Լեւոն Բարսեղյանը՝ իր նորատիպ «Զամբոյի» ու հերոսների մասին
Հունիսի 24-ին ՆՓԱԿ-ում կկայանա Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի «Զամբո» գրքի շնորհանդեսը: Այն ներառում է 30 պատմություն եւ «Քյապի Դամեն» վիպակը: 330 էջանոց «Զամբոն» հեղինակի առաջին գիրքն է: Շապիկն ու նկարազարդումները նույնպես հեղինակինն են:
«Առավոտի» հետ զրույցում Լեւոն Բարսեղյանը՝ խոսելով գրքի վերնագրի մասին, ասաց, որ «Զամբո» նշանակում է խառնուրդ, խառնածին եւ ինքը փոխաբերական իմաստով է օգտագործել: Ինչ վերաբերում է գրքին, արդեն 20 տարի կլինի, որ որոշել էր անընդհատ ավելացող պատմությունները զետեղել մեկ գրքում: «Դրանց մի մասը պարբերաբար դրել եմ Ֆեյսբուքում: Նկատում էի, որ մարդիկ հետաքրքրված են, դրա համար էլ որոշեցի տպագրել ու մի քիչ թեթեւանալ հասարակական-քաղաքական վազվզոցից»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:
Նրա վստահ է, որ գրքի հերոսները, այդ թվում՝ քաղաքական դեմքեր, ընկերներ, անհատներ, հաստատ կճանաչեն իրենց: «Պատմությունները իրապատումներ են, հորինվածք չկա, ուղղակի որոշ փոփոխություններ են արված, մի շարք բաներ բառացիորեն նկարագրված են այնպես, ինչպես եղել են: Ինձ թվում է՝ հերոսները դժգոհ չեն լինի, նույնիսկ նրանք, որոնք բացասական կերպարներ են»,- համոզված է «Զամբոյի» հեղինակը:
Քանի որ Լեւոն Բարսեղյանը չափածո էլ է ստեղծագործում, հետաքրքրվեցինք՝ այդ գործերը ե՞րբ են առանձին գրքով հրատարակվելու: Մեր զրուցակիցն ասաց, որ շուրջ 400 տաղ է գրել, որոնք առայժմ մշակման կարիք ունեն. «Հուսամ՝ մյուս տարի էլ այդ գիրքը կլինի, մարդիկ շատ են հարցնում: Իմիջիայլոց, ես շուկայի հետաքրքրություններով չեմ առաջնորդվում, բայց ընկերների հետաքրքրություններով առաջնորդվում եմ»:
Կարդացեք նաև
Սովորաբար գրականության մեջ շատերը ձեւերի հետեւից են ընկնում, ինչի պատճառով, այսպես կոչված՝ բնական մարդը մղվում է հետին պլան, ինչո՞ւ ինքը որոշեց կենտրոնանալ հենց մարդու վրա: «Իմ գրածը գրականություն չէ, որեւէ հավակնություն չունեմ որեւէ միության անդամ դառնալու, դափնիներ ստանալու: Ինչպես արդեն նշեցի, սրանք գործեր են, որոնք վաղուց գրված էին: Եվ հետո արդեն թող գրականագետները կարծիք հայտնեն, ոչ մի նեղանալու բան չունեմ: Ի դեպ, արդեն մի քանի բացասական կարծիք ունեմ, որոնցից շոյված եմ… Ասում են՝ որ դա գրականությո՜ւն չէ, խրթին բա՜ն է, տեղանունների ցա՜նկ է: Գիրքը արված չէ որեւէ մրցավազքում շահելու համար, այն, ինչ գրել եմ, գրել եմ 7 տարեկանից, օրագրեր չեմ պահել, իսկ Ֆեյսբուքը տալիս է հնարավորություն՝ ոտքի վրա գրելու: Օրինակ, այդ գրքում եղած մոտ 4-5 պատմություն գրված է ձեռքի հեռախոսով, երբ եղել եմ ճամփեքին, ինչ-որ տեղ սպասելուց, բաներ կան, որ գրվել են 1992-1993 թթ., մեքենագիր էին, ձեռագիր, խմբագիրս ինձ շատ օգնեց՝ Մարիամ Վարդանյանը: Ավելի շատ իրեն եմ պարտական, ինքը շատ է աշխատել այս գրքի վրա: Շատ մեծ ծավալ կար գրածների՝ Ֆեյսբուքում տեղադրվածը չհաշված, ընտրեցինք այն ամենը, ինչ զետեղված է գրքում: Մի ամբողջ շարք՝ 6-7 պատմություն 2004-2005 թթ.-ի է, մնացածը վերջին 4-5 տարիների ընթացքում եմ գրել: Որոշեցինք այդ ամենից խառնածին սարքել՝ զամբո, պատմություններից մեկն էլ է կոչվում «Զամբո», ու պատմությունը կարդացողը կհասկանա, թե ինչի հետ է կապված այն: Նաեւ մի քանի փոխաբերություն կա, սիմվոլիզմ»,- գիրքը ներկայացրեց Լեւոն Բարսեղյանը:
Հավելեց, որ գիրքը կլինի բոլոր այն գրախանութներում, որոնք կցանկանան վաճառել: Նրա ձեւակերպմամբ, տեխնիկական իմաստով լավ որակի գիրք է ստացվել, ինչում աջակցել է «Անտարես» հրատարակչությունը:
Իսկ հնարավո՞ր է ի վերջո գնա դեպի գրականություն: Ի պատասխան մեր այս հարցի՝ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց, որ հասարակական-քաղաքական կյանքում առկա որոշ երեւույթների բախվելով, երբեմն կտրվելու համար մտածում է գնալ խոզ պահել. «Հասարակական-քաղաքական կյանքում այնպիսի բաների ես հանդիպում, իշխանություննե՜ր, կուսակցություննե՜ր, որ ընտրությունների ժամանակ ասում են՝ արի իրար հետ ճամփա գնանք, հետո իրա՛ր են ասում, հետո քուր ու ախպեր են դառնում, որ մտածում, ասում եմ՝ այ մարդ, լավ չի լինի՞ ես իսկապես խոզ պահեմ, ի՞նչ է եղել…»: Լեւոն Բարսեղյանը գրականություն գալու որոշ գայթակղություններ, այնուամենայնիվ, ունի:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
22.06.2016