2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայի և Ջիբրալթարի բնակչությունը պետք է որոշի առաջիկա տասնամյակների զարգացման վեկտորը՝ պատասխանելով համաժողովրդական հանրաքվեի դրված հարցին. «Պե՞տք է արդյոք Մեծ Բրիտանիան շարունակի անդամակցել Եվրամիությանը, թե՞ պետք է դուրս գա դրա կազմից»։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Վերը նշված բովանդակությամբ հանրաքվե անցկացնելու հարցը Բրիտանիայի ներքաղաքական օրակարգում հայտնվեց, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացավ 2015թ. ընտրություններում հաղթելու դեպքում հանրաքվե անցկացնել՝ ի պատասխան իր անդամակցած «Պահպանողական», ինչպես նաև «Անկախություն» կուսակցություններից հնչած պահանջների։
Հաղորդվում է, որ քվեարկության իրավունք ունի շուրջ 46 միլիոն 500.000 մարդ, որից 24,1 միլիոնը Ջիբրալթարի բնակիչներն են, որոնք նույնպես մասնակցելու են Բրիտանիայի ապագան որոշող քվեարկությանը։
Սկզբնական շրջանում հարցումները ցույց էին տալիս, որ Եվրամիությունից դուրս գալուն կողմ և դեմ արտահայտվողների հարաբերակցությունը գրեթե հավասար է, սակայն հետագա օրերին երևաց, որ Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցների թիվն ավելի է աճում։ Սրան ի պատասխան, քվեարկությունից առաջ վերջին օրերին Եվրամիության անդամակցությանը կողմ արտահայտվողները՝ Քեմերոնի գլխավորությամբ, ավելի կոշտ հռետորաբանություն որդեգրեցին, որի արդյունքում ձայների հարաբերակցությունը կրկին հավասարվեց։
Կարդացեք նաև
Օրենքի համաձայն՝ Բրիտանիայում ընտրական տեղամասերը կփակվեն 22։00-ին։ Քվեարկության պաշտոնական տվյալները կհաղորդեն 2016թ. հունիսի 24-ի առավոտյան՝ Մանչեսթերում։