Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապօրինի շինարարության օրինականացում

Հունիս 23,2016 12:24

Երևան քաղաքի կենտրոնում շարունակվում է քաղաքաշինական «բեսպրեդելն» ու ապօրինի՝ մարդու իրավունքները խախտող շինարարական ծրագրերի իրականացումը։

Նալբանդյան 106/1 հասցեում չորս տարի առաջ ապօրինաբար սկսված շինարարության ծրագրի հաստատումից ի վեր՝ տեղում արդեն ավելի քան ութ հարկ բարձրության շենք է կառուցվել։ Վերջերս շրջակա շենքերի բնակիչներն, ովքեր շուրջ հինգ անգամ հանդիպել էին այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և Նալբանդյան 106/1-ում իրականացվող քաղաքաշինական ծրագրի ներդրող Գևորգ Մարդանյանի հետ, կրկին դիմեցին քաղաքապետարան, որպեսզի հարգվի իրենց՝ չորս տարի առաջ ձեռքբերած պայմանավորվածությունը այն է, շենքը յոթ հիմնական և մեկ մանսարդային հարկից ավելի բարձր չլինի, ինչն ուղղակիորեն բխում էր նաև ՀՀ Կառավարության՝ 2014 թվականի հուլիսի 31-ի N 814-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից։

Այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունները ներդրողի հետ միասին որոշեցին կրկին խաբել Նալբանդյան 106/1-ի շրջակա շենքերի բնակչությանը։ Կառուցապատողը սկսեց ավելացնել հարկերը, չնայած քաղաքացիները հստակ պահանջ էին ներկայացրել քաղաքային իշխանություններին՝ «վերացնել ավելացված հարկերի ամրանները և սկսել կտուրի կառուցման եզրափակիչ աշխատանքներ, ինչպես նաև տրամադրել կառուցվող շենքի հարկայնության պայմանների չխախտման վերաբերյալ գրավոր հավաստիացում»։

Ավելին, սույն թվականի ապրիլի 28-ի N452-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունն արդեն կատարված ապօրինության հիման վրա խմբագրեց գերակա շահի նախկին որոշումը՝ փոխարինելով «մինչև 7 վերգետնյա և նահանջած մանսարդային» բառերը «9 վերգետնյա հարկով և մեկ ետնահանջ հարկով» բառերով, իսկ շինարարության ավարտի ժամկետը երկարաձգեց մինչև 2018 թվականը։

Այսքանից ստանում ենք Հայաստանում կիրառվող քաղաքաշինության ոլորտի ապօրինությունների ռազմավարության ամբողջական պատկերը։ Ապօրինի աշխատանքները սկզբում տեղի են ունենում պատկան մարմինների թողտվությամբ, ապա օրինականացվում են ազդակիր համայնքի մեջքի հետևով՝ ներդրող-քաղաքապետ-վարչապետ ձևաչափում կատարվող ինչ-ինչ կասկածելի գործարքների արդյունքում։

Ինչ վերաբերում է Նալբանդյան 106/1-ի մասնավոր օրինակին, որտեղ քաղաքացիների բողոքները քաղաքապետարանն ուղղորդում է կառուցապատողին՝ ավելի շատ սլաքն ուղղելով ապօրինությունը նկատողների, քան թե ապօրինության հեղինակների վրա, իսկ գերակա շահի որոշումն ըստ պահանջի խմբագրվում է, ապա նշված իրողությունները ևս մեկ անգամ հիմք են տալիս հիշելու շենքի շինարարությունը բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապող վարկածները ։

Մեր քաղաքը ՀՔՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. K13 says:

    փաստորեն քրեական գործ չեն հարուցել, հետո էլ կառավարությունով անցկացրել են երկու հարկ ավելացնելու որոշում, որպեսզի ապօրինությունը դառնա օրինական․ “Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, եւ նյութերի նախապատրաստման ընթացքում Երեւան քաղաքի Նալբանդյան 106/1 հասցեում նորակառույց շինությունն իրականացնող «Ավագ Շին» ՍՊ ընկերության աշխատակիցը բացատրություն է տվել այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքով սույն շենքը պետք է լինի բաղկացած յոթ հարկից եւ մանսարդային հարկերից: «Ավագ Շինի»-ի աշխատակիցը նաեւ կոմիտեին հայտնել է, որ շինարարությունն իրականացվում է ըստ ժամանակացույցի, եւ ներկայումս շինարարության ընթացքում որեւէ շինարարական նորմերի խախտումներ չեն արձանագրվել, ու շինարարական նորմերի խախտումների մասով վերջիններս վարչական տույժերի չեն ենթարկվել”:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/03/04/663670/

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930