Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակում «ոչ» վանկարկելը տեւել էր 15 րոպե, դատարանը բավարարեց հայցը 1 րոպեում

Հունիս 23,2016 15:00

Անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական բարեփոխումների օրը, գիշերվա ժ.10.30-10. 45-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ որոշել էին բողոքի ակցիա կազմակերպել: Նրանք իրենց բողոքն արտահայտել էին «ոչ» վանկարկելով:

Քաղաքացիները գտնվել են հրապարակի կենտրոնական մասում, որն ըստ ոստիկանության, համարվում է չթույլատրված տարածք, եւ քաղաքացիների այնտեղ գտնվելու դեպքում սպասվում է տուգանք:

Ըստ «Ընդդեմ իրավական կամայականություն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչի, փաստաբան Հայարփի Սարգսյանի, «ոչ» վանկարկումը տեւել է շուրջ 15 րոպե, որից հետո քաղաքացիները շարժվել են շատրվանների ուղղությամբ, գտնվել մայթին, պատրաստվել են տուն գնալ:
«Երկու ոստիկանական մեքենա է մոտեցել: Ոստիկաններն առանց ներկայանալու, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առանց հիմքի, կարելի է ասել՝ հարձակվել են նրանց վրա, բռնի ուժով 8 անձի տեղափոխել են ոստիկանական մեքենան, տարել Երեւան քաղաքի Կենտրոնական բաժին»,- ասում է Հ. Սարգսյանը:
Բերման ենթարկվածներն էին Մաքսիմ Սարգսյանը, Արտուշ Չիբուխչյանը, Արամ Մանուկյանը, Ալբերտ Նաջարյանը, Արսեն Չաչոյանը, Վահե Բաղդասարյանը, Տիգրան Մազմանյանը, Կարո Ղուկասյանը:

Ի դեպ, «ոչի» մեջ կանայք էլ կային, նրանց նկատմամբ էլ ուժ էր կիրառվել, բայց քանի որ հրաման չկար, նրանց ոստիկանները բաժին չեն տարել:

«8-ի գործով» ներկայացուցիչ, փաստաբան Հ. Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ նույն օրը չի կարողացել ներկայանալ ոստիկանության բաժին, քանի որ Հրազդանի տեղամասերից մեկում դիտորդ էր:

«Փորձեցի հեռախոսով իրավաբանական օգնություն ցույց տալ: Բայց թույլ չտվեցին: Ոստիկանության հերթապահ մասից տեղեկացրեցին, որ 10 րոպե է մնացել «վարչական գործին», ավարտում են: Իսկ ես պնդեցի, որ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնեն, որ թույլ տան, որպեսզի բերման ենթարկվածն օգտվի 1 զանգից, կապվեն ինձ հետ: Չստացվեց որեւէ կապ հաստատել»,- ասում է Հ. Սարգսյանը:

2015թ. դեկտեմբերի 16-ին բերման ենթարկվածներից 5-ը դիմում էին գրել ոստիկանության Կենտրոնական բաժին, որպեսզի տրամադրվեն իրենց վերաբերյալ նյութերը, սակայն պատասխանել էին, թե այդ նյութերը գտնվում են իրավաբանական վարչությունում, ու երբ կվերադարձվեն Կենտրոնականի բաժին, այդ ժամանակ էլ կտրամադրեն:

Փաստաբանն ասում է, որ քաղաքացիները տեսնելով, որ որեւէ կերպ չեն կարողացել իրենց ոտնահարված իրավունքները վերականգնել, դիմել են իրեն, եւ վերոնշյալ 8 անձանց անունից ինքը բողոք է պատրաստել եւ այս տարվա հունվարի 15-ին ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

«Բողոքն, ըստ էության, կայանում էր նրանում, որ քաղաքացիների նկատմամբ ուժ էր կիրառվել, կարելի է ասել՝ առեւանգել էին քաղաքացիներին»,- ասում է իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչը:

Ըստ վերջինի էլ, բարեբախտաբար, կար «Lragir.am»-ի տեսանյութը, միակը, որը կցվել էր գլխավոր դատախազին ուղղված բողոքին:

Փաստաբանը պահանջել էր, որպեսզի պարզվեն, թե ովքեր են եղել հրամանատարը, կատարողները, քանի որ կային վնասվածներ, մասնավորապես, Մաքսիմ Սարգսյանի գլխին էին հարվածել, ինչը հստակ երեւում է տեսանյութում, իսկ Տիգրան Մազմանյանը գցվել էր գետնին:

Գլխավոր դատախազը, փաստաբանի տեղեկացմամբ, բողոքը վերահասցեագրել էր Հատուկ քննչական ծառայությանը, վերջինս էլ՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:

«Առավոտի» հարցին, թե արդյոք, վնասվածք ստացածների համար նշանակվե՞լ էր դատաբժշկական փորձաքննություն, Հ. Սարգսյանն ասում է, որ նրանք ուղեգիր չեն ստացել, իսկ ներքին անվտանգության վարչությունն էլ նման իրավասություն չունի. «Ստացվում է, որ ներքին անվտանգության վարչությունը, որն իրենից ներկայացնում է վարչական մարմին, ըստ էության, իրավասու չէ կատարել քրեական գործի հետ կապված քննչական գործողություններ, պիտի քններ այնպիսի գործ, որը ըստ տեսանյութի՝ պարունակում էր առերեւույթ հանցագործության հատկանիշներ»:
Ակտիվիստները դեմ լինելով այդ վարչական մարմնում բացատրություն տալ, ի վերջո, բացատրություն են տվել: Քննությամբ հաստատվել է, որ եղել է հարված գլխին, հագուստի պատռվածք, որ ոստիկանները քաշել-գցել են ակտիվիստներին:
Հավելենք, որ Մ. Սարգսյանը ոստիկանության բաժին բերման ենթարկվելու օրը հայտարարել էր, թե վնասվածք է ստացել, ցույց է տվել պատռված հագուստը, իսկ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր դատաբժշկական փորձաքննության ուղարկել, կազմել արձանագրություն, այդ անձի վիճակի վերաբերյալ:

Այս տարվա մարտի 3-ի ոստիկանության ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետեւանք, ինչի դեմ 7 օր հետո փաստաբանը կրկին բողոք է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով՝ վերացնել Հատուկ քննչական ծառայության կողմից դրսեւորված անգործությունը եւ հանձնարարել նախաքննության մարմնին կատարել օրենքով սահմանված դատավարական գործություններն ու պարտականությունները, հարուցել քրեական գործ:
Սակայն այս բողոքն էլ մնում է անհետեւանք, քանի որ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե նման իրավասություն չունի:

«Գլխավոր դատախազը Հայաստանն է ներկայացնում եվրոպական երկրներում, ՄԻ ԵԴ-ի կողմից իրականացվող գործընթացներում: Այդ դեպքում ինչպես կարող է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները ոտնահարվում են հենց այն կառույցի կողմից, որն իրավասու էր պաշտպանել հանցավոր ոտնձգություններից եւ բացահայտել: Տվյալ դեպքում, ինչ իրավասություն ուներ գլխավոր դատախազը, եթե ոչ բացահայտելը, ինչը չի արվել»,- ասում է զրուցակիցս:

«8-ի գործը» բողոքարկվում է Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ: Հունիսի 17-ին դատարանը բավարարել է բողոքը, պարտավորեցվել է Հատուկ քննչական ծառայությանը հարուցել քրեական գործ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.- ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի մոտ ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտվել էր փաստաբաններ Հայարփի Սարգսյանի եւ Արա Ղարագյոզյանի փաստաբանական գործունեությունը, սակայն քրեական գործ չէր հարուցվել: Նույն այս դատավորի կողմից վերջերս բավարարվեց փաստաբանների բողոքն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործության: Կհարուցվի քրեական գործ:

 

 

«Առավոտ»

22.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930