Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրում եմ, որովհետեւ թքած ունեմ կյանքի ճանապարհի պատրաստության վրա»

Հունիս 23,2016 14:00

Արձակագիր Լեւոն Շահնուրի մտածումները

Արձակագիր Լեւոն Շահնուրը նոր անուն է գրական ոլորտում: Ունի ընդամենը տպագրված մեկ պատմվածքների ժողովածու: Հրատարակման է պատրաստում վեպ: Արվեստագետի ու նրա երիտասարդ գրչակիցների բախտը մեր ժամանակներում բերել է, որովհետեւ համացանցում տարածելով իրենց երկերը, իհարկե՝ արժանիները, մասնագետների հավանությանն են արժանանում, որն էլ ապահովում է «կարճ ճանապարհ» դեպի տպագրություն: Օրինակ, Լեւոնի դեպքում նրա երկրորդ՝ 21 մատենաշարով «Ճանապարհ սիրուց առաջ» վեպը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է ներկայացրել «Անտարես» հրատարակչությանը: Շատ շուտով ընթերցողները կծանոթանան այս ստեղծագործությանը:

«Առավոտի» հետ զրույցում մասնագետը ընդամենն ասաց, որ երիտասարդն ունի հետաքրքիր ոճ, պատմվածքների ժողովածուից հետո հետեւել է Լեւոնի գրական զարգացումներին Ֆեյսբուքով:

Մեզ հետ զրույցում Լեւոն Շահնուրը նշեց, որ վեպի վրա սկսել է աշխատել դեռ 6 տարի առաջ: «Վեպում ոչ մի դրվագ իր ավարտին չի հասնում, երկու խոսքով՝ դատարկված տղամարդու (ԱՆՄԱՐԴԱԲՆԱԿԻ) եւ սերմը կրող կնոջ մասին է, մարդը մինչ նրան հանդիպելը չի հավատում դրսի աշխարհին, այսինքն՝ իր մոտ մեռածներն ու ողջերը մեկ են, քանի որ բոլորը ՁԱՅՆԵՐ են եւ սերմը կրող կինը չգիտի՝ լինի, մնա ժամանակի ծամածռություններում, թե… կյանքի եւ մահվան նշաններն են»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Արձակագիրը հավաստիացնում է, թե կերպարները իրական են: «Մարդիկ կան, որոնց տեսնելով գրեցի, դեռ չտպագրված՝ մահացան ու խառնեցին ներկա ժամանակի քերականական կանոններս, այնպես որ, վեպն ինքնաբերաբար է գրվել, ոնց որ պատրաստվես ինչ-որ հեռու տեղ մեկնելու եւ տարածությունը սկսի ծալվել մարմնիդ, նման մի բան: Եվ սկսում եմ գրել՝ նրան տեղափոխում եմ ինձ մոտ, միգուցե նրանց կյանքից եմ խլում…»,- հավաստիացնում է հեղինակը:

Հետաքրքրվեցինք՝ վեպում ընդգրկած կերպարներից «հեղինակային իրավունք» վերցրե՞լ է, ասե՞լ է այդ մասին նրանց: «Եթե կանգնեմ կերպարի դիմացն ու ասեմ՝ գիտեք, դուք իմ կերպարն եք, ապա նա կփոխվի, ոնց որ մինչ հայելուն մոտենալս՝ գիտեմ ուրիշ է երեսս, սակայն հայելու արտացոլանքը խլում է իմ մտապահածն ու ինքն է տնօրինում երեսիս յուրաքանչյուր ծալքը, այսինքն՝ ինչ-որ էական բան է խլում ինձնից: Այնպես որ, աշխատում եմ չխոսել ընտրյալ կերպարների մասին՝ վտանգավոր է, որովհետեւ անասելի իրական են ու ցանկացած պահի ինձ բախվող կերպարներից խուսափում եմ…»,- ասաց Շահնուրը: Հարցին՝ տարբեր կերպարներն ինչպե՞ս «տեղավորվեցին» վեպում, Լեւոն Շահնուրը պատասխանեց. «Սյուժեն փոփոխական է, ընթացքը, գործողությունները՝ հաճախ ինձ համար էլ անհայտ ու անակնկալ: Գրելու ընթացքում պատահել է, երբ լուսադեմին արթնացել եմ դրսից լսվող անիվների ճռճռոցից ու ավելների շրշյուններից. փողոցը մաքրող ձայներից կարողանում էի հասկանալ, որ վեր կենալուս ժամն է (5.40), հավաքարարները չէին ուշանում, որովհետեւ մի անգամ տեսել, այսինքն՝ պառկած տեղիցս լսել էի, ոնց են քաղաքապետարանի աշխատակիցները քացով խփում նրանց՝ երկու րոպե ուշանալու համար, նրանք չէին ուշանա, նրանք իմ պարտաճանաչ զարթուցիչներն էին…»:

