Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան վերադառնում է «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը

Հունիս 23,2016 16:00

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը վերլուծում է, թե ինչու Թուրքիան ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին քայլեր չձեռնարկեց
ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

– Թուրքական Hurriyet Daily News-ում, որը երկրի առաջատար պարբերականներից մեկն է, մի հոդված հրապարակվեց, որտեղ հարց է դրվում՝ ինչո՞ւ Թուրքիան չի բարելավում իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ճգնաժամի ֆոնին: Եվ իրոք, ըստ էության, Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը՝ կտրելով Հայաստանին նաեւ ՆԱՏՕ-ից, դիմացը «ստացել» ռուսական ռազմաբազա՝ դրանով չավելացնելով իր անվտանգությունը: Հոդվածագիրը խոստովանում է, որ այդ քայլին միանշանակորեն դեմ կլինեն Մոսկվան եւ Բաքուն: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ն արդյոք այսօր նախադրյալներ՝ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների նորմալացման նոր գործընթաց նոր պայմաններում սկսելու համար, թե՞, այնուամենայնիվ, նման խոսակցություններն ընդամենը տրամադրություններ են «շոշափում» եւ ոչ ավելին:

– Կարծում եմ, որ այստեղ կա մի քանի հիմնական գործոն, թե ինչու Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին քայլեր չձեռնարկեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Արդեն նշեցի, որ Թուրքիան չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը՝ ամենեւին էլ չի ցանկանում այդ իրավիճակի պահպանում կամ խորացում, ընդհակառակը՝ շահագրգռված է «հին օրերին» վերադարձ կատարելով:

Երկրորդ եւ թերեւս էլ ավելի լուրջ գործոն եմ համարում Թուրքիայի կողմից Ադրբեջանի դժգոհությունն ու հակազդեցությունը չհարուցելու գործոնը: Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունից հետո մենք տեսանք, թե դա որքան սուր ընկալվեց Ադրբեջանում, ինչն, ըստ ամենայնի, չէին կանխատեսել անգամ Թուրքիայում: Այժմ իրավիճակն այլ է. Թուրքիայում քաջ գիտակցում են, թե Հայաստանի հետ սահմանի բացումը հարուցելու է Ադրբեջանի խորին հակազդեցությունը, որը բուռն արձագանքեց անգամ Երեւան-Վան չվերթների բացման հնարավորությանը, ինչն էլ ի վերջո չկայացավ:

Թուրքիայում հասկանում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը տնտեսական առումով կնպաստի, այսպես կոչված, Serhat (սահմանային) գոտու զարգացմանը, կենսամակարդակի որոշակի բարձրացմանը, որի մեջ մտնող 4 նահանգները ունեն բավական թույլ զարգացվածություն (Կարսի նահանգը սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշով Թուրքիայի 81 նահանգների թվում 68-րդն է, Իգդիրի նահանգը` 69-րդը, Արդահանի նահանգը` 71-րդը, իսկ Աղրըի (Արարատ) նահանգը` 79-րդը): Սակայն դա ծանրակշիռ գործոն չէ. քրդական հոծ բնակչությամբ այդ նահանգների զարգացումը Թուրքիայի իշխանությունների համար առաջնահերթ խնդիր չէ:

Մյուս կողմից էլ՝ Թուրքիայում քաջ գիտակցում են, թե տնտեսական առումով իր համար որքան օգտակար կարող է լինել Ադրբեջանը, որը ներկա դրությամբ նրա երրորդ հիմնական գազամատակարար երկիրն է՝ Ռուսաստանից ու Իրանից հետո: Թուրքիան ամենաէժան գնով գազը ստանում է հենց Ադրբեջանից: Չպետք է մոռանալ կառուցման փուլում գտնվող «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) մասին, որը նպաստելու է Եվրոպա ադրբեջանական գազի արտահանմանը, եւ որով կմեծացվի Թուրքիային ադրբեջանական գազի մատակարարման ծավալը:

Եթե հետագայում Իրանից Թուրքիային մատակարարվող գազի ծավալը մնա նույնը (1996 թվականին երկու երկրների միջեւ կնքված 25-ամյա համաձայնագրով Իրանը Թուրքիային տարեկան մատակարարում է 9.6 միլիարդ խորանարդ մետր գազ), ապա Ադրբեջանը մի քանի տարի անց կդառնա Թուրքիայի երկրորդ հիմնական գազամատակարար երկիրը (TANAP գազատարով Թուրքիան սկզբնական շրջանում (Շահ Դենիզ 2) Ադրբեջանից կստանա եւս 6 միլիարդ խորանարդ մետր գազ՝ ի հավելումն ներկայիս (Շահ Դենիզ 1) 6.6 միլիարդ խորանարդ մետրի):

