Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերնդափոխությունը հասունացել է

Հունիս 23,2016 10:01

Մեկ տարի առաջ ես վերջնականապես համոզվեցի, որ այն սերունդը, որը գալիս է մեզնից հետո, իր պետական որակներով ավելի լավն է, քան մենք: Դա տեղի ունեցավ «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ: Երիտասարդները, որոնք բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, չէին հարում որեւէ կուսակցության, նրանք չունեին վառ արտահայտված լիդերներ, հանդես չէին գալիս «ուղեղի կոշտուկ» առաջացնող, 25 տարի կրկնվող ճառերով եւ կարգախոսներով: Նրանք պարզապես եկել էին ու նստել Բաղրամյան պողոտայում, այնտեղ գիշերներ էին անցկացնում, երգում էին, պարում, շփվում: Նրանք տարբեր էին իրենց կրթական ցենզով, սոցիալական վիճակով եւ ծագումով, բայց նրանց միավորում էր ՊԵՏՈՒԹՅԱՆ զգացողությունը, պետություն, որտեղ նրանք ծնվել են եւ որտեղ, հուսով եմ, պատրաստվում են ապրել:

Դա դրական էներգիայի մի ժայթքում էր, որը մենք տեսանք նաեւ այլ՝ ավելի ողբերգական հանգամանքներում՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց տեսեք՝ դարձյալ նոր, չեմ վախենա այդ բառից՝ պայծառ սերնդի դրսեւորում: Նրանք, կարծես թե, եկան ապացուցելու հայտնի ճշմարտությունը, որ խիզախությունն այն չէ, երբ մարդ ոչ մի բանից չի վախենում, այլ այն դեպքն է, երբ մարդն ունի իր վախը հաղթահարող ավելի բարձր նպատակներ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ էներգիան չի օգտագործվում մեր երկրի առաջ կանգնած լրջագույն խնդիրները լուծելու համար: Եվ, մասնավորապես, ինչո՞ւ են ասպարեզում եղած կուսակցական երիտասարդները, ի տարբերություն սահմանին կանգնածների եւ «Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցների, այդքան գորշ, ձանձրալի եւ «քառակուսի»:

Պատճառն այն է, որ մենք 25 տարում չենք ստեղծել այն «վերելակները», որոնք կբարձրացնեն արժանիներին: Նորմալ երիտասարդը խորշում է պետական ծառայությունից կամ քաղաքական գործունեությունից նույնիսկ այն դեպքում, եթե նրա համար ինչ-որ հրաշքով նման հեռանկար է բացվում: Տեսնելով փողկապավորներին եւ կրծքանշանավորներին՝ նա ամեն ինչ անում է այդ միջավայրից խուսափելու համար:

Դա շատ բնական է, բայց այդպես չի կարող երկար շարունակվել: Երբ ես տեսնում եմ, որ ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքներին, բացի բուն կուսակցականներից, գալիս են Ազատության հրապարակի շրջակայքում զբոսնող թոշակառուները եւ խնդրում են՝ «Պողոս ջան, Պետրոս ջան, էս իշխանություններից մեզ փրկիր», ես հասկանում եմ, որ սերնդափոխության ժամանակը եկել է: Լավագույն երիտասարդները, որոնք, կրկնեմ, Հայաստանում մեծամասնություն են կազմում, քաղաքական եւ հասարակական ասպարեզներում տեղ չեն գտնում, հետեւաբար նրանք վաղ թե ուշ իրենց պահանջներով կհայտնվեն փողոցում: Պահանջները լինելու են կոնկրետ. օրինակ՝ չընդունել ազնիվ մարդկանց եւ բարեխիղճ հարկատուների դեմ ուղղված նոր հարկային օրենսգիրքը:

Եվ եթե պահանջը ձեւակերպվի հստակ եւ գրագետ, ոստիկանությունը չի իմանա, թե ինչ է պետք անել: Ինչպես «Էլեկտրիկ Երեւանի» դեպքում:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Շատ գունավոր եք տեսնում, պարոն Աբրահամյան: Երանի Ձեզ: Հենց Ձեր թերթում այնքան հստակ եւ գրագետ ձեւակերպված պահանջեր կան, որ եթե դրանց 10%-ն էլ իրականություն դառնա, մեր կյանքի որակը շատ-շատ կլավանա: Բայց…ոչ միայն ոստիկանությունը, այլեւ Ձեր ասած ողջ փողկապավորներն ու կրծքանշանավորները թքած ունեն ցանկացած հստակ եւ գրագետ ձեւակերպված պահանջի վրա: Այնպես որ, իրենք լավ էլ գիտեն ինչ անեն: Ոչինչ չանելը նույնպես անել է: Դու ինչքան ուզում ես ճիշտ, հիմնավոր, հստակ եւ գրագետ ձեւակերպված պահանջեր ներկայացրու: Լսող՝ միեւնույն է չկա:

  2. Նորիկ says:

    Բայց, «Էլեկտրիկ Երեւանի» դեպքում կարծես թե ոստիկանությունը լավ էլ իմացավ ինչ անի ու արեց,պարոն Աբրահամյան։Հա,իմիջիայլոց, գրագետ և օրենքն էլ լավ իմացող լրատվամիջոցների ներկայացուցիների հանդեպ էլ կարողացավ ոնց ուզի, էնպես էլ անի ու էդպես էլ պատասխան չտվեց արարքների համար։

  3. Լավատես says:

    `այն սերունդը, որը գալիս է մեզնից հետո, իր պետական որակներով ավելի լավն է, քան մենք:`

    Սերնդի լավն ու վատը որոշվում է նրանով, թե որքանո՞վ է այդ սերունդը ընդունակ ինքնամաքրվելու, որ իր կեղտն ու հիվանդությունները նոր անարատ մատաղ սերնդին թշնամաբար չփոխանցի, այնպես որ այսօրվա անորակ ղեկավարների խնդիրը ոչ թե անարատ երիտասարդությունը պետք է լուծի, այլ հենց մենք՝ այդ անորակ ղեկավարների սերնդակիցները: Եկեք մեր սերնդի լավագույն ներկայացուցիչներին թեւ ու թիկունք լինենք, նրանց բերենք իշխանության, որ նրանք մաքուր սիրուն հպարտ պետություն փոխանցեն մեր երիտասարդ սերնդին ու մի բան էլ օրինակ ծառայենք նրանց համար: Հերիք է մեր երիտասարդներով հիանանք, եկենք մի բա’ն էլ անենք նրանց համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930