Մայիսի 5-ից 21-ը Նոյեմբերյանի երկրապահ կամավորականների մի խումբ գտնվում էր Արցախում, Հադրութի պաշտպանական դիրքերում: Երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռաֆիկ Ասլանյանը (Մուրոն) ասաց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանից շատ երկրապահներ էին ցանկանում մեկնել Արցախ, սակայն որոշվեց, որ մի խումբ մեկնի:
Չէր բացառվում, որ այդ օրերին ադրբեջանական զինուժը Նոյեմբերյանի սահմանագոտում կարող էր սադրանքների դիմել: Նոյեմբերյանի տարածաշրջանից Հադրութ մեկնած տղաների օջախները ադրբեջանական դիրքերից, միջպետական սահմանից հեռու են մի քանի կիլոմետր, սակայն այդ օրերին տղաների տեղը Արցախում էր: Մտավախություն կար, որ Շուշիի ազատագրման հոբելյանի օրը ադրբեջանական զինուժը Ղարաբաղում կարող էր լայնածավալ հարձակում սկսել: Մուրոյի հետ Հադրութ են մեկնել Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, Գառնիկ Ալեքսանյանը, Սեյրան Աբովյանը, Սմբատ Մարտիրոսյանը, Հարություն Ղազինյանը: Վերջինս իր ավտոմեքենայով է տղաներին տարել Արցախ, այնտեղ գտնվելու ընթացքում սահմանի պաշտպանության գործի համար օգտագործել իր ջիպը; Նոյեմբերյանից եւս երկու երկրապահներ՝ Սասուն Մամյանը եւ Վրեժ Մաճկալյանն այդ օրերին Արցախի պաշտպանական դիրքերում են գտնվել «Տավուշ» ջոկատի կազմում:
Մուրոն պատմեց այն ջերմ, բարի, սրտառուչ հարաբերությունների մասին,որ տիրում էր իրենց եւ ժամկետային զինծայողների, 18 տարեկան տղաների միջեւ: 50-60 տարեկան նոյեմբերյանցի երկրապահները մշտապես պահել են ռազմական կարգապահությանը, խստորեն կատարել դիրքի ավագ երիտասարդ զինվորականի հրամանները: Դիրքերում Սամվել Բեգլարյանի ոտքերը ուռել են. զգացնել են տվել սրտի հետ կապված խնդիրները: Բժիշկը նրան հրահանգել է անհապաղ թողնել խրամատը, գնալ բուժվելու: Ս. Բեգլարյանն ասել է, որ առանց հրամանատարի թույլտվության չի կարող դիրքը թողնել եւ նայել է Մուրոյի դեմքին: Վերջինս զգալով, որ նա ցավ է ապրելու ընկերներին լքելու, կիսատ թողած ծառայության համար, թույլատրել է մնալ դիրքում:
Կարդացեք նաև
Ռաֆիկ Ասլանյանը պատմում է. «Մեր դիմացի ադրբեջանական հենակետում 2 տանկ, հետեւակի մարտական մեքենա կար, ադրբեջանցի զինյալների քանակը մի քանի անգամ գերազանցում էր մեզ: Սակայն նրանք գիշերները վախենալով ՝ անկանոն կրակ էին բացում: Նրանց կրակը դադարում էր, երբ պատասխան կրակ էինք արձակում»: Ռ. Ասլանյանը հավելում է, որ իրենցից 35 մետր հեռավորությամբ գտնվող ադրբեջանական դիրքերից թալիշերեն, թուրքերեն (ոչ՝ ադրբեջաներեն ) խոսակցություններ էին լսվում:
Հադրութի դիրքերում նոյեմբերյանցի ազատամարտիկները ուրախ, նաեւ տխուր օրեր են ունեցել: Շատ են վշտացել, իմանալով, որ հեռավոր Իրկուտսկում մահացել է Սամվել Բեգլարյանի եղբոր 35-ամյա որդին, Բեգլարյանը հնարավորություն չի ունեցել հարազատի հուղարկավորությանը մասնակցելու: Տղաները դիրքերում նշել են Գառնիկ Ալեքսանյանի ծննդյան օրը, զինվորները իրենց պատրաստած տորթ են նվիրել ազատամարտիկին, չափազանց հուզիչ է եղել: Իսկ Սմբատ Մարտիրոսյանի ծննդյան օրը համընկել է Հադրութից վերադարձին:
Ռաֆիկ Ասլանյանը շնորհակալություն է հայտնում այն բարեգործներին,ովքեր սննդով ապահովել են իրենց խմբին: Նա վկայում է՝ մեր զինվորներին բանակում լավ են կերակրում, իրենց տարած սնունդն ու հյութերն ավելի ճոխ են սարքել հացկերույթները: Սակայն Արցախում գտնվելու 16 օրվա ընթացքում երկրապահները ոչ մի անգամ ալկոհոլ չեն օգտագործել: Նոյեմբերյանցի երկրապահները հարկ եղած դեպքում պատրաստ են նորից Արցախ մեկնելու: Մայիսյան 16 օրը նրանց կյանքում կմնա թանկ հիշողություն լարված, հերոսական ժամանակի մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