Բացի այդ, Ադրբեջանի էներգակիրները Թուրքիային հնարավորություն են ընձեռում վերածվելու էներգետիկ խոշոր միջանցքի, ԵՄ-ում, ԱՄՆ-ում եւ ընդհանրապես աշխարհում զգալիորեն մեծացնել իր կշիռը, իր պահանջարկը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հեռանկարում TANAP գազատարին տեսականորեն կարող է միանալ եւ Եվրոպա արտահանվել Իրանի, Թուրքմենստանի, Իսրայելի, Կիպրոսի, Իրաքի, ինչպես նաեւ Եգիպտոսի ու Կատարի գազը:

Այդ դեպքում Թուրքիան կվերածվի աշխարհի թերեւս խոշորագույն գազային հանգույցի, երբ նրա տարածքով կկարողանա Եվրոպա արտահանվել շուրջ մեկ տասնյակ երկրների գազ («Թուրքական հոսքի» կառուցման դեպքում՝ նաեւ ռուսական գազը): Ադրբեջանական նավթի մեծ մասը Թուրքիայի տարածքով («Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղով) է արտահանվում օտար շուկաներ: Ադրբեջանի հետ համատեղ տրանսպորտային նախագծերը նույնպես կարեւոր են Թուրքիայի համար, ինչը, մասնավորապես, վերաբերում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղուն:

Կարծում եմ, որ Թուրքիան տարիներ շարունակ միտումնավոր ձգձգել է ԲԹԿ-ի իր հատվածի կառուցումը, ինչն ըստ իս` կապված է նրա հետ, որ Ադրբեջանն իր հերթին հրաժարվում կամ ձգձգում է Թուրքիայի համար միակողմանի գործող (Թուրքիան Ադրբեջանի համար տարիներ առաջ է վերացրել վիզային ռեժիմը) վիզային ռեժիմի վերացման հարցը (շիա իսլամիստների ազդեցության մեծացումը թույլ չտալ ձգտող Ադրբեջանի իշխանությունները դա պայմանավորում են նրանով, որ Իրանը պահանջում է, որ եթե Ադրբեջանը Թուրքիայի համար վերացնի վիզային ռեժիմը, ապա պետք է նույն քայլին գնա իր դեպքում` սպառնալով հակառակ դեպքում կտրել Նախիջեւանի հետ ցամաքային կապը) եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը (Ադրբեջանը վախենում է Թուրքիայի կողմից երկրի «տնտեսական գրավումից», իշխանությունների ներկայացուցիչների մոնոպոլիաները հարվածի տակ դնելուց եւ նրանից, որ թուրք գործարարների հետ ավելի դժվար կլինի կոռուպցիոն խնդիրներ լուծելը, նրանց հանդեպ կամայականություններ թույլ տալը` համեմատած տեղի գործարարների հետ):

Չնայած այս ամենին` կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը ԲԹԿ-ի հարցում շուտով կփոխվի, ինչը կապված է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման (թուրքական բեռնատարները դժվարությունների են բախվել Վրաստանի տարածքով Ռուսաստան մուտք գործելիս), ինչպես նաեւ Իրանի հետ ժամանակ առ ժամանակ բռնկվող «բեռնատարների պատերազմների» գործոնի (Իրանի տարածքով տարանցման ու վառելիքի վճարների շուրջ խնդիրների պատճառով թուրք-իրանական եւ իրանա-թուրքմենական սահմաններին թուրքական մեծածավալ բեռնատարների հսկայական հերթերի գոյացում) հետ, ինչը մեծ վնաս պատճառեց Կենտրոնական Ասիայում Թուրքիայի տնտեսական էքսպանսիային:

Թուրքիայի համար կարեւոր են նաեւ Ադրբեջանի ներդրումները: Նավթի համաշխարհային կտրուկ գնանկումից առաջ հաղորդվել էր, որ ադրբեջանական SOCAR-ը պատրաստ է 17 միլիարդ դոլարի ներդրում անել Թուրքիայում, իսկ հետագայում այդ ցուցանիշը հասցնել 50 միլիարդ դոլարի, ինչը հազարավոր աշխատատեղեր կստեղծի Թուրքիայում:

Այս ամենից ելնելով, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի ու Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող հայտնի խնդիրները` ես ներկա դրությամբ նախադրյալներ չեմ տեսնում Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների մոտալուտ կարգավորման համար: Ամեն դեպքում Թուրքիան ունի գոնե Հայաստանի հետ սահմանը բացելու այնպիսի տարբերակ, որն ինչ-որ կերպ կարող է մեղմել Ադրբեջանի` անխուսափելի թվացող զայրույթը: Խոսքը «փոքր քայլերի» մարտավարության մասին է, որոնք 2011 թվականի հունիսին ադրբեջանական «Զերկալո» թերթում հրապարակած իր հոդվածում ներկայացրել է ադրբեջանցի հանրահայտ լրագրող եւ քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրը:

Նա ընդգծել էր, որ ամեն ինչ սկսվելու է ոչ թե ցյուրիխյան հայտնի արձանագրությունների իրագործումից (որոնք նախատեսում են դիվանագիտական հարաբերությունների հաստատում), այլ այնպիսի քայլերից, որոնք, իբր, թելադրված են հասարակ քաղաքացիների շահերից։ Խոսքը շարքային քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման մասին է (1993 թվականին Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի հետ օդային եւ ցամաքային սահմանը, սակայն միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացել է 1995 թվականին), քանի որ, մեծ հաշվով, այսօր էլ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների փոխադարձ այցերի համար հատուկ խոչընդոտներ գոյություն չունեն։ Ընդգծվում էր, որ ցամաքային սահմանի բացումն առաջին հայացքից միտված կլինի շարքային քաղաքացիների ծախսերը նվազեցնելուն (Վրաստանի տարածքը շրջանցելուն), բնականաբար, կաշխուժանա անհատական առեւտուրը, այդ թվում նաեւ սահմանամերձ գոտում, ինչը կնվազեցնի Հայաստանին Թուրքիայի սահմանակից շրջանների (Serhat գոտու) բնակչության կողմից երկկողմ հարաբերությունների կարգավորման հանդեպ ցուցաբերված հակազդեցությունը։

Հաջորդ լուրջ քայլը պետք է լինի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ճանապարհին արված լուրջ հայտը, թեեւ դա նույնպես պետք է թելադրված լինի «բացառապես հասարակ անձանց շահերով»։ Բանն այն է, որ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները երկու երկրներում զրկված են ամեն տիպի իրավական, այդ թվում նաեւ հյուպատոսական աջակցությունից եւ ելնելով դրանից` պետք է հյուպատոսական սեկցիաներ բացել Երեւանում ու Անկարայում երկու երկրների հետ ջերմ հարաբերություններ ունեցող որեւէ երկրի (ասենք, ԱՄՆ-ի) դեսպանատանը կից:

Կարծում եմ, որ վերջին տարիներին Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ ձեւավորված հարաբերությունները կարող են որոշակի օրինակ ծառայել Հայաստանի ու Թուրքիայի համար. Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ նույնպես չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն դա նրանց չի խանգարում առեւտրատնտեսական ուղիղ հարաբերություններ հաստատել միմյանց հետ` դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ բավական խրթին մյուս հարցերը թողնելով հետագային:

– Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան երբեք այսօրվա պես ակտիվորեն ներգրավված չի եղել Մերձավոր Արեւելքի քաղաքական, ռազմաքաղաքական գործընթացներին: Եվ այդ ամենը մեծ խնդիրներ է հարուցում Թուրքիայի եւ իր՝ արեւմտյան դաշնակիցների միջեւ: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է Թուրքիային «տանում» դեպի այդ տարածաշրջան, ի՞նչ է ստանում եւ ի՞նչ է կորցնում Թուրքիան: Ինչի՞ կարող է այս ամենը մեծ հաշվով հանգեցնել:

– Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մշտապես աչքի է ընկել իր իսլամիստական հայացքներով, այդ թվում նաեւ Ստամբուլի քաղաքապետ հանդիսացած ժամանակ, երբ նա իսլամիստական քառատող արտասանելու համար 4 ամսով հայտնվեց բանտում:

Թուրքիայի կողմից Մերձավոր Արեւելքում մեծ ակտիվություն ցուցաբերելուն նպաստում, մղում են տարածաշրջանում ու իսլամական (սուննի) աշխարհում առաջատարի դեր ստանձնելու նրա նկրտումները, Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը, որ Մերձավոր Արեւելքի զգալի մասը նախկինում մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ (տարիներ առաջ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան հարկադրված է զբաղվել իր հարեւաններով, քանի որ քարտեզի վրա Թուրքիայի շուրջ 1000 կիլոմետր տրամագծով շրջանագիծ գծելու դեպքում դրա ներսում կհայտնվի 20 երկիր, իսկ 3000 կիլոմետր տրամագծով շրջանագիծ գծելու դեպքում՝ 70 երկիր), շիական երկիր Իրանի մեծ ակտիվությունը տվյալ տարածաշրջանում եւ դրան հակազդելու անհրաժեշտությունը, «մուսուլմանների իրավունքների պաշտպանի» ինքնահռչակ դերը (թեեւ այժմ Թուրքիային մեղադրում են «Ինջիրլիքի» ավիաբազան օտար երկրների ավիացիային տրամադրելու համար, որը այդտեղից թռչելով Սիրիայում հարվածում է մուսուլմաններին), ԵՄ-ին անդամակցելու հարցում առկա խորին հիասթափությունները եւ ինչու ոչ` «Արաբական գարունը»` դրանից բխող զարգացումներով: Մասնավորապես, եթե «Արաբական գարունը» չշոշափեր նաեւ Սիրիան, ապա կարծում եմ, որ կպահպանվեին Էրդողանի ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բավական սերտ հարաբերությունները, որոնք առկա էին արաբական երկրում ժողովրդական հուզումներից առաջ:

Կարծում եմ, որ Թուրքիան հիմնականում ձախողվել է իր մերձավորարեւելյան քաղաքականության հարցում, զգալիորեն ավելացրել է իր հանդեպ անբարյացակամ երկրների թիվը, Մերձավոր Արեւելքում զգալիորեն նվազել է Թուրքիայի պահանջարկը` հատկապես միջնորդական առումով: Օրինակ՝ եթե նախկինում Թուրքիան կարող էր իր միջնորդական ծառայություններն առաջարկել Իսրայելին ու Սիրիային, Իսրայելին ու Պաղեստինին, ապա վերջին տարիներին նա զրկված է նման հնարավորությունից:

Տարածաշրջանային գերտերության հավակնություններ ունեցող Թուրքիայի համար ժամանակի ընթացքում գնալով ավելի դժվարացավ տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ չեզոքություն պահպանելը, եւ այդ համատեքստում նա ինչ-որ առումով նաեւ ստիպված էր արտահայտվել այս կամ այն դեպքի վերաբերյալ: Օրինակ՝ Եգիպտոսի պարագայում թվում էր, թե Թուրքիան ժամանակին ճիշտ վարվեց, դատապարտեց ցուցարարների հանդեպ այդ երկրի բազմամյա նախագահ Հոսնի Մուբարաքի գործողությունները, որը, ի դեպ, Թուրքիային դիտարկում էր որպես տարածաշրջանային մրցակից երկիր, եւ երբ Եգիպտոսում իշխանության եկավ իսլամիստ Մուհամմեդ Մուրսին, ապա բավական սերտացան Թուրքիայի ու Եգիպտոսի հարաբերությունները:

Թվաց, թե Թուրքիան շահեց այս պարագայում, սակայն Մուրսիի սխալների պատճառով (Մուրսին չընտրեց Էրդողանի որդեգրած սողոսկող իսլամականացման գործընթացը` նախընտրելով երկրի ակնհայտ եւ արագ իսլամականացում, եւ դրա համար ինչ-որ առումով կիսեց իր իսլամիստական հայացքներով հայտնի Թուրքիայի նախկին վարչապետներից Նեջմեթթին Էրբաքանի ճակատագիրը, որի կոալիցիոն կառավարությունը զինվորականների ճնշման ներքո հարկադրված հրաժարական տվեց 1997 թվականին) զինվորականները տապալեցին նրան, ռազմական հեղաշրջման կազմակերպիչ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին դարձավ երկրի նախագահը, Թուրքիան խստապես դատապարտեց այդ ամենը, եւ այժմ նա՝ ի դեմս Եգիպտոսի, ունի իր հանդեպ անբարյացակամ տրամադրված երկիր:

Սա նշանակում է, որ կան դեպքեր, երբ ձախողման համար Թուրքիան, այսպես ասած, այնքան էլ մեղավոր չէ. աշխարհաքաղաքական զարգացումները պարզապես շատ արագ են հաջորդում միմյանց: Մյուս կողմից էլ՝ Թուրքիան հաջողության հասնելու համար պետք է կարողանա ժամանակին հետ կանգնել իր, այսպես կոչված, հետեւողական քաղաքականությունից եւ փոխարենը վարի ճկուն քաղաքականություն` հասկանալով, որ ցմահ ազատազրկման դատապարտված Մուրսին («Մուսուլման եղբայրները») մոտ ժամանակներս (կամ ընդհանրապես) չի կարողանա Եգիպտոսում վերադառնալ իշխանության, որ Իսրայելը (Թուրքիայի պահանջով) չի վերացնի Գազայի հատվածի ծովային շրջափակումը:

