Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում Կարապետ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքն իրականում ինքը չի գրել, այլ այն կեղծել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Կարապետ Ա.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել դատաձեռագրաբանական և փաստաթղթաբանական համալիր փորձաքննություններ:
Հաշվի առնելով, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչի կողմից կազմված Կարապետ Ա.-ի՝ որպես վկայի հարցաքննության արձանագրությունում առկա ստորագրությունները և ձեռագիր գրառումները կատարվել են անձամբ Կարապետ Ա.-ի կողմից:
Կարդացեք նաև
Այս կերպ՝ քրեական դատավարության մասնակից Կարապետ Ա.-ն ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչին անհիմն մեղադրել է հանցագործության կատարման մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել հիշյալ վարչության քննիչի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ի գիտություն քաղաքացիների
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմումատուներին ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հանցագործության մասին կեղծ հաղորդումներ ներկայացնելուց:
Ասենք, որ 2016 թվականի անցած ժամանակահատվածում սուտ մատնության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել և քննվում են արդեն 29 քրեական գործեր, որոնցից 13-ի նախաքննությունն ավարտվել է և քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Մեղավոր բոլոր անձինք դատապարտվել են:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն