Ճանաչված լրագրող Մարկ Գրիգորյանի լուսանկարների երկրորդ ցուցահանդեսը բացվեց հունիսի 22-ին, «Էնոտեկա» գինետանը: Ինչպես նշեց լրագրողը, ցուցահանդեսը պլանավորված չէր, գաղափարը ծագել է շատ հանկարծակի. «Գաղափարը շատ պարզ ծագեց: Ես եկա «Էնոտեկա», տեսա Զավեն Խաչիկյանի լուսանկարները, որոնք ցուցադրված էին ու խնդրեցի հնարավորության դեպքում կազմակերպել ցուցահանդես: Ինձ չմերժեցին»:
Լուսանկարներն այնքան էլ շատ չեն, ընդամենը տասն են՝ բոլորը կապված գլխավոր նկարի կարգախոսի հետ՝ «Սերն է պատասխանը»:
«Ցուցահանդեսի մնացած նկարները բնականաբար պետք է կա՛մ համապատասխանեին այդ կարգախոսին, կա՛մ ոճապես մոտ լինեին»,- ասաց Մարկ Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Հեղինակն անկեղծանում է, որ գխավոր նկարի ընտրությունն ինքն անձամբ չի կատարել. նկարն ընտրել է Մարկ Գրիգորյանի ընկեր, ռուս հայտնի լուսանկարիչ Ալեքսանդր Տյագնի-Րյադնոն: Ցուցահանդեսը բաց կլինի երկու շաբաթ:
Անի Մինասյան