Ստացվում է, որ նման պահանջներ առաջ քաշելով` Թուրքիան իր իսկ համար ստեղծում է պատային, փակուղային իրավիճակ (Թուրքիան ավելի քան 6 տարի է, ինչ սպասում է Իսրայելի կողմից իր 3 նախապայմանների կատարմանը), որից դուրս գալու ելքը դառնում է շատ մշուշոտ` անգամ այն պարագայում, երբ այժմ Թուրքիան ու Իսրայելը շատ են ցանկանում հասնել հարաբերությունների կարգավորման (եւ հատկապես իսրայելական գազը Թուրքիա եւ նրա տարածքով Եվրոպա հասցնելու):
Այս առումով ցանկանում եմ հիշատակել նաեւ Ահմեթ Դավութօղլուի առաջ քաշած «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը: Մեզ մոտ շատ են կարծիքներ հնչում, որ Թուրքիայի «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը տապալվել է, սակայն ես համակարծիք չեմ նման պնդումների հետ: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ քաղաքականությունը նախեւառաջ պետք է ծառայեր եւ դեռ ծառայելու է որպես միջանկյալ փուլ` նախորդելով նեոօսմանյան քաղաքականությանը:

Պետք է հիշել, որ արտգործնախարար Դավութօղլուի ջանքերի շնորհիվ Թուրքիան զգալիորեն բարելավեց, կարգավորեց հարեւան երկրների հետ ստեղծված լարված հարաբերությունները, անգամ Հայաստանի ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին, եւ պատահական չէր, որ 2010 թվականին ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականը Դավութօղլուին ճանաչեց տարվա լավագույն դիվանագետներից մեկը` «Նոր Քիսինջեր»: Այս տեսակետն ավելի հասկանալի դարձնելու համար ցանկանում եմ մեջբերել Դավութօղլուի հետեւյալ խոսքերը. «Երբ մենք հասնենք մեր հարեւանների հետ զրո խնդիր մակարդակի, այդ ժամանակ արտաքին քաղաքականություն վարելու առումով կստանանք վերին աստիճանի լայն մանեւրելու դաշտ»:

Եվ սա դարձավ իրողություն. Թուրքիան, Դավութօղլուի ջանքերի շնորհիվ մեծապես կարգավորելով հարեւան երկրների հետ հարաբերությունները, նախ ստացավ լայն մանեւրելու դաշտ, ապա ընթացիկ տասնամյակում կտրուկ ավելացրեց իր արտաքին քաղաքականությունը` դրանով իսկ մեծացնելով նաեւ իր հանդեպ անբարյացակամ տրամադրված երկրների թիվը (Թուրքիայի հարեւան երկրները սկսեցին էլ ավելի շատ նրան մեղադրել իրենց ներքին գործերին միջամտելու համար): Հիմա ես տեսնում եմ, որ հասունացել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը որոշակիորեն փոխելու եւ «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը վերադառնալու ժամանակաշրջանը:

Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմն արդեն երկու անգամ հայտարարել է, որ իրենք ձգտելու են նվազեցնել թշնամի երկրների թիվը եւ ավելացնել բարեկամ երկրների թիվը: Յըլդըրըմն անգամ ընդգծել է, որ հավերժ թշնամիներ չեն լինում, ինչն ինքնին խոսուն ուղերձ է: Այս ամենը, ինչպես նաեւ Էրդողանի կողմից Ռուսաստանին «ձիթենու ճյուղ» պարզելը («նամակային դիվանագիտություն»), Իսրայելի (որոշակիորեն նաեւ Եգիպտոսի) հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը ինձ հիմք են տալիս կարծելու, որ Թուրքիան գոնե ժամանակավորապես վերադառնում է «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը, որպեսզի վերստին ստանա մանեւրային կամ այլընտրանքային լայն դաշտ, եւ որպեսզի հետագայում վերստին կտրուկ ակտիվանա տարածաշրջանում (այժմ անգամ չի բացառվում, որ Էրդողանը Սիրիայի քրդերի պատճառով կմեղմի Ասադի հանդեպ իր կոշտ դիրքորոշումը. Սիրիայի քրդերի հարցում համընկնում են Էրդողանի ու Ասադի շահերը, որոնք երկուսն էլ չեն ցանկանում Սիրիայի քրդերի կողմից ինքնավարության կամ անկախ պետության հիմնում):

Սկիզբը` այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 22.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930