահանջել: Նրանք փորձված քաղաքական ուժ չէին եւ քաղաքական հարց էլ չէին դրել: Ինչ-որ մի պահի պատասխանատվության այն հզոր բեռը, որ նրանց վրա եկավ, եւ նրանցից արդեն պահանջում էին քաղաքական որոշումներ, նրանք պատրաստ չէին եւ շատ բնական է, որ պատրաստ չէին»:

Ավետիք Իշխանյանը նաեւ բնական է համարում այն հանգամանքը, որ շարժումը մարեց. «Մենք անընդհատ պահանջում ենք՝ այսպես արեք, այնպես արեք: Այդ տղաները արեցին այն, ինչ-որ այդ ժամանակ հնարավոր էր: Եվ ես նրանցից շնորհակալություն եմ հայտնում մի տարի հետո, որ նրանք ցույց տվեցին, որ հայ երիտասարդության մեջ կա դեռեւս այդ ավյունը: Կարո՞ղ է դա կրկնվել, ես կարծում եմ, որ այո, կարո՞ղ է կրկնվել ավելի կազմակերպված եւ հեռահար նպատակներով, ես հույս ունեմ, որ այո, որովհետեւ կարծում եմ՝ դա մի մեծ փորձ էր, եւ եթե նրանք շարունակեն իրենց մտորումները, կազմակերպված ձեւ տան իրենց աշխատանքներին: Եվ նաեւ ես շատ կուզենայի, որ նրանք դառնային քաղաքական ուժ, որովհետեւ հոգնել ենք այդ հին 80-ական թվականների քաղաքական ուժերից: Եվ նրանք թարմ շունչ կբերեն, ու կարող է այդ փոփոխությունները նրանցից կախված լինեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930