Թեեւ գրականագետից լսել էինք հաճելի խոսքեր արձակագրի առաջին՝ «Արարման գիշեր» պատմվածքների ժողովածուի մասին, այնուամենայնիվ, խնդրեցինք իր՝ հեղինակի խոսքը: «Սիրում եմ արարել: Ադամը քնած էր, երբ Աստված արարում էր Եվային, ես չեմ ուզում քնել, աչքի տակով կնայեմ, իմ սրտով չէ, երբ ամենն արարվում է, անգամ ինձ ինչ-որ անհայտ ուժ արարում է, մի՞թե ես չեմ կարող, գուցե մեծամտություն է, համենայնդեպս, եթե ոչնչից, գոնե եղածից ստացվում է, թե ինչու «Արարման գիշեր», այստեղ ներառված պատմվածքների մեծ մասը գիշերով են գրվել, երբ բոլորը քնած էին, իսկ ես ինձ զգում էի, որպես վերը նշված Անհայտ ուժ…»,- հայտնեց Շահնուրը:

Հետո էլ հիշեց հետեւյալը. «Հինգ-վեց տարեկան էի, գետնին նստած կավիճով ինչ-որ բան էի նկարում, երբ գլուխս բարձրացրի՝ մի սեւամորթ էր գալիս, առաջին անգամ էի սեւամորթի տեսնում, կարծում եմ բերանս բաց եմ նայել՝ զարմացած, մի քիչ վախեցած ու մանկական հետաքրքրասիրությամբ, նա ժպտաց ու անցավ: Ինձ համար գիրն այս սեւամորթի առաջացրած ու դեռ նորանոր զգացողություններ արթնացնող բան է: Իսկ ընդհանրապես, զարթնելուց ինձ որոշակի ժամանակ է պետք, թեկուզ մի քանի րոպե, որ սոսնձվեմ օրվան, բայց օրն ինձ համար առանձին մարմին է, կամ պետք է տեղավորվեմ, կամ դուրս մնամ օրվա շրջապտույտից: Օրեր կան, որ ես չեմ ապրում՝ առանձնացրած ինձնից ուսումնասիրում եմ ու ես չկամ այնտեղ. էս օրերին էլ եմ գրում: Ես վեց տարեկանում դասականներին չեմ կարդացել, հրաշքներ տեղի չեն ունեցել, որ սկսել եմ գրել, ոչ էլ գրում եմ, որ մեզ մոտ ընդունված ծակ շալվարով շրջեմ, գրում եմ, որովհետեւ թքած ունեմ կյանքի ճանապարհի պատրաստության վրա, ես կարող եմ ճոճվող կամուրջ գտնել ու ցատկել, մանավանդ, որ իմ տարիքում, դեռ երիտասարդ մահանալու լուրն ընդամենը փչոց կթվա ծանոթներիս ու ընկերներիս ականջին»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

22.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Այսպիսի խուճուճ-մուճուճ գրականությունից հոգնել ենք…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930