Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրաքյան Քուրդիստանը տարածքային հավակնություններ ունի Սինջարի հանդեպ». Սաշիկ Սուլթանյան

Հունիս 23,2016 15:55

Ըստ ՄԱԿ-ի վերջին զեկույցներից մեկի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատանդ է պահում հազարավոր եզդի կանանց, իսկ եզդի փախստականների թիվն Իրաքում անցնում է 400.000-ից: Այս մասին հունիսի 23-ին «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց եզդիական «Եզիդիմեդիա» լրատվական կայքի խմբագիր Սաշիկ Սուլթանյանը:

«Իրաքյան Քուրդիստանը տարածքային հավակնություններ ունի Սինջարի հանդեպ, որտեղ 400.000-ից ավելի եզդի փախստական է գտնվում եւ որտեղ կռվում է եզդիական բանակը: Փորձում են ազատվել եզդիներից` ուղարկելով Եվրոպա: Ցանկանում են վերցնել Սինջարը եւ Իրաքից բնիկ եզդիներին հանել: Մինչդեռ լայնածավալ գործողություններ պետք է արվեն, որ իսլամական ծովում պահպանվի ոչ մուսուլման եզդիական համայնքը: Պետք է փորձել ահաբեկչությանը վերջ տալ, ոչ թե մարդկանց տեղահանել»,-ներկայացնելով Իրաքի եզդիների խնդիրները` ասաց նա:

Սուլթանյանը նշեց, որ քրդական եւ եզդիական զորամիավորումների միջեւ տարաձայնություններ կան. «Իրաքյան Քուրդիստանը հեղինակության է հասել միջազգային ասպարեզում եւ փորձում է եզդիական բանակին նյութական, իրավական եւ քաղաքական շրջափակման մեջ դնել եւ եզդիների խնդիրը բարձրաձայնելու մենաշնորհը վերցնել իր ձեռքը: Եզդիական բանակը կարողանում է դիմակայել մարտահրավերներին, իսկ Իրաքի կառավարությանը ձեռնտու է, որ Հյուսիսային Իրաքում լինի ոչ մուսուլման ուժ` որպես հակադիր բեւեռ անկախանալ ցանկացող Իրաքյան Քուրդիստանին: Քրդերի հետ հակամարտությունն անխուսափելի է, քանի որ Քուրդիստանը փորձում է ոտնահարել եզդիների իրավունքները եւ նրանց օգտագործելով` միջազգային հանրությունից ստանալ աջակցություն եւ անկախություն»:

Բանախոսի փոխանցմամբ` եզդիական բանակի կազմում 6000 մարտիկ է կռվում` Սինջարում եզդիների անվտանգությունն ապահովելու համար. «Սինջարում պետք է անվտանգության պայմաններ ապահովվեն եզդիների համար: ՄԱԿ-ը կարող է անվտանգության գոտի ստեղծել, կամ էլ լիազորություններ պետք է տան եզդիական բանակին, որպեսզի վերջինս նաեւ մյուս փոքրամասնությունների` ասորիների, թուրքմենների անվտանգությունն ապահովի: Նրանք եւս բռնությունների են ենթարկվում»:

Սուլթանյանի խոսքով` եզդիների առաջին ցեղասպանության գործում Իրաքյան Քուրդիստանն իր դերն է ունեցել. «Ամեն օր սպանվում են եզդիներ, սակայն սպանողները չեն պատժվում: Քուրդիստանը խոչընդոտում է նաեւ Սինջարում եզդիների վերաբնակեցմանը: Եթե վերաբնակեցում լինի, եզդիները կարող են ինքնավարություն հռչակել, քանի որ զորք ունեն: Իսկ դա Քուրդիստանի շահերից չի բխում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karen says:

    ”…որ իսլամական ծովում պահպանվի քրիստոնեական եզդիական համայնքը” ???
    Միգուցե, ”քրիստոնեական եզդիական”-ի արանքում մի հատ ”ու” դնեք և ”համայնքն” էլ հոգնակիով գրեք: Մարդը հաստատ էդպես բան չի ասել, իրենց կրոնն իրենք գիտեն: Իսկ Դուք գրելուց ուշադիր եղեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930