Կարմիր տեսակի հաղարջի հյութը լեղամուղ է,
արյունաստեղծ եւ հակաբորբոքիչ
Հաղարջն ամենաօգտակար հատապտուղներից է: Այն լինում է մի քանի տեսակի: Հաղարջն իր մեջ պարունակում է ասկորբինաթթու, շաքարներ, խնձորաթթու եւ կիտրոնաթթու, դաբաղանյութեր, պեկտինային նյութեր, B2, B6, D, E, P, K վիտամիններ, ցինկ, մոլիբդեն, կոբալտ, երկաթ եւ յոդ:
Կարմիր տեսակի հաղարջի հյութը միզամուղ է, քրտնամուղ, լեղամուղ, արյունաստեղծ, ջերմությունը իջեցնող, հակաբորբոքիչ: Իջեցնելով արյան մածուցիկությունը` կանխում է ինֆարկտն ու ինսուլտը, աթերոսկլերոզը:
Բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, նպաստում ուժասպառ օրգանիզմի արագ վերականգնմանը: Այն հակացուցված է ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցային հիվանդությունների, սուր գաստրիտի, արյան ցածր մակարդելիության դեպքում:
Սեւ հաղարջի հյութը ընդհակառակը` կարելի է օգտագործել ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում, ցածր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի, լյարդի, երիկամների հիվանդությունների, բրոնխիտի, լուծի դեպքում:
Հյութը մեղրի հետ` 1 ճաշի գդալ մեղր, 50 գրամ հյութ, օգտակար է աթերոսկլերոզի ժամանակ, իջեցնում է արյան ճնշումը: Խմել օրը 3 անգամ:
Սեւ հաղարջի հյութի եւ ջրի խառնուրդով` 1:1 հարաբերությամբ, ողողում են բերանի խոռոչը: Հյութը արյունաստեղծ է, օգնում է ձայնալարերի լավ աշխատանքին: Ընդունման չափաբաժինը` 50 գրամին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր եւ 1 բաժակ ջուր: Խմել օրը 3 անգամ:
Թարմ հյութը պահպանում է պտուղներում պարունակվող օգտակար նյութերը։ 100 միլիգրամ հյութը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ (1 օրվա) երկաթի 13 տոկոսը, պղնձի 10,5 տոկոսը, կալիումի 12 տոկոսը, նաեւ կալցիում, մագնիում, ֆոսֆոր, ցինկ, քրոմ, յոդ, սելեն, բարիում, մոլիբդեն, կոբալտ։
Հակացուցված է տրոմբների դեպքում, հետինսուլտային եւ հետինֆարկտային շրջանում:
Սեւ հաղարջի տերեւները եւ հատապտուղները հակացինգային հրաշալի միջոց են: Ընդհանրապես հաղարջենին կիրառվում է սակավավիտամինոզների դեպքում: Օգնում է նաեւ աթերոսկլերոզը եւ հիպերտոնիկ հիվանդությունները բուժելիս: Ժողովրդական բժշկությանը հնուց ի վեր հայտնի են պտղի միզամուղ, քրտնամուղ եւ հակալուծողական հատկությունները: Բույսի միզամուղ ազդեցությունը հնարավորություն է տալիս օգտագործել այն այտուցների եւ միզակապության դեպքում:
Քանի որ բույսը օգնում է օրգանիզմին ազատվելու միզաթթվի եւ պուրինային նյութերի ավելցուկներից, ապա այն կարելի է օգտագործել երիկամների եւ միզապարկի քարերի, հոդատապի եւ ռեւմատիզմի դեպքում:
Հատապտուղներից ջրաթուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ չորացված կամ մի բուռ թարմ պտուղները թրմել 2 բաժակ եռման ջրում: Սառեցնելուց հետո պարունակությունը բաժանել 2-4 մասի եւ ընդունել օրական 1-4 անգամ, մաս-մաս:
Տերեւներից ջրաթուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 25 գրամ մանրացված տերեւները եփել կես լիտր եռացրած ջրում, թրմել մի քանի ժամ եւ խմել կես բաժակ, օրական 4-5 անգամ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
22.06.2016