Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախանձով էի նայում, թե կողքի հանձնաժողովում ինչ է կատարվում». Արա Խանջյան

Հունիս 22,2016 21:55

Երևանի միջազգային կինոփառատոնի մրցութային ֆիլմերի աշխարհագրությունն ընդգրկում է 37 երկիր:

900 հայտերից ընտրված 43 ֆիլմեր կպայքարեն երեք հիմնական մրցութային ծրագրերում. 12-ը՝ «Միջազգային խաղարկային», 15-ը՝ «Միջազգային վավերագրական», 16-ը՝ «Հայկական համայնապատկեր» մրցույթներում:

«Խաղարկային ֆիլմերի ընտրությունն այս տարի բավական դժվար էր, որովհետև լավ ֆիլմերը շատ էին: Երբեմն, նույնիսկ կատաղի վեճեր էին լինում տարբեր սերունդների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովում։ Բնական է, որ ճաշակների բախում է լինում, ինչը շատ լավ է»,- «Ռոյալ թուլիփ գրանդ հոթել Երևան»-ում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

«Այս տարի մեծ նախանձով էի նայում, թե կողքի՝ խաղարկային ֆիլմերի հանձնաժողովում ինչ է կատարվում: Նրանք միշտ ոգևորված էին»,- կեսկատակ-կեսլուրջ նկատեց վավերագրական ֆիլմերի մրցութային հանձնաժողովի ղեկավար Արա Խանջյանը:

Նրա փոխանցմամբ՝ վավերագրական ֆիլմերը, սովորաբար, քանակով ամենաշատն են լինում: Այս տարի վեց հարյուր հայտ են ստացել. «Ֆիլմերից շատերը բավական տխուր տպավորություն էին թողնում: Այդուհանդերձ, ընտրված 15 ֆիլմերն առանձնանում են իրենց որակով ու մտածողությամբ: Դրանց առանցքում փոքր մարդն է, նրա և երևույթի միջև եղած բախումը»,- նշեց Արա Խանջյանը:

Նրա խոսքով՝ վավերագրական ու խաղարկային ֆիլմերը շատ դեպքերում մոտենում են իրար. «Նույնիսկ մի փոքր կոնֆլիկտ ունեցանք խաղարկային ֆիլմերի հանձնաժողովի հետ։ Պիտեր-Յան Դը Պյուի «Լուսավորյալների երկիրը» ֆիլմը մենք ընտրել էինք որպես վավերագրական, խաղարկային ֆիլմերի հանձնաժողովն էլ ընտրել էր որպես խաղարկային։ Իրենք շատ էին, հաղթեցին»։

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում հայտերն այս տարի համեմատաբար քիչ են եղել, բայց մրցույթում ընդգրկվել է հինգ լիամետրաժ ֆիլմ, ինչը, ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանի գնահատմամբ, բավական բարձր ցուցանիշ է։

«Ֆիլմերից երեքը տեղական արտադրության են,- ընդգծեց նա,- Հայաստանի արտադրական պրոցեսների համար երեք լիամետրաժ ֆիլմ մրցույթի ներկայացնելը լավ է խոսում հայկական ժամանակակից կինոյի տենդենցների մասին»:

Րաֆֆի Մովսիսյանի տեղեկացմամբ՝ «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնի շրջանակներում այս տարի տեղի կունենա հայկական երկու ֆիլմի (Աննա Արևշատյանի «Բարի լույս» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը») պրեմիերա:

«Կինոփառատոնի վաղեմի ցանկություններից մեկն է եղել ունենալ մեծ պրեմիերաներ հայկական ֆիլմերի համար: Բայց, ցավոք, հայ ռեժիսորների կողմից միշտ չէ, որ վստահությունը տրվել է հենց փառատոնի ընթացքում պրեմիերա անելուն։ Գուցե մտավախություն է եղել, որ դրսից եկած ֆիլմերն ավելի մեծ ճանաչում կամ հաջողություն պիտի ունենան»,- նշեց Րաֆֆի Մովսիսյանը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930