Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո մահապատի՞ժ չէ, որ Թուրքիային մոնիտորինգի տակ չեք բերում». Արմեն Ռուստամյան

Հունիս 23,2016 14:40

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), թեև ընդունեց  Թուրքիային քննադատող զեկույց, սակայն այդպես էլ քաղաքական որոշում չկայացրեց` մոնիտորինգ իրականացնել Թուրքիայում:

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ստրասբուրգից հայտնեց, որ շատերը, բանից անտեղյակ, սկսել են եզրակացություններ անել Թուրքիայի զեկույցի ընդունման և քվեարկության վերաբերյալ:

Տեղեկացրել էինք, որ Արմեն Ռուստամյանը «դեմ» էր քվեարկել  այս զեկույցին, որը քննադատություն է պարունակում Թուրքիայի հասցեին:

Մեզ հետ զրույցում պարոն Ռուստամյանը, պարզաբանելով իր`«դեմ» լինելու դրդապատճառը, հիշեցրեց, որ զեկույցների 99 տոկոսը քննադատում են, բայց հարց է, թե դրանից հետո ինչ եզրակացություն է կատարվում: Պարոն Ռուստամյանը նույնը հայտարարել է նաև Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին` պնդելով, որ Թուրքիայի հասցեին հնչող քննադատություններին պետք է քաղաքական գնահատական տան, ոչ թե միայն թվեն, որ այս այն հարցերը վատ են այդ երկրում. «Գիտենք, որ վատ է, բայց դրանից բխող եզրակացությունը ո՞րն է: Եթե տեսնեինք, թե թուրքերն ինչպիսի պայքար էին տանում ոչ այնքան փոփոխություններն անցնելու, այլ հենց այն փոփոխության դեմ, որը ենթադրում էր առնվազն գոնե մոնիտորինգ բացել: Եվ հենց դա չի անցել»: Ըստ պարոն Ռուստամյանի` այս նրբություններից անտեղյակ` մարդիկ «վերցնում միայն թղթերն են կարդում, անկապ եզրակացություններ անում»:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք պայքար են տարել, որ այս ամենը քաղաքական եզրահանգմամբ ու գնահատականով վերջանա. «Քաղաքական գնահատական չեն տվել`ազդվելով թուրք-ադրբեջանական լոբբինգից: Թուրքերը հսկայական աշխատանք էին տանում, ամեն ինչ ընդունում էին, միայն թե այդ քաղաքական եզրահանգումը չընդունվեր: Սա է խնդիրը, մենք դրան ընդվզելով` «դեմ» ենք քվեարկել: Բայց լրիվ հասկանում եմ նաև նրանց, ովքեր «կողմ» են քվեարկել: «Կողմն» էլ է բացատրելի, «դեմն» էլ. ամեն մեկի ենթատեքստերը պետք է հասկանալ»:

Նշենք, որ Արմեն Ռուստամյանը բավականին խիստ ելույթ է ունեցել այս հարցով, մինչև անգամ հայտարարել, թե «հո մահապատի՞ժ չէ, որ Թուրքիային մոնիտորինգի տակ չեք բերում, եթե ասում եք վիրավորում ենք Թուրքիային դրանով, ապա դա նշանակում է, որ վիրավորում եք բոլոր այն երկրներին, որոնք մոնիտորինգի տակ են»:

Արմեն Ռուստամյանը փաստեց, որ այս ամենի կողքին քաղաքական գործընթաց է տեղի ունենում, իսկ մարդիկ բանից անտեղյակ եզրահանգումներ են անում:

Մեր այն դիտարկմանը` փաստորեն այս զեկույցով առանձնապես ոգևորվել պե՞տք չէ, քանի որ քաղաքական գնահատական այդպես էլ չի տրվել, պարոն Ռուստամյանը եզրափակելով` արձագանքեց. «Թուրքիայի վերաբերյալ նախորդ բոլոր զեկույցներն էլ քննադատական են եղել, բայց Թուրքիային հանել են մոնիտորինգի տակից 12 լուրջ խնդիրներ նշելուց հետո, այդ ամենին էլ եմ դեմ եղել:»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930