Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) երեկ լիագումար նիստում ձայների 96 «կողմ» 24 «դեմ», 10 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» զեկույցը:
Հայկական պատվիրակության քվեարկության պատկերն է. «կողմ» են քվեարկել ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «դեմ» են քվեարկել զեկույցին:
Aravot.am-ը տիկին Զոհրաբյանից փորձեց պարզել` ինչո՞ւ են «դեմ» քվեարկել Թուրքիային քննադատող զեկույցին:
-Տիկին Զոհրաբյան, երեկ Դուք եւ Արմեն Ռուստամյանը «դեմ» քվեարկեցիք Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը վերաբերող զեկույցին, որը լուրջ քննադատության էր ենթարկում Թուրքիայում լրատվամիջոցների եւ խոսքի ազատության հանդեպ ոտնձգությունները, ինչպես նաեւ կային մի շարք այլ լուրջ քննադատություններ:
Կարդացեք նաև
– Այո, ես «դեմ» եմ քվեարկել եւ գիտեմ, թե ինչու եմ այդպես վարվել։ Շատ հեշտ է անխնա քննադատել, ինչ ասես գրել զեկույցում, սակայն, երբ առաջարկում ես, որ անհրաժեշտ է Թուրքիային կրկին վերադարձնել մոնիտորինգի ռեժիմի տակ, որպեսզի Թուրքիայում տեղի ունեցող խայտառակ գործընթացների հանդեպ մեր Վեհաժողովի իրական վերահսկողությունը լինի, չգիտես ինչու, կոկորդ պատռող եվրոպացիները հանկարծ սկսեցին կրծքով պաշտպանել Թուրքիային, ու մեկը մյուսի հետեւից, այդ թվում զեկուցողը, լալահառաչ ելույթներ ունեցան, թե չի կարելի Թուրքիայի հետ այդպես վարվել, չի կարելի Թուրքիային նեղացնել եւ նորից մոնիտորինգի գործընթաց սկսել։
Այսինքն` կարելի է Էրդողանի նուրբ եւ քնքուշ անձը վիրավորելու համար Թուրքիայի քաղաքացիների հանդեպ քրեական գործերի թիվը հասցնել արդեն 2000-ի, կարելի է 110 հազար կայք փակել, կարելի է լրագրողների հանդեպ մահափորձ իրականացնել, բայց, երբ պահանջում ես, որ եկեք Թուրքիայի հանդեպ վերսկսենք մոնիտորինգի գործընթացը, որը դադարեցվել էր 2004 թվականից, պարզվում է, այ դա արդեն անել չի կարելի, որովհետեւ Թուրքիան տարեկան 20 միլիոն եվրո է տալիս Եվրոպայի Խորհրդին ու հանկարծ կարող է նեղանալ։
Ինքնանպատակ քննադատություններին՝ ընդամենը «գոլորշի» բաց թողնելու համար, երբ դրան չեն հետեւելու կոնկրետ քայլեր, ես չեմ մասնակցում։ Իմ գործընկերները զեկույցում առկա քննադատությունը համարել են բավարար, դա ևս հարգանքի արժանի մոտեցում է. ես գտել եմ, որ ինչ-որ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ էր, որ Վեհաժողովը «կողմ» քվեարկեր Թուրքիայում մոնիտորինգի գործընթաց սկսելու առաջարկին: Եթե ընդունվեր առաջարկը, բնականաբար, ես երկու ձեռքով «կողմ» կքվեարկեի։
-Այդուհանդերձ, բանավոր մի առաջարկ անցավ, որ 2017 թվականին ԵԽԽՎ-ն կրկին անդրադառնա Թուրքիայի հարցին եւ որոշեն՝ սկսո՞ւմ են մոնիտորինգի գործընթաց, թե՞ Թուրքիան իր առջեւ դրված խնդիրները լուծել է։
-Ես չեմ հավատում, որ ԵԽԽՎ-ն նման համարձակություն կունենա՝ Թուրքիային կրկին բերելու մոնիտորինգի գործընթացի տակ։ Ու պատահական չէր, որ քաղաքական խմբերում եւ մասնավորապես մեր՝ եվրոպական պահպանողականների խմբում, որտեղ թուրքերը մեծաթիվ են, իրենք նիստից առաջ հենց այդ շանտաժն էլ անում էին` ասելով, որ մի մոռացեք` ով է ձեր բյուջե ամենամեծ մուտքերն անում, եւ եթե քվեարկեք մոնիտորինգի գործընթաց սկսելուն «կողմ»` մենք կարող ենք եւ գումարը վերանայել, ինչին ի պատասխան ես ասացի, որ Վեհաժողովը շանտաժով եւ տված գումարը թափահարելով` խոսելու տեղի չէ. այստեղ մեկ չափորոշիչ պետք է գործի բոլորի համար՝ անկախ նրանից 20 միլիոն ես տալիս, թե 5 լումա»։
Արմեն Ռուստամյանի պարզաբանումը, թե ինչու է «դեմ» քվեարկել զեկույցին` շուտով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