Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի շրջանակներում Եվրոպայի ֆուտբոլային ամենահեղինակավոր առաջնությանը մասնակցելու նպատակով այդ երկիր մեկնած Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարում վիճաբանություն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել, երբ հավաքականի ֆուտբոլիստներն ու տեխնիկական սպասարկման անձնակազմը հյուրանոցում դիտել են Իտալիայի և Իռլանդիայի մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումը։ Որպեսզի թուրքերն իրավունք ստանային շարունակել հետագա պայքարը՝ անհրաժեշտ էր, որ Իռլանդիան չհաղթի Իտալիայի հավաքականին, բայց իտալացիները պարտվեցին նվազագույն հաշվով։
Հասկանալով, որ այդպիսով Թուրքիան զրկվում է հետագա պայքարը շարունակելու հնարավորությունից, Իտալիա-Իռլանդիա հանդիպմանը հետևող Թուրքիայի հավաքականի ճամբարում մթնոլորտը լարվել է։
Հանդիպման ավարտից հետո Թուրք ֆուտբոլիստ Ջաներ Էքինը, նկատի ունենալով հավաքականի տեխնիկական անձնակազմին, ասել է. «Բոլորը մեզ մեջքով են շրջվել»։ Ֆուտբոլիստի այս հայտարարությանն ի պատասխան՝ հավաքականի ճամբարի աշխատանքներում ներգրավված նախկին ֆուտբոլիստ Թյումեր Մեթինն ասել է. «Իրականում ձեզանից ոմանք են մեջքով շրջվել թիմին»։ Սրանից հետո կողմերի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել, որին միացել են նաև այլ ֆուտբոլիստներ։