Մեկնարկում է Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը
Հունիսի 28-ից հուլիսի 1-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն յոթ երկրներից Հայաստան ժամանած կիթառահարներ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանի տեղեկացմամբ՝ փառատոնն այս տարի բավական հետաքրքիր ու հագեցած ծրագիր ունի:
«Փառատոնային երեք համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հունիսի 28-ին՝ բացման համերգին, ելույթ կունենա ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփլը (Գերմանիա), որն իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից և կիթառահարներից է»,- «Ռոյալ թուլիփ գրանդ հոթել Երևան»-ում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժորա Սարգսյանը:
Հունիսի 29-ին՝ փառատոնային երկրորդ համերգին, ելույթ կունենա կիթառահար Դմիտրի Մուրինը (Ռուսաստան): Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև Մոսկվայում անցկացվող Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրենը: Դասավանդում է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում:
Հուլիսի 1-ին՝ փակման երեկոյին, հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա):
Ժորա Սարգսյանի փոխանցմամբ՝ փառատոնի մասնակիցները կանցկացնեն նաև վարպետության դասեր, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար:
«Փառատոնից հետո համերգներ և վարպետության դասեր ենք նախատեսում նաև Ստեփանակերտում, Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում»,- հավելեց նա:
Նշենք, որ Երևանյան միջազգային կիթառի փառատոնը կազմակերպում են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